Ալբեր Կամյու | Օտարը | համառոտ


Մերսոն Ալժիրում բնակվող ֆրանսիացի մանր ծառայող է: Լուր է ստանում մոր մահվան մասին: Երեք տարի դրանից առաջ՝ չկարողանալով պահել մորը՝ հանձնել է ծերանոց: Ստանալով երկշաբաթ ազատում աշխատանքից՝ մեկնում է մոր թաղմանը:
Ծերանոցի տնօրենի հետ կարճ զրույցից հետո պատրաստվում է գիշերն անցկացնել մոր դագաղի մոտ: Սակայն հրաժարվում է վերջին անգամ նայելու հանգուցյալի դեմքին: Զրուցում է պահակի հետ, խմում է սուրճ, ծխում է, հետո քնում: Արթնանալով տեսնում է, որ ծերանոցի մոր ընկերուհիները հավաքվել են իր շուրջը և հակված են մեղադրել նրան: Հաջորդ օրը Մերսոն թաղում է մորը և վերադառնում է Ալժիր:
Տասներկու ժամ քնելուց հետո գնում է ծովափ, որտեղ հանդիպում է իր նախկին գրասենյակի մեքենագրուհի Մարի Կարդոնային: Նույն երեկո վերջինս դառնում է նրա սիրուհին: Ողջ հաջորդ օրն անցկացնելով իր սենյակի պատուհանի մոտ Մերսոն որոշում է, որ իր կյանքում ըստ էության ոչինչ չի փոխվել:
Հաջորդ օրը վերադառնալով աշխատանքից տուն՝ հանդիպում է հարևաններին՝ ծերուկ Սալամանոյին իր շան հետ և Ռայմոն Սինտեսին, որը կավատի համբավ ուներ: Սինտեսն ուզում է վրեժ լուծել իր արաբ սիրուհուց, որը լքել է իրեն: Խնդրում է Մերսոյին իր անունից այնպիսի հմուտ նամակ գրել, որ աղջիկը այցելի իրեն: Իսկ նա կթքի աղջկա երեսին և վրեժը լուծված կլինի: Շուտով Մերսոն Սինտեսի և արաբ աղջկա բուռն վեճի ականատես է լինում, և երբ բանը հասնում է ոստիկանությանը, որպես վկա է հանդես գալիս՝ պաշտպանելով Ռայմոնին:
Մերսոյի տնօրենը նրան նոր պաշտոն է առաջարկում Փարիզում: Սակայն Մերսոն հրաժարվում է: Միևնույն է, կյանքը չես փոխի: Երեկոյան Մարին հարցնում է Մերսոյին. սիրո՞ւմ է արդյոք իրեն: Մերսոն պատասխանում է, որ՝ ոչ: Ամուսնությունը նրան նույնպես չի հետաքրքրում:
Կիրակին անցկացնում է Մարիի և Ռայմոնի հետ վերջինիս ընկերոջ Մասսոնի մոտ: Մոտենալով ավտոբուսի կանգառին Մերսոն և Ռայմոնը նկատում են երկու արաբների, որոնցից մեկը Ռայմոնի արաբ ընկերուհու եղբայրն է:
Ծովում լողալուց և առատ նախաճաշից հետո Մասսոնն առաջարկում է ընկերներին զբոսնել ծովափին: Ծովափի եզրին նկատում են երկու արաբներին: Նրանց թվում է, որ արաբները հետևել են իրենց: Կռվում են և արաբներից մեկը դանակով վիրավորում է Ռայմոնին: Փախչում են:
Որոշ ժամանակ անց նորից վերադառնում են նույն տեղը և բարձր լեռան ետևում տեսնում են արաբներին: Ռայմոնը Մերսոյին է տալիս իր ատրճանակը, սակայն կռվի համար պատճառներ չկան: Ընկերները մենակ են թողնում Մերսոյին: Նրան ճնշում է տապը, որից նա ասես հարբում է: Նորից նկատում է Ռայմոնին վիրավորած արաբին: Չդիմանալով տապին՝ Մերսոն քայլ է անում արաբի ուղղությամբ, հանում է ատրճանակը և կրակում՝ ասես թակելով դժբախտության դուռը:
Մերսոն բանտում է. նրան հարցաքննում են: Նրան թվում է, որ իր գործը պարզ է: Սակայն քննիչն այլ կարծիք ունի: Նա չի կարողանում հասկանալ արաբի սպանության շարժառիթները: Խոսում է Աստծո մասին, սակայն Մերսոն անհավատ է: Միայն ափսոսում է կատարածի համար:
Դատավարությունը տևում է տասնմեկ ամիս: Մերսոն հասկանում է, որ բանտախուցը հիմա իր տունն է և իր կյանքը կանգ է առել: Սկզբում դեռ մտովի իրեն պատկերացնում է ազատության մեջ: Սակայն Մարիի հետ տեսակցությունից հետո՝ տրամադրությունը փոխվում է: Տառապում է ձանձրույթից: Աստիճանաբար կորցնում է ժամանակի զգացումը:
Դատի ժամանակ իրեն զգում է ինչպես անկոչ հյուր, ինչպես օտար մեկը: Դատավորը կարդում է դատավճիռը. Մերսոն չի լացել իր մոր թաղման ժամանակ, կապի մեջ է մտել աշխատակցուհու հետ, ընկերացել է կավատ Ռայմոնի հետ և սպանել է արաբի առանց որևէ պատճառի: Մերսոն զուրկ է բարոյականության սկզբունքներից: Պահանջում է մահապատիժ:
Դատապաշտպանը ներկայացնում է Մերսոյին որպես ազնիվ աշխատողի, որը հոգ էր տանում իր մոր մասին, քանի դեռ ի վիճակի էր: Սպանությունը չմտածված պահի քայլ է:
Հայտարարում են դատավճիռը. հրապարակային գլխատում: Մերսոն որոշում է, որ կյանքից չարժե կառչել և մահը ուշ թե շուտ, միևնույն է, վրա է հասնում: Կարևոր չէ, ինչպես դա կպատահի:
Մահապատժից առաջ նրան այցելում է քահանան: Սակայն Աստծո և ապաշխարհանքի մասին զրույցները ափերից հանում են նրան: Նա վռնդում է քահանային: Մահվան շեմին նա զգում է, թե ինչպես է մութ անդնդից իրեն ընտրել միակ ճակատագիրը: Նա պատրաստ է ամեն բան վերապրել նորից և որ հրապարակում հավաքված ամբոխը իր մահապատժի առիթով բարձր ծիծաղի:        

Ալբեր Կամյու | Օտարը | համառոտ Ալբեր Կամյու | Օտարը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 3:59:00 Rating: 5
Технологии Blogger.