Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Դիպուկ կրակոց


Իտալիայում ապրում էի հարուստի նման, բայց հանգիստ, խաղաղ կյանքն իմ սրտովը չէր։
Ես նոր արկածների ու քաջագործությունների էի ձգտում։
Այդ պատճառով շատ ուրախացա, երբ լսեցի, որ Իտալիայից ոչ հեռու նոր պատերազմ է ծագել, անգլիացիք կռվում էին իսպանացիների հետ։
Րոպե իսկ չկորցնելով, թռա ձիուս վրա և պատերազմի դաշտը սլացա։
Որովհետև իսպանացիները պաշարել էին անգլիացիների Ջիբրալթար բերդը, ուստի ես գնացի պաշարվածների մոտ։
Բերդապետ գեներալն իմ լավ ծանոթն էր։
Նա գրկաբաց ընդունեց ինձ և ցույց տվեց իր կառուցած ամրությունները, որովհետև նա գիտեր, որ ես գործնական և օգտակար խորհուրդներ կարող եմ տալ։
Ջիբրալթարի պատի վրա կանգնած, ես հեռադիտակով տեսա, որ իսպանացիները թնդանոթի փողը ուղղում են դեպի այն տեղը, ուր երկուսով կանգնած ենք։
Ժամանակ չկորցնելով, ես հրամայեցի, որ այդտեղ մի մեծ թնդանոթ դնեն։
Ինչո՞ւ,― հարցրեց գեներալը։
Կտեսնես,― պատասխանեցի ես։
Հենց որ թնդանոթը բերին, փողն ուղղեցի դեպի թշնամու թնդանոթի փողը, և երբ իսպանական թնդանոթաձիգը պատրույգը մոտեցրեց իր թնդանոթին, բարձրաձայն հրաման տվի. «կրակ»։
Երկու թնդանոթներն էլ միևնույն ակնթարթում թնդացին։
Պատահեց այն, ինչ որ սպասում էի։
Իմ նշած կետում երկու ռումբերը՝ մերը և թշնամունը, սարսափելի ուժով իրար բախվեցին, և թշնամու ռումբը ետ թռավ։
Հասկանո՞ւմ եք. ռումբը ետ թռավ դեպի իսպանացիները։
Ետ թռավ և կտրեց իսպանական թնդանոթաձիգի և տասնվեց իսպանական զինվորների գլուխներ։
Հետո ջարդեց իսպանական նավահանգստում կանգնած երեք նավերի կայմերը և սլացավ ուղիղ Աֆրիկա։
Թռչելով էլի երկու հարյուր տասնչորս մղոն, ընկավ մի խեղճ գյուղացու տան վրա, որտեղ մի ինչ-որ պառավ էր ապրում։ Պառավը մեջքի վրա պառկած, բերանը բաց, քնած էր։ Մեր թնդանոթի ռումբը, տանիքը ծակելով, ընկավ ուղիղ քնած պառավի բերանը, կոտրեց նրա վերջին ատամները և մնաց կոկորդում՝ ոչ այս կողմ, ոչ այն կողմ։
Տուն վազեց պառավի ամուսինը՝ մի կրակոտ և հնարամիտ մարդ։
Նա ձեռքը մտցրեց պառավի կոկորդը և փորձեց հանել, բայց ռումբը տեղից չշարժվեց։
Այն ժամանակ, ոչ մի րոպե չկորցնելով, կնոջ քթին քթախոտ մոտեցրեց։ Պառավը փռշտաց և այնպես լավ փռշտաց, որ ռումբը պատուհանից փողոց թռավ։
Ահա թե ինչքան չարիք հասցրեց իսպանացիներին իրենց սեփական ռումբը, որ ես ետ էի ուղարկել։
Մեր ռումբն էլ նրանց զվարճություն չպատճառեց. կպավ ռազմական նավին ու խորտակեց, իսկ այդ նավում երկու հարյուր իսպանական զինվոր կար։
Այնպես որ, անգլիացիք այս պատերազմում հաղթություն տարան գլխավորապես իմ հնարամտության շնորհիվ։
Շնորհակալ եմ, սիրելի Մյունհաուզեն,– ասաց իմ բարեկամ գեներալը, ամուր սեղմելով ձեռքս։ Դու որ չլինեիր, մենք կորած էինք։ Մեր փայլուն հաղթությամբ միայն քեզ ենք պարտական։
Դատարկ բան է. ես միշտ պատրաստ եմ ծառայելու իմ բարեկամներին,– պատասխանեցի ես։
Իմ մատուցած ծառայության համար անգլիական գեներալն ուզում էր ինձ գնդապետ դարձնել, բայց ես, որպես շատ համեստ մարդ, մերժեցի նրա առաջարկած այնքան մեծ պատիվը։

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ

Բարոն Մյունհաուզենի հեքիաթը համառոտ կարդա Այստեղ
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Դիպուկ կրակոց Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Դիպուկ կրակոց Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 22, 2020 Rating: 5
Технологии Blogger.