.jpg)
Կանզաս-Սիթի: Ամառային երեկո: Երկու մեծահասակներ և չորս
երեխաներ երգում են և կրոնական բրոշյուրներ են բաժանում մարդկանց: Ավագ որդուն
ակնհայտորեն դուր չի գալիս իրենց զբաղմունքը, սակայն ծնողները կրքոտ նվիրումով են վերաբերում
իրենց գործին, որը տալիս է նրանց միայն բարոյական բավարարում: Էյսա Գրիֆիթսը՝ ընտանիքի գլուխը, ոչ պրակտիկ մարդ է, և նրանք հազիվ են ծայրը ծայրին հասցնում:
Պատանի Քլայդ Գրիֆիթսը փորձում է դուրս պրծնել այս փոքրիկ
քաղաքից: Նախ աշխատում է դեղատանը որպես վաճառողի օգնական, ապա որպես փոստատար հյուրանոցում:
Աշխատակիցները ընդունում են նրան իրենց ընկերական շրջանակը, և նա սուզվում է նոր կյանքի
մեջ: Ծանոթանում է գեղեցիկ երիտասարդ վաճառողուհի Հորտենզիա Բրիգսի հետ, որը չափազանց
հաշվենկատ է: Ուզում է, օրինակ՝ ունենալ նոր ժակետ, որն արժե հարյուր տասնհինգ դոլլար,
և Քլայդը չի կարողանում մերժել նրան:
Շուտով Քլայդը ընկերների խմբով ուրախ զբոսանքի է դուրս գալիս
հրաշալի պակկարդով: Կանզաս-Սիթի վերադառնալիս եղանակը փչանում է և ձյուն է գալիս: Մեքենան
գաղտնի իր հոր հարուստ տնօրենի ավտոտնակից էր վերցրել երիտասարդներից մեկը՝ Սպարսերը:
Ընկերները խնդրում են Սպարսերին արագացնել ընթացքը, քանի որ ոմանք ուշանում են աշխատանքի:
Սա, չկարողանալով կառավարել ղեկը, հարվածում է մի փոքրիկ աղջկա և փորձելով փախչել՝
շուռ է տալիս մեքենան: Վարորդը և աղջիկներից մեկը մնում են մեքենայի մեջ անգիտակից,
մյուսները փախչում են:
Հաջորդ օրը թերթերը հայտնում են վթարի մասին: Աղջիկը մահացել
է, իսկ կալանավորված Սպարսերը տվել է իր ընկերների անունները: Խուսափելու համար ձերբակալումից
Քլայդը և մի քանի ուրիշներ լքում են Կանզաս-Սիթին: Երեք տարի Քլայդը ուրիշի անվան տակ
թաքնվում է բոլորից փոքրիկ քաղաքում և անում է սև աշխատանք, որի համար ստանում է գրոշներ:
Մի օր Չիկագոյում հանդիպում է իր ծանոթներից մեկին՝ Ռետերերին, որը ևս եղել է պակկարդում:
Սա տեղավորում է Քլայդին Յունիոն ակումբում որպես փոստատար: Նա գոհ է իր նոր կյանքից:
Սակայն մի օր ակումբում է հայտնվում նրա հորեղբայրը՝ Սեմյուել Գրիֆիթսը, որը ֆաբրիկա
ունի Նյու-Յորք նահանգի Լիկուրգ քաղաքում: Նրան աշխատանք է խոստանում իր ֆաբրիկայում:
Սեմյուել Գրիֆիթսի որդին՝ Հերբերտը, սառն է ընդունում նոր
ազգականին և տեսնելով, որ սա չունի մասնագիտություն, տալիս է ծանր ու անհեռանկար աշխատանք:
Քլայդը սկսում է ամեն բան զրոյից:
Մի ամիս անց ավագ Գրիֆիթսը հետաքրքրվում է Հերբերտից, թե
ինչպես է աշխատում Քլայդը: Հերբերտի գնահատականները զուսպ են: Նպատակասլաց չէ, չունի
կրթություն, փափուկ է: Սակայն Քլայդը հրավեր է ստանում ընտանեկան ճաշի: Այստեղ ծանոթանում
է երիտասարդ գեղեցկուհիներ Բերտինա Քրենսթոնի և Սոնդրա Ֆինչլիի հետ: Հոր կարգադրությամբ
Հերբերտն ավելի բարձր ու հեշտ աշխատանք է գտնում Քլայդի համար: Նա զբաղվում է գրագրությամբ:
Հերբերտը զգուշացնում է, որ հատկապես կանանց հետ հարաբերություններում Քլայդը պիտի
իրեն զուսպ պահի:
Ֆաբրիկան նոր պատվերներ է ստանում և ստիպված է ընդլայնել
աշխատակազմը: Աշխատանքի է ընդունվում երիտասարդ Ռոբերտա Օլդենը, որի հմայքին Քլայդը
չի կարող դիմանալ: Նրանք սկսում են հանդիպել և Ռոբերտան դժվարությամբ է պահում իր կուսական
բարեպաշտությունը: Այդ ընթացքում Քլայդը սկսում է հանդիպել նաև Սոնդրա Ֆինչլիի հետ:
Սա հարուստ օժիտով հարսնացու է, որը մեծ հետաքրքրություն է տածում Քլայդի հանդեպ և
անգամ հրավիրում Լիկուրգի երիտասարդ վերնախավի երեկույթներից մեկին: Նոր տպավորությունների
ֆոնի վրա Ռոբերտայի հմայքը Քլայդի աչքերում սկսում է խամրել: Հենց այդ ժամանակ Ռոբերտան,
զգալով, որ Քլայդը սառում է նրա նկատմամբ, տրվում է նրան:
Սակայն Սոնդրա Ֆինչլին չի կորչում նրա կյանքից: Նա շարունակում
է ծանոթացնել Քլայդին իր միջավայրի հետ: Ռոբերտան տառապում է խանդից և բացի այդ պարզվում
է, որ հղի է: Քլայդը կորցնում է գլուխը, երբ իմանում է դրա մասին: Դեղերը չեն օգնում
ազատվել պտուղից, իսկ բժիշկը հրաժարվում է վիրահատություն անել:
Ամուսնանալ Քլայդը չի ուզում: Ռոբերտան մտադիր է պատմել ամեն
բան Քլայդի հորեղբորը, բայց դա կնշանակի նրա համար ամեն կարիերայի ավարտ: Քլայդը խոստանում
է կամ բժիշկ գտնել, կամ ամուսնանալ նրա հետ:
Քլայդի աչքով է ընկնում թերթի մի հոդված, որը պատմում է դժբախտ
պատահարի մասին: Վարձու նավակով լճային զբոսանքի գնացած զույգը չի վերադառնում: Գտնվում
է միայն շուռ եկած նավակը և կնոջ մարմինը: Քլայդի վրա այս պատմությունը ուժեղ ազդեցություն
է թողնում, մանավանդ, որ նա ստանում է Ռոբերտայի հերթական նամակը, որտեղ սա սպառնում
է այցելել իր հորեղբորը և ամեն բան պատմել:
Հրավիրում է աղջկան լճային զբոսանքի, որից հետո նրանք կամուսնանան:
Նրան տանջում են մտքերը: Մի բան է որոշել և այլ բան է իսկապես սպանել:
Նրանք նավակի մեջ են: Քլայդի մռայլ տեսքը վախեցնում է Ռոբերտային:
Երբ աղջիկը մոտենում է նրան և հարցնում, թե ինչ է եղել, Քլայդը հարվածում է նրան ֆոտոխցիկով
և հրում: Ռոբերտան ընկնում է: Նավը շրջվում է և հարվածում Ռոբերտայի գլխին: Ռոբերտան
բղավում է և խնդրում է Քլայդին փրկել իրեն, բայց տղան ոչինչ չի ձեռնարկում: Լողալով
դուրս է գալիս ափ առանց Ռոբերտայի:
Շրջված նավակը և Ռոբերտայի մարմինը արագ գտնում են: Քննիչ
Հեյթը և դատախազ Մեյսոնը դուրս են գալիս Քլայդի հետքի վրա: Փորձառու դատախազը արագ
բացահայտում է ամեն բան: Քլայդին կալանավորում են և հիմա նրան սպասում է դատ:
Սեմյուել Գրիֆիթսը ապշած է և լավ իրավաբաններ է վարձում:
Նրանք գործի են դնում բոլոր հմտությունները, բայց Մեյսոնը չի զիջում նրանց: Երկարատև
դատն ավարտվում է մահավճռով: Հարուստ ազգականները դադարում են օգնել Քլայդին, և միայն
նրա մայրն է շարունակում փորձել ինչ-որ բան անել նրա համար: Բայց այդ փորձերն ապարդյուն
են: Հասարակության հետաքրքրությունը այդ գործի հանդեպ սառում է, և արդարադատության
մեքենային ոչինչ չի խանգարի ավարտի հասցնել այն:
Տես նաև Քույր Քերրի, Ֆինանսիստը և Ջեննի Գերհարդ
Թեոդոր Դրայզեր | Ամերիկյան ողբերգություն | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
марта 14, 2015
Rating:
.jpg)