Բայրոն | Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը | համառոտ


Կանխարկելով ռոմանտիկական և հետռոմանտիկական կողմնորոշման մի շարք գրողների՝ Բայրոնը այս պոեմում հանձին իր հերոսի՝ Չայլդ Հարոլդի հաստատել է դարի հիվանդությունը: Սրտի վաղ այլասերումը և բարոյական արժեքների քամահրումը հանգեցնում է հոգևոր պարապության: Բոլոր վայելքները, որ մի ժամանակ, թվում է, թե լցնում են հոգին, կորցրել են իրենց ձգողությունը: Եվ, սակայն, հենց այդպիսի անկատար հերոսն է կենտրոնացնում իր մեջ ժամանակի ախտերի դեմ ընդվզող հեղինակի խոհերն ու կռահումները: Պոեմի եզրափակիչ երգում հեղինակի և հերոսի ձայները միաձուլվում են՝ նվաճելով գիտակցություն, որն էլ ըստ էության պոեմի իսկական հերոսն է՝ ժամանակի նյարդի նկատմամբ գերզգայուն նրա կենտրոնը: Պոեմն ըստ էության անսյուժե է: Առանցքը երիտասարդ անգլիացու մտորումներն են՝  մարդու, ով արդեն տասնութ տարեկանում հագեցել է բարձրաշխարհիկ կյանքի հաճույքներից, հիասթափվել է  հայրենակիցների ինտելեկտուալ նկրտումների ամլությունից և դիմել է անգլիացու համար սովորական՝ ճամփորդության դեղամիջոցին: Առաջին երգում նա լինում է Պորտուգալիայում և Իսպանիայում. երկրորդում՝ Հունաստանում, Ալբանիայում և Օսմանյան կայսրության մայրաքաղաք Ստամբուլում: Երրորդ երգում Անգլիա կարճատև վերադարձից հետո այցելում է Բելգիա, Գերմանիա և երկար ժամանակ մնում է Շվեյցարիայում: Չորրորդ երգում Չայլդ Հարոլդը ճամփորդում է անցյալի վսեմության հետքերը պահպանած Իտալիայում:
Ըստ էության Հարոլդի մտորումները, տեսածի նրա նկարագրությունը տալիս են արևմտյան ոգու «ներկայության» համատեսությունը: Եվրոպան ծածկված է մեծ ու փոքր պատերազմների ցանցով: Այս ու այնտեղ շաչում են զենքերը, ռումբերի պայթյունները, հողը ծածկված է դիակներով: Նապոլեոնյան Ֆրանսիայի և Անգլիայի քաղաքական շահերին զոհ են գնում փոքր Պորտուգալիան և Իսպանիան: Այսպես է նկարագրում իսպանուհուն. «Դրա համար չէ՞, որ Իսպանուհին / Հավետ մոռացած տարփանք ու կիթառ, / Դարձել է ընկեր սուրսայր դաշույնին, / Երգում է կռվի հիմնը խանդավառ»:
Նույն երանգներով խոսում է նաև Թերմոպիլեի ու Սալամիսի հպարտ Հունաստանի մասին, որը կքել է օսմանյան լծի տակ:
Վատերլոոյում նա հիշում է Նապոլեոնին, որն ինչպես արծիվը սուրաց երկինք և խոցված վայր ընկավ: Բռնությունը չի կարող ազատություն բերել: Ֆրանսիացի փիլիսոփաները արթնացրին ժողովրդի մեջ ազատության տենչը և մղեցին ըմբոստության: Բայց մի՞շտ են նեմեսիսի ուղիները ճշմարիտ, և մի՞թե հեղափոխությունը չի կրում իր մեջ սեփական պարտության սաղմը: Ինչպես և «Կայեն» միստերիայում այստեղ էլ Բայրոնը հավատում է միայն ոգուն: Անմահության և հարատևության փաստարկը ստեղծագործ ոգին է մարդու մեջ: Ահա ինչու Հարոլդի ուխտագնացության ապոթեոզը Իտալիայում է: Եվրոպական մշակույթի օրրանում, որտեղ երգել են Պետրարկան և Տասսոն: «Սրբազան միության» օրոք իտալացիներին բաժին ընկած ստորացումները դառնում են մեծ հոգեկան ցավի պատճառ, բայց նաև մղում են նրանց կոնկրետ գործողությունների:
Պոեմը մարդու մեջ հոգևորի հանդեպ հավատի մասին է, որն իր՝ Բայրոնի կյանքի փիլիսոփայությունն է:


Բայրոն | Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը | համառոտ Բայրոն | Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 2:05:00 Rating: 5
Технологии Blogger.