Շեքսպիր | Մակբեթ | համառոտ



Գործողությունները տեղի են ունենում տասնմեկերորդ դարում, Անգլիայում և Շոտլանդիայում:
Երեք վհուկներ պայմանավորվում են հավաքվել, երբ պատերազմն ավարտվի կողմերից մեկի հաղթանակով:
Ֆորեսի մոտ Շոտլանդիայի թագավոր Դունկանը լուր է ստանում, որ քաջ Մակբեթը ջախջախել է Մակդոնալդի զորքին և իռլանդացիներին: Իսկ Մակդոնալդին անձամբ է սպանել մենամարտում: Ռոսը հաղորդում է, որ հաղթանակից հետո շոտլանդական բանակն իսկույն ենթարկվեց նոր հարձակման: Այս անգամ նորվեգացիների կողմից: Մակբեթը նրանց էլ է պարտության մատնում: Հաղթում է նաև նորվեգացիներին միացած Կավդորի թանին: Կավդորի թանի տիտղոսը Դունկանը հանձնում է Մակբեթին:
Ցախուտում երեք վհուկներ պարծենում են իրենց գործած չարիքներով: Հայտնվում են Մակբեթն ու Բանկոն: Վհուկները հենց նրանց էին սպասում: Ողջունում են Մակբեթին որպես Գդամիսի թանի, այնուհետև որպես Կավդորի թանի և վերջապես որպես ապագա թագավորի: Բանկոն խնդրում է գուշակել նաև իր ճակատագիրը:
Վհուկները երեք անգամ փառաբանում են Բանկոյին և ասում են, որ նա թագավոր չէ, այլ թագավորների նախնի և հեռանում են: Բանկոն վհուկների գուշակությունը համարում է սոսկ հողի պղպջակներ: Գալիս են Ռոսը և Անգուսը, որոնք հաղորդում են, որ թագավորը սպասում է հերոսներին և շնորհավորում են Մակբեթի նոր՝ Կավդորի թանի  տիտղոսը: Գուշակությունները սկսում են իրականանալ:
Ֆորեսում Դունկանը ողջունում է իր զորավարներին: Ավագ որդուն՝ Մալկոլմին շնորհում է Քեմբերլենդի արքայազնի տիտղոս և հայտարարում է իր գահաժառանգ: Մակբեթին իր առանձնահատուկ վերաբերմունքը ցույց տալու համար գիշերը մնում է նրա ամրոցում: Մակբեթը ցասման մեջ է: Իր և գահի միջև Մալկոլմն է: Պատրաստ է դիմել հանցագործության:
Մակբեթի ամրոցում նրա կինը կարդում է ամուսնու նամակը: Ցնծում է ամուսնուն արված գուշակության առիթով: Մակբեթն արժանի է ամեն պատվի, փառասեր է և քաջ, սակայն չի ցանկանում դիմել հանցագործության: Նա վախենում է ոչ թե չարիքից, այլ սեփական ձեռքով այն կատարելուց: Կինը կօգնի նրան և կներշնչի անհրաժեշտ վճռականությունը: Դունկանին հարկավոր է սպանել հենց այդ միակ գիշերը, երբ նա կօթևանի իրենց ամրոցում: Երբ թագավորը գալիս է, լեդի Մակբեթն արդեն ունի նրա սպանության նախագիծը:
Մակբեթը ամաչում է սպանել իրեն շնորհներ արած թագավորին իր տան կտուրի տակ: Կինը մեղադրում է նրան վախկոտության մեջ: Թագավորը հոգնել է և խորն է քնած. ծառաներին նա ինքը կքնեցնի՝ թուրմ տալով, իսկ թագավորին Մակբեթը թող սպանի ծառաների զենքով:
Խնջույքն ավարտված է: Թագավորը հեռանում է իր առանձնասենյակը: Մակբեթը գնում է նրա ետևից և դաշնահարում: Լեդի Մակբեթը վերացնում է հետքերը: Ինքը թանը ցնցված է: Կինը ծիծաղում է ամուսնու զգացմունքայնության վրա: Ամրոցի դարբասը թակում են: Մակդուֆն է՝ Շոտլանդիայի ամենազորեղ ազնվականներից մեկը: Մակբեթն արդեն փոխել է հագուստը և հոգատար տանտիրոջը վայել ընդունում է Մակդուֆին: Գնում են թագավորի մոտ և տեսնում են նրան սպանված, իսկ կողքին ընկած են քնած ծառաները՝ նրա արյամբ շաղախված: Իբրև թե արդար ցասման մեջ Մակբեթը սպանում է նրանց: Ոչ ոք չի կասկածում ծառաների մեղավորության վրա բացի թագավորի որդիներից՝ Մալկոլմից և Դոնալբայնից: Նրանք որոշում են փախչել, մեկը՝ Անգլիա, մյուսը՝ Իռլանդիա: Փախուստը նույնիսկ Մակդուֆին համոզում է նրանց մեղսակցության մեջ: Նոր թագավոր են ընտրում Մակբեթին:
Արքայանիստ Ֆորեսում Մակբեթը և լեդի Մակբեթը սիրաշահում են Բանկոյին: Ափսոս, որ նա պիտի գործով մեկնի արքունիքից: Մակբեթը իմանում է, որ Բանկոյի հետ մեկնելու է նաև նրա որդի Ֆլինսը: Բանկոն գնում է: Մակբեթը գիտակցում է, որ նրա համար առաջին վտանգը Բանկոն է: Բացի այդ նրան անհանգստացնում է վհուկների գուշակությունը: Մի՞թե նա դիմել է գարշելի սպանությանը, որպեսզի գահին հետագայում տիրանան Բանկոյի ժառանգները: Մարդասպաններ է ուղարկում Բանկոյի հետևից: Սրանք սպանում են Բանկոյին, սակայն նրա որդին փախչում է, որպեսզի հետո վրեժ լուծի հոր համար:
Խնջույք անող Մակբեթը ստանալով փրկված որդու մասին լուրը զայրանում է: Տեսիլք է ունենում, իբրև թե արնաշաղախ Բանկոն նստած է սեղանի գլուխ:
Առավոտյան գնում է երեք վհուկների մոտ:
Ցախուտում Հեկատեն պահանջում է վհուկներից Մակբեթի կործանումը:
Ֆորես: Լենոքսը խոսում է մեկ ուրիշ լորդի հետ Դունկանի և Բանկոյի մահվան մասին, Մակդուֆի մասին, որը նույնպես փախել է Անգլիա: Մակբեթին կոչում են բռնակալ:
Մակբեթը վհուկների խորշում է: Կանչել է տալիս բարձրագույն ոգիներին: Առաջին ոգին զգուշացնում է Մակդուֆից: Երկրորդը հավատացնում է, որ կնոջից ծնված և ոչ մի մարդ չի կարող հաղթել Մակբեթին: Երրորդն ասում է, որ Մակբեթը անպարտ կմնա, քանի դեռ Բիրնամի անտառը չի շարժվել Դունսինանի դղյակի վրա: Մակբեթը ցնծում է: Բայց նաև հարցնում է. Բանկոյի հետնորդները թագավորելո՞ւ են: Հնչում է երաժշտություն: Մակբեթի առջև անցնում են ութ թագավորներ Բանկոյի ցեղից, իսկ նրանց ետևից գնում է ինքը Բանկոն և մատով ցույց է տալիս իր ծոռներին: Վհուկներն անհետանում են:
Գալիս է Լենոքսը և հայտնում է, որ Մակդուֆը փախել է Անգլիա: Մակբեթը որոշում է սպանել Մակդուֆին և նրա ընտանիքին: Լեդի Մակդուֆն իր ամրոցում իմանում է ամուսնու փախուստի մասին: Եկած սուրհանդակն ասում է, որ լեդի Մակդուֆն պիտի փախչի իր զավակների հետ: Սակայն մարդասպաններն արդեն մոտ են: Նրանք սպանում են փոքր տղային և նետվում են փախչող լեդի Մակդուֆի ետևից:
Այդ ժամանակ Անգլիայում Մակդուֆը փորձում է համոզել Մալկոլմին, որպեսզի սա ոտքի ելնի բռնակալ Մակբեթի դեմ և փրկի Շոտլանդիան: Սակայն Մալկոլմը չի համաձայնում: Մակդուֆը սկսում է ողբալ Շոտլանդիայի ճակատագիրը: Այդ ժամանակ Մալկոլմը խոստովանում է, որ փորձում էր Մակդուֆին և պատրաստ է անգլիական օգնական զորքով, որը գլխավորում է իր ազգական Սիվարդը, գնալ Մակբեթի դեմ: Ներս է մտնում Ռոսը՝ լեդի Մակբեթի եղբայրը: Նա բերել է սարսափելի լուր: Շոտլանդացիները պատրաստ են ապստամբել Մակբեթի դեմ: Մակդուֆն իմանում է իր ընտանիքի մահվան լուրը:
Գիշերով Դուլսինանի ամրոցում մի տիկին զրուցում է բժշկի հետ: Նրան անհանգստացնում է թագուհու ծանր հիվանդությունը: Հայտնվում է մոմը ձեռքին լեդի Մակբեթը: Տրորում է ձեռքերը, ասես ցանկալով լվանալ դրանց վրայից արյունը: Բժիշկներն ասում են, որ թագուհուն անհրաժեշտ է քահանա:
Անգլիական զորքն արդեն Դուլսինանի մոտ է: Մակբեթը լսելով այդ լուրը չի վախենում. չէ՞ որ եկածներին ծնել են կանայք և բացի այդ եկած զորքը ամեն դեպքում Բիրնամի անտառը չէ: Իսկ այդ ժամանակ Բիրնամի անտառում Մալկոլմը հրամայում է իր զորքի զինվորներին ծածկվել ծառի կտրած ճյուղերով:
Լուրը կնոջ մահվան մասին չի վհատեցնում Մակբեթին: Նա միայն ասում է, որ դա անժամանակ է: Սակայն սուրհանդակը հաղորդում է, որ Բիրնամի անտառը շարժվում է իրենց վրա: Մակբեթը ցասման մեջ է: Ամեն դեպքում նա որոշում է, որ եթե իրեն վիճակված է մեռնել, ապա կմեռնի կռվի մեջ, որպես զինվոր: Նրա հետ մարտի բռնված Սիվարդը սպանվում է: Մակբեթի դեմ դուրս է գալիս Մակդուֆը: Այստեղ Մակբեթն իմանում է, որ Մակդուֆին կին չի ծնել, քանի որ սա ժամանակից շուտ դուրս էր բերվել մոր արգանդից:
Մալկոլմի զորքը հաղթանակում է: Գալիս է Մակդուֆը՝ Մակբեթի գլուխը ձեռքին: Բոլորը ողջունում են Մալկոլմին որպես թագավորի: Իր աջակիցներին շնորհ անելու համար Մալկոլմը հաստատում է նոր տիտղոս՝ կոմսի: Ժամանակն է գնալ Սկոն և ըստ ավանդույթի թագադրվել:

Շեքսպիր | Մակբեթ | համառոտ Շեքսպիր | Մակբեթ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 6:13:00 Rating: 5
Технологии Blogger.