.jpg)
Նեապոլի թագավորի պալատը: Գիշեր է: Դոն Խուանը դուրս է գալիս
դքսուհի Իզաբելայի տանից, որը նրան դրել է իր սիրեցյալի՝ Օկտավիոյի տեղը: Իզաբելան
ցանկացել է վառել մոմը, սակայն Դոն Խուանը թույլ չի տվել: Իզաբելան հասկանում է, որ
իր հետ եղել է ուրիշը և օգնություն է կանչում: Գալիս է Նեապոլի թագավորը և հրամայում
է բռնել Իզաբելային և Դոն Խուանին: Պատվիրում է իսպանական դեսպանին՝ Պեդրո Տենարյոյին,
պարզել եղելությունը: Դեսպանը հրամայում է հեռացնել Իզաբելային և մնում է Դոն Խուանի
հետ միայնակ: Դոն Խուանը պատմում է, որ խաբեությամբ թափանցել է Իզաբելայի տուն և տիրել
է նրան: Դոն Պեդրոն Դոն Խուանի ազգականն է: Ուղարկում է Դոն Խուանին Միլան, իսկ թագավորին
հայտնում է, որ Իզաբելայի սենյակ թափանցած տղամարդը թռել է պատշգամբից և փախել, իսկ
կինը՝ դոնա Իզաբելան, պատմում է, որ գիշերը նրա մոտ է եկել դուքս Օկտավիոն և տիրել
է նրան: Թագավորը հրամայում է բանտ նետել Իզաբելային, իսկ Օկտավիոյին ամուսնացնել
նրա հետ: Դոն Պեդրոն և ոստիկանները գալիս են դոն Օկտավիոյի տուն: Թագավորի անունից
Դոն Պեդրոն մեղադրում է Օկտավիոյին, որ սա պատվազուրկ է արել Իզաբելային: Օկտավիոն,
իմանալով Իզաբելայի անհավատարմության մասին, որոշում է փախչել Իսպանիա:
Երիտասարդ ձկնորսուհի Տիսբեան նստած է ծովի ափին և ձուկ է
որսում: Նրա բոլոր ընկերուհիները սիրահարված են, իսկ նա ոչ և ուրախ է դրա համար: Լսվում
են օգնություն կանչող ձայներ և շուտով ափ են դուրս գալիս երկու տղամարդ՝ Դոն Խուանը
և նրա ծառան՝ Կատալինոնը: Դոն Խուանը փրկել է խեղդվող ծառային, իսկ հիմա ինքն է կորցրել
գիտակցությունը: Տիսբեան ուղարկում է Կատալինոնին ձկնորսների ետևից, իսկ ինքը Դոն Խուանի
գլուխը դնում է իր ծնկներին: Ուշքի գալով և տեսնելով աղջկա գեղեցկությունը՝ նրան սեր
է բացատրվում: Ձկնորսները տանում են Դոն Խուանին Տիսբեայի տուն: Դոն Խուանը հրամայում
է Կատալինոնին ձիեր գտնել, որպեսզի առավոտյան փախչեն: Երբ ծառան ասում է, որ աղջկան
այդպես հանկարծակի լքելը գեղեցիկ չէ, Դոն Ժուանն ասում է, որ Էնեասը նույնպես լքել
է Դիդոնեին: Խոստանում է Տիսբեային, որ կամուսնանա նրա հետ և գիշերն աղջկա հետ անցկացնելուց
հետո առավոտյան լքում է նրան: Տիսբեան ողբում է իր կործանված պատիվը:
Կաստիլիայի թագավոր Ալֆոնսոն զրուցում է դոն Գոնսալո դե Ուլոայի
հետ, որը վերադարձել է Լիսաբոնից: Գոնսալոն կոչում է Լիսաբոնը աշխարհի ութերորդ հրաշալիք:
Թագավորը, որպեսզի պարգևատրի Գոնսալոյին, խոստանում է, որ արժանի փեսացու կգտնի նրա
գեղեցիկ դստեր համար: Նա մտադիր է ամուսնացնել նրան Դոն Խուանի հետ:
Դոն Խուանի հայրը՝ դոն Դիեգոն, նամակ է ստանում իր եղբորից
Պեդրոյից, որում հաղորդվում է Նեապոլի պատահարի մասին: Կաստիլիայի թագավորն իմանալով
այդ պատմությունը հետքրքրվում է, թե որտեղ է հիմա Դոն Խուանը: Իմանում է, որ այդ գիշեր
Դոն Խուանը ժամանել է Սևիլիա: Որոշում է ամուսնացնել Դոն Խուանին Իզաբելայի հետ և ազատել
դոն Օկտավիոյին մեղադրանքից:
Գալիս է ծառան և զեկուցում է, որ եկել է դոն Օկտավիոն: Թագավորը
և դոն Դիեգոն կարծում են, որ Օկտավիոն ամեն բան գիտի և եկել է Դոն Խուանին մենամարտի
կանչելու: Դոն Դիեգոն խնդրում է թագավորին կանխել արյունահեղությունը: Թագավորը սիրալիր
է ընդունում Օկտավիոյին, խոստանում է, որ նամակով կխնդրի Նեապոլի թագավորին հանել ներկայացված
մեղադրանքը և առաջարկում է ամուսնանալ Գոնսալո դե Ուլաոյի դստեր հետ: Դոն Օկտավիոն
հյուր է լինում Դոն Դիեգոյի տանը, որտեղ բախվում է Դոն Խուանի հետ՝ չիմանալով, որ սա
է իր դեմ հանված մեղադրանքների պատճառը: Դոն Խուանի ընկեր մարկիզ դե լա Մոտան կշտամբում
է ընկերոջը, որ սա գրեթե մոռացել է իրեն: Հիշում են, թե ինչպես էին քարշ գալիս աղջիկների
ետևից: Զրույցի մեջ մարկիզը պատմում է իր սրտի գաղտնիքը և ասում է, որ սիրահարված է
դոնա Աննային՝ իր զարմուհուն: Սակայն թագավորն ուզում է ամուսնացնել աղջկան ուրիշի
հետ: Մոտան նամակ է գրել դոնա Աննային և հիմա սպասում է պատասխանի: Բայց նա պիտի հեռանա
գործերով և նրա փոխարեն նամակին է սպասում Դոն Խուանը: Երբ մարկիզը հեռանում է, դոնա
Աննայի ծառան բերում է նամակը: Նամակում գրված է, որ դոնա Աննան մահից ավելի վախենում
է ամուսնությունից չսիրած մարդու հետ: Դոն Խուանը հաղորդում է դե լա Մոտային, որ նրա
ընտրյալը կեսգիշերին կսպասի նրան իր սենյակում և խնդրում է, որ հանդիպման գա գունավոր
թիկնոցով:
Դոն Դիեգոն կշտամբում է որդուն այն բանի համար, որ սա խայտառակում
է իրենց տոհմը և հաղորդում է Սևիլիան լքելու հրամանը:
Դոն Խուանը գիշերը հանդիպում է Մոտայի հետ: Մոտան գնում է
դոնա Աննայի հետ ժամադրության և երջանիկ է: Ուզում է, որ ընկերն էլ լավ անցկացնի ժամանակը
և ուղարկում է ծանոթ մի գեղեցկուհու՝ Բեատրիսի մոտ: Իսկ որպեսզի Բեատրիսը ընդունի նրան,
տալիս է իր գունավոր թիկնոցը: Դոն Խուանը գնում է, բայց ոչ թե Բեատրիսի, այլ դոնա Աննայի
մոտ: Սակայն նրան չի հաջողվում իրագործել ծրագրածը, քանի որ աղջիկը ճանաչում է նրան
և վռնդում: Լսելով դստեր բարձր բղավոցը՝ դուրս է գալիս դոն Գոնսալոն՝ սուսերը ձեռքին:
Որպեսզի կարողանա փախչել, Դոն Խուանը սրախողխող է անում դոն Գոնսալոյին:
Փողոցում դոն Խուանը բախվում է մարկիզ Մոտային, որին վերադարձնում
է գունավոր թիկնոցը, քանի որ սա արդեն ուշանում է դոնա Աննայի մոտ: Ճանապարհին նա բղավոցներ
է լսում: Ուզում է մոտենալ և տեսնել, թե ինչ է պատահել: Սակայն նրան ձերբակալում են:
Դոն Դիեգոն բերում է Մոտային Կաստիլիայի թագավորի մոտ: Սա հրամայում է հաջորդ օրը դատել
և մահապատժի ենթարկել սրիկային: Կոմանդոր Գոնսալոյին բոլոր պատիվներով թաղում են:
Դոն Խուանը և Կատալինոնը մասնակցում են գյուղական հարսանիքի:
Դոն Խուանը նստում է հարսնացուի՝ Ամինտայի կողքին: Փեսացուին՝ Պատրիսյոյին Դոն Խուանն
ասում է, որ Ամինտան իր վաղեմի սիրուհին է և հիմա աղջիկը ցանկություն է հայտնել ամուսնանալուց
առաջ վերջին անգամ տեսնել իրեն: Պատրիսյոն հրաժարվում է Ամինտայից: Դոն Խուանը խնդրում
է աղջկա ձեռքը հորից և վերջինս համաձայնում է: Դոն Խուանը առանձնանում է Ամինտայի հետ,
սակայն աղջիկն ուզում է վռնդել նրան: Խոսքերն այն մասին, որ Պատրիսյոն հրաժարվել է
իրենից և որ հիմա ինքն է իր իսկական տերը, շուտով համոզում են նրան և Ամինտան տրվում
է Դոն Խուանին:
Իզաբելան Սևիլյայի ճանապարհին Տարագոնայում հանդիպում է Տիսբեային,
որը պատմում է իր հետ պատահածը և այն, թե ինչպես է իրեն խաբել ու պատվազուրկ արել Դոն
Խուանը: Իզաբելան իր հետ է վերցնում Տիսբեային և որոշում է ամեն բան պատմել Կաստիլիայի
թագավորին: Դոն Խուանը զրուցում է Կատալինոնի հետ: Ծառան պատմում է, որ Օկտավիոն գիտի
իր դժբախտությունների պատճառը, իսկ մարկիզ դե լա Մոտային արդարացրել են: Հասնում են
Կոմանդորի դամբարանին, որտեղ գրված է, որ Աստծո աջը կլուծի վրեժը և կպատժի մարդասպանին:
Դոն Խուանը քաշում է Կոմանդորի արձանի մորուքը և հրավիրում իր մոտ ընթրիքի:
Երեկոյան Դոն Խուանի քարե հյուրը գալիս է: Նա խնդրում է դուրս
հանել ծառաներին և երբ մենակ է մնում տանտիրոջ հետ, հրավիրում է վերջինիս պատասխան
այցով գալ իր մոտ ընթրիքի: Փորձելով հաղթահարել սարսափը՝ Դոն Խուանը համաձայնում է:
Իզաբելան գալիս է Սևիլիա: Դոն Դիեգոն խնդրում է թագավորին
ներել Դոն Խուանին, եթե ուզում էր ամուսնացնել նրան Իզաբելայի հետ: Թագավորը խոստանում
է դա, և անգամ խոստանում է կոմսի տիտղոս տալ: Թագուհին խնդրում է թագավորին դե լա Մոտայի
համար և նրան ազատ են արձակում, որպեսզի ամուսնացնեն դոնա Աննայի հետ: Օկտավիոն ուզում
է մենամարտի կանչել Դոն Խուանին, սակայն թագավորն արգելում է նրան:
Դոն Խուանին են փնտրում Ամինտան և իր հայրը: Հանդիպում են
Օկտավիոյին, որը խոստանում է աղջկան դղյակ անցկացնել:
Երեկոյան պիտի կայանա Դոն Խուանի և Իզաբելայի հարսանիքը,
սակայն Դոն Խուանը որոշում է նախ այցելել Կոմանդորին: Կոմանդորը մտադիր է հյուրասիրել
Դոն Խուանին: Ասում է, որ գետնին դրված սալիկների տակ սեղան կա: Բարձրացնում են սալիկը:
Երկու ուրվական հյուրասիրում են նրանց: Սեղանին մատուցված են կարիճներ, դոդոշներ և
օձեր: Ընթրիքից հետո Կոմանդորը Դոն Խուանին է մեկնում ձեռքը: Ասում է, որ սրիկայի պատժի
ժամը հասել է: Դոն Խուանն ասում է, որ պատվազուրկ չի արել դոնա Աննային, որ խոստովանահոր
կարիք ունի… Կոմանդորը քարշ է տալիս նրան գետնի տակ:
Պատրիսյոն, Ամինտան, Մոտան և Տիսբեան խնդրում են թագավորին
պատժել Դոն Խուանին: Պատմում են իրենց հետ պատահածը: Դոն Դիեգոն նույնպես խնդրում է
պատժել իր որդուն: Գալիս է Կատալինոնը և պատմում է Դոն Խուանի մահվան մասին: Թագավորը
հրամայում է երեք հարսանիք անել և ամուսնացնել Օկտավիոյին Իզաբելայի հետ, Մոտային Աննայի
հետ, իսկ Պատրիսյոյին Ամինտայի հետ:
Տես նաև Լոպե դե Վեգա Պարտիզպանի շունը, Կալդերոն Կյանքը երազ է և Լորկա Արյունոտ հարսանիք
Տիրսո դի Մոլինա | Սևիլիայի չարաճճին կամ քարե հյուրը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
февраля 19, 2015
Rating:
.jpg)