Ջեք Լոնդոն | Գարեհատիկ Ջոնը | համառոտ


Վիպակը գրված է առաջին դեմքով: Հեղինակը նկարագրում է, թե ինչի կարող է հասցնել ոգելից խմիչքի նկատմամբ մարդու սերը: Հերոսը գնում է մի փոքրիկ գյուղակ Կալիֆորնիա նահանգի  սահմանադրության մի քանի փոփոխությունների կապակցությամբ ընտրություններին մասնակցելու: Երբ վերադառնում է, Չարմիանը հարցնում է՝ արդյոք կանանց օգտին քվեարկեց, թե դեմ: Սա պատասխանում է, թե կանանց օգտին՝ առաջացնելով Չարմիանի զարմանքը, քանզի կանանց հավասարության թշնամին է: Պատճառաբանում է, որ երբ կանայք ընտրական իրավունք ունենան, չոր օրենք կպահանջեն և կթաղեն Գարեհատիկ Ջոնին: Չարմիանի կարծիքով, սակայն, Գարեհատիկ Ջոնը նրա ընկերն է, մինչդեռ հերոսը պնդում է հակառակը: Նա ասում է, որ Գարեհատիկ Ջոնը խաբեբաների թագավորն է, նա ճշմարտագույնն է ճշմարտության մեջ, մարդուն թևեր է տալիս, դաշինքի մեջ է Կճատի հետ, և այն ճանապարհը, որ ցույց է տալիս Գարեհատիկը, տանում է դեպի դառը ճշմարտություն և կործանում: Մտքի պայծառությունը և խելապակասությունը նրանից է: Նա կյանքի թշնամին է, և իմասնություն է սովորեցնում, բայց հանդերձյալ աշխարհի իմաստությունը, արյունարբու մարդասպան է, երիտասարդ կյանքեր կործանող: Տարակուսած հայացքով Չարմիանին  նա նկարագրում է իր անցյալը, որ ինքը օրգանական կախում չունի խմիչքից և որ այն անգամ իրեն դուր էլ չի գալիս: Ալկոհոլը իր համար սովորական է դարձել, քանի որ մատչելի է: Իսկ կանայք կպահանջեն, որ ոգելից խմիչքներն արգելվեն: Գինի չտեսնելով՝  մարդիկ կմոռանան դրա մասին և պատանիների կյանքն ավելի բովանդակալից կդառնա: Չարմիանը խորհուրդ է տալիս այդ մասին գրել, իսկ գիրքը կոչել «Հիշողություններ ոգելից խմիչքի մասին»: Երկրորդ գլխից հեղինակը սկսում է իր հերոսի գիրքը՝ խնդրելով ընթերցողին կարեկցաբար լսել իրեն և պատկերացնել իր միջավայրը: Հարբեցողները լինում են երկու տիպի: Առաջինը հիմար, բթամիտ, միշտ թմրած մի արարած է, քայլում է ոտքերը լայն չռած, ինչպես նավաստին օրորքի ժամանակ, հաճախ ընկնում է առվակների մեջ, կոնծելիս էլ միայն կապույտ մկներ է տեսնում և վարդագույն փղեր: Մյուս տեսակը երևակայությամբ և խորաթափանցությամբ է օժտված: Անգամ երբ գլուխը դժժում է, նա պահպանում է սովորական կայունությունը, փողոցում ութ չի գծում: Այդպիսի մարդը լինում է հիանալի, սրամիտ և հասարակության հոգին է: Դառնում է տիեզերական չափերի կանխատեսող, երկաթե տրամաբանությամբ, որը հաճախ պարուրված է սիլլոգիզմների պաճուճանքով: Ոգելից խմիչքը ցրում է նրա բոլոր պատրանքները, բացում դառը ճշմարտությունն այն մասին, որ նրա հոգին շղթայված է պարտքի երկաթյա օղակով: Այդպիսի պահերին Գարեգատիկ Ջոնը խարդավանքով ցույց է տալիս իր ողջ հզորությունը և ակնհայտ է դառնում այն ճշմարտությունը, որ ճանաչելի են միայն կյանքի օրենքները, բայց դրանց իմաստը՝ երբեք: Հիմարի գործն ավելի հեշտ է: Նա գիտակցությունը կորցնելու աստիճան հարբում է, թմրած քնում և երազներ տեսնում, որոնք խառնաշփոթ են: Իսկ գլուխ ունեցող մարդուն Գարեհատիկը ուղարկում է Ճերմակ Տրամաբանության անողոք և տեսլային սիլլոգիզմները: Գարեհատիկ Ջոնը մղում է նրան ինքնասպանության՝ արագ կամ դանդաղ: Ով բարեկամություն է հաստատել նրա հետ, չի կարող խուսափել այդ ճակատագրական, արդար հատուցումից
Առաջին անգամ նա խմեց, երբ հինգ տարեկան էր: Հայրը դաշտում վար էր անում: Նրան ուղարկեցին հորը գարեջուր տանելու: Այն փայտե դույլի մեջ էր: Փոքրիկը մտածեց, որ այն հավանաբար շատ համեղ է, եթե մեծերն այդքան թանկագին բան են համարում: Գլուխը մտցրեց դույլի մեջ և սկզբում լիզեց փրփուրը, որը դուր չեկավ, հետո էլի փորձեց՝ կարծելով, թե համեղ կդառնա: Սիրտը խառնեց, թունավորվեց և հետո երկար ժամանակ հետաքրքրությունը կորցրեց դրա հանդեպ: Երկրորդ մենամարտը Գարեհատիկ Ջոնի հետ եղավ, երբ հերոսը յոթ տարեկան էր: Մորիսիի ֆերմայում հավաքվել էր շրջակա երիտասարդությունը: Մի խումբ աղջիկներ և տղաներ, որոնց մեջ մեր հերոսը ամենից փոքրն էր, գնաց իտալացիների ֆերմա, որտեղ կարելի էր պարել: Տանտերերն իրեն էլ առաջարկեցին խմել կարմիր գինի, որը ինքը մերժեց, բայց երբ մի իտալացի՝ նենգ Պիտերն էլ դեմ դվեց գինու բաժակը և ստիպեց խմել, նա խմեց՝ վախենալով կռվից, ինչպես իրեն բացատրել էր մայրը, թե իտալացիները նեղացկոտ են, և անգամ չնչին առիթով վիրավորվելիս դանակն են հանում: Այդ օրը նա ստիպված եղավ շատ խմել, և երկար արկածներից հետո ուշագնաց եղավ: Նա երկար ժամանակ հիվանդ պառկեց և երդվեց, որ այլևս երբեք չի խմի: Այդպես էլ չհաղթահարեց ոգելից խմիչքի հանդեպ իր ֆիզիկական զզվանքը:
Տասը տարեկանում նրա ընտանիքը տեղափոխվեց քաղաք, և նա սկսեց շատ գրքեր կարդալ: Ընթերցանությունը նրա ամենասիրելի զբաղմունքն էր: Տասնհինգ տարեկանում նա աշխատանքի է անցնում պահածոյի գործարանում, սակայն օրական տասը ժամ մեքենայի առաջ աշխատելը սարսափելի էր ծովագնացների մասին գրքեր կարդացող և արևադարձային կղզիների մասին երազող պատանու համար: Կյանքի մի շրջան նա թողնում է ամեն ինչ և գնում ծով, որտեղ զբաղվում է ոստրեահենությամբ: Ծովում միշտ կարելի է մի կտոր հաց վաստակել, բայց այն անխուսափելիորեն մղում է դեպի Գարեհատիկ Ջոնը: Այստեղ նա ձեռք է բերում բազմաթիվ ընկերներ, որոնք բոլորը նրանից տարիքով մեծ են՝  ֆրանսիացի Ֆրենկը, Նելսոնը, տասնվեցամյա ոստրեահենը՝ Վիսկի Բոբ մականունով, քսանամյա Բլոճ Հիլը: Նրանց երբեմն այցելում են նաև Մեյմին և Տեսսը, որոնց պատշաճության համար ուղեկցում է ոմն միսիս Հեդլի: Մեյմին Բլոճի ազգականուհին է, որին մեծարում են ոստրեահենների թագուհի անունով, իսկ Ֆրենկը սիրահարված է նրան: Հյուրընկալությունները ուղեկցվում են խմիչքով, երգերով, և նա ամեն անգամ ինքն իրեն խոստանում է, որ չի խմի, սակայն ամեն անգամ ստիպված է խմել՝ ցույց տալու համար, որ ինքն էլ խմել գիտի: Մի շրջան մնում է Նելսոնի հետ, որից բոլորը վախենում են: Սա հենց խմում է, դառնում է անվերահսկելի: Նելսոնի հետ նրանք գնում են դեպի ոստրեների ծանծաղուտները, սակայն Նելսոնը կարոտում է իր սիրելի Օքլենդի նավահանգիստը և հերոսը իր ճամփորդությունը շարունակում է մենակ: Մի օր, հերթական ճոխ կերուխումից հետո, գիշերը գնում է իր նավակը քնելու, շրմփում է ջուրը, և հոսանքը սկսում է քշել նրան: Բենիշիից ներքև նեղուցը լայնանում է և առաջացնում է Թերներյան ծոցը: Այդտեղ հոսանքը թեքվում է, ուժեղ շրջապտույտ առաջացնում, որից նա մի կերպ է փրկվում՝ լինելով լավ լողորդ: Մի քանի ժամ լողալուց և սառչելուց հետո, նրան գտնում է մի ձկնորսական բարկաս: Սա այն դեպքերից է, երբ Գարեհատիկ Ջոնը ճանկում է մարդուն և մղում ինքնասպանության: Նա բազմաթիվ անգամներ նավարկում է տարբեր նավերով տարբեր մարդկանց հետ: Դրանցից մեկը «Սոֆի Սեզերլեդի» վրա Վիկտորի և Աքսելի հետ հիսունմեկօրյա ուղևորությունն է: Սակայն ամեն անգամ էլ դրանք ավարտվում են կերուխումով և տուրուդմփոցներով: Ծովում հնարավոր չէ հարստանալ: Գումարը նրանք ծախսում են խմելու և հյուրասիրության վրա: Հերոսը վերադառնում է քաղաք, փորձում է աշխատանք գտնել, սակայն չունենալով մասնագիտություն և կրթություն, նա միայն ուժասպառ է լինում այս կամ այն ֆաբրիկայում՝ աշխատելով շատ, վաստակելով քիչ: Որոշ շրջան հաջողացնելով սովորել միջնակարգում՝ թողնում է դասընթացը և սկսում պարապել ինքնուրույն, քանզի բավականաչափ գումար չունի երեք տարի վճարելու համար: Տանը սկսում է մեքենագրել և  հոդվածներ ու տարբեր ակնարկներ, պատմվածքներ ու հումորիստական բանաստեղծություններ գրել: Աստիճանաբար հաջողություններ ձեռք բերելով՝ նա հարստանում է: Ամեն օր հազար բառ գրելուց հետո նա իրեն պարգրատրում է կոկտեյլով, որն այժմ կարող է իրեն թույլ տալ: Այս սովորությունը ի զարմանս նրա, վերածվում է կախվածության: Հինգ տարեկանից ընկերություն անելով Գարեհատիկի հետ՝ ի վերջո նա էլ է ընկնում նրա թակարդը, սկսում է խմել օրական մի քանի անգամ, իսկ երբ հյուր է ունենում՝ անթիվ- անհամար բաժակներ է կուլ տալիս
Այս ինքնակենսագրական վիպակը հերոսն ավարտում է իր դատողություններով գինեմոլության և Ճերմակ Տրամաբանության մասին, որը հանգիստ ննջում է իր հիվանդության կողքին: Ափսոսում է, որ իր նախնիները չեն ոչնչացրել Գարեհատիկ Ջոնին մինչև իր աշխարհ գալը. այդ դեպքում ինքը չէր ծանոթանա և բարեկամանա նրա հետ:  
Ջեք Լոնդոն | Գարեհատիկ Ջոնը | համառոտ Ջեք Լոնդոն | Գարեհատիկ Ջոնը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 6:16:00 Rating: 5
Технологии Blogger.