Անտոն Չեխով | Բալենու այգին | համառոտ



Լյուբով Անդրեևնա Ռանևսկայայի կալվածքը: Գարուն է, ծաղկում են բալենիները, սակայն գեղեցիկ այգին շուտով պիտի վաճառվի կուտակված պարտքերը վճարելու համար: Վերջին հինգ տարիները Ռանևսկայան և իր տասնյոթամյա դուստր Անյան ապրել են արտասահմանում: Կալվածքում էր մնացել Ռանևսկայայի եղբայրը՝ Լեոնիդ Անդրեևիչ Գաևը և խորթ դուստր Վարյան: Ռանևսկայայի գործերը վատ են: Վեց տարի առաջ հարբեցողությունից մահացել է նրա ամուսինը: Ռանևսկայան սիրում է ուրիշ տղամարդու և միանում է նրա հետ: Սակայն շուտով գետում խեղդվում է նրա փոքրիկ որդին՝ Գրիշան: Լյուբով Անդրեևնան մեկնում է արտասահման: Սիրեկանը հետևում է նրան: Երբ նա հիվանդանում է, Ռանևսկայան խնամում է նրան: Հետո, երբ ստիպված է լինում վաճառել ամառանոցը և տեղափոխվել Փարիզ, այդ մարդը թալանում է նրան և փախչում:
Գաևը և Վարյան դիմավորում են Ռանևսկայային և Անյային կայարանում: Տանը նրանց սպասում են աղախին Դունյաշան և անծանոթ առևտրական Երմոլայ Ալեքսեևիչ Լոպախինը: Լոպախինի հայրը ճորտ էր Ռանևսկիների մոտ: Նա հարստացել է, բայց իր մասին ասում է, որ մնացել է մուժիկ: Գալիս է գրասենյակի ծառայող Եպիխոդովը՝ մի մարդ, որի հետ միշտ մի բան պատահում է և որին կոչել են «քսաներկու դժբախտություն»: Վերջապես մոտենում են կառքերը: Տունը լցվում է մարդկանցով: Ռանևսկայան ուսումնասիրում է սենյակները և արտասուքն աչքերին՝ հիշում է անցյալը: Աղախին Դունյաշան չի համբերում պատմել տիրուհուն, որ Եպիխոդովը նրան առաջարկություն է արել: Անյան խորհուրդ է տալիս Վարյային ամուսնանալ Լոպախինի հետ: Իսկ Վարյան երազում է ամուսնացնել Անյային հարուստ մարդու հետ: Տնային դաստիարակչուհի Շարլոտան՝ տարօրինակ և էքսցենտրիկ կին, գովում է իր շանը, իսկ կալվածատեր Սիմեոնով-Պիշիկը պարտքով փող է խնդրում: Գրեթե ոչինչ չի լսում և անվերջ մրմնջում է հավատարիմ ծառա Ֆիրսը: Լոպախինը հիշեցնում է Ռանևսկայային, որ կալվածքը շուտով պիտի վաճառվի. միակ ելքը հողը մասերի բաժանելով վարձակալներին հանձնելն է: Ռանևսկայային առաջարկը զարմացնում է. ինչպե՞ս կարելի է հատել իր սիրելի բալենու այգին: Լոպախինը փորձում է երկար մնալ Ռանևսկայայի հետ, որին շատ է սիրում, բայց հեռանալու ժամանակն է: Գաևը ողջույնի խոսք է հղում գրադարակին, բայց հետո շփոթված անիմաստ խոսքեր է արտասանում: Ռանևսկայան իսկույն չի ճանաչում Պետյա Տրոֆիմովին. սիրելի ուսանողը դարձել է հավերժական ուսանող: Ռանևսկայան լաց է լինում՝ հիշելով իր մեռած որդուն, որի ուսուցիչն էր Տրոֆիմովը: Գաևը, միայնակ մնալով Վարյայի հետ, փորձում է խոսել գործերից: Կա հարուստ ազգականուհի Յարոսլավլում, որը, իհարկե, նրանց չի սիրում:
Չէ՞ որ Լյուբով Անդրեևնան ամուսնացավ ոչ ազնվականի հետ, և առհասարակ շատ առաքինի իրեն չի պահել: Գաևը սիրում է քրոջը և, այդուհանդերձ, նրան կոչում է մեղսավոր: Քույրը կխնդրի փող Լոպախինից, իսկ Անյան կմեկնի Յարոսլավլ. մի խոսքով թույլ չեն տա, որ կալվածքը վաճառվի: Ֆիրսը տանում է տիրոջը քնելու: Անյան ուրախ և երջանիկ է. քեռին ամեն բան կդասավորի: Լոպախինը չի դադարում համոզել Ռանևսկայային և Գաևին ընդունել իր նախագիծը: Նրանք երեքով նախաճաշում են քաղաքում և վերադառնալիս կանգ են առնում դաշտում՝ եկեղեցու մոտ: Քիչ առաջ հենց այստեղ՝ նստարանի վրա, Եպիխոդովը սեր է խոստովանել Դունյաշային, բայց սա նախընտրել է հեգնական ծառա Յաշային: Ռանևսկայան և Գաևն ասես չեն լսում Լոպախինին և խոսում են այլ թեմաներով: Այդպես էլ չհամոզելով «ոչ գործնական մարդկանց»՝ Լոպախինն ուզում է հեռանալ: Ռանևսկայան փորձում է պահել նրան:

Գալիս են Անյան, Վարյան և Պետյա Տրոֆիմովը: Ռանևսկայան զրույց է բացում «հպարտ մարդու» մասին: Տրոֆիմովի կարծիքով հպարտությունն իմաստ չունի: Կոպիտ և դժբախտ մարդը պիտի ոչ թե հիանա ինքն իրենով, այլ աշխատի: Պետյան քննադատում է մտավորականությանը, որը ունակ չէ աշխատելու, միայն փիլիսոփայում է, իսկ մուժիկի հետ վարվում է ասես կենդանու հետ: Զրույցին է միանում Լոպախինը. նա աշխատում է առավոտից մինչև գիշեր: Գործ ունի մեծ փողի հետ, բայց գնալով ավելի է համոզվում, որ շուրջը շատ քիչ են կարգին մարդիկ: Նրան ընդհատում է Ռանևսկայան: Առհասարակ այստեղ իրար լսել չգիտեն: Լռություն է տիրում, որի մեջ լսվում է միայն պայթած լարի հեռավոր ձայնը: Շուտով բոլորը ցրվում են, և միայնակ մնացած Անյան ու Տրոֆիմովը ուրախ են, որ կարող են զրուցել: Տրոֆիմովը համոզում է նրան, որ պետք է ավելի բարձր լինել սիրուց, որ կարևորն ազատությունն է: Ամբողջ Ռուսաստանը մեր այգին է, սակայն ներկայում ապրելու համար պետք է տառապանքով մաքրագործել անցյալը: Եթե ոչ իրենք, ապա ուրիշները կտեսնեն երջանկություն: 
Օգոստոսի քսաներկուսն է՝ կալվածքը աճուրդի դնելու օրը: Հենց այդ երեկո միանգամայն անպատեհ կալվածքում կազմակերպում են պարահանդես: Հրավիրված է հրեական նվագախումբ: Մի ժամանակ այստեղ պարում էին գեներալներ և բարոններ, իսկ հիմա, ինչպես նկատում է Ֆիրսը, անգամ մանր չինովնիկը ոտք դնել չի ցանկանա: Հյուրերին զբաղեցնում է Շարլոտան: Ռանևսկայան անհանգստությամբ սպասում է եղբոր վերադարձին: Յարոսլավլի ազգականուհին, այդուհանդերձ, ուղարկել է տասնհինգ հազար ռուբլի: Բայց դա բավական չէ կալվածքը գրավից դուրս բերելու համար: Պետյա Տրոֆիմովը հանգստացնում է Ռանևսկայային. այգին կարևոր չէ, պետք է նայել ճշմարտության աչքերին: Լյուբով Անդրեևնան խնդրում է խղճալ իրեն, չէ՞ որ առանց բալենու այգու նրա կյանքը կկորցնի իմաստը: Նա ամեն օր հեռագրեր է ստանում Փարիզից: Սկզբում պատռում էր, հիմա կարդում է: «Այդ վայրենի մարդը», որին նա սիրում է, աղաչում է նրան վերադառնալ: Պետյան նախատում է Ռանևսկայային այն բանի համար, որ սա սիրում է այդ ոչնչությանը: Ռանևսկայան անվանում է Տրոֆիմովին ծիծաղելի տարօրինակ, այլանդակ և մաքրամոլ: Պետք է ինքդ սիրես: Պետյան սարսափահար փորձում է հեռանալ: Բայց մնում է և պարում է իրենից ներողություն խնդրած Ռանևսկայայի հետ: Գալիս են Լոպախինը և Գաևը: Վերջինս ոչինչ չպատմելով՝ հեռանում է իր սենյակ: Բալենու այգին վաճառված է: Այն գնել է Լոպախինը: Նոր կալվածատերը երջանիկ է: Նա հաղթել է աճուրդում: Բարձրացնում է հպարտ Վարյայի՝ հատակին նետած բանալին:
Անյան մխիթարում է լացող մորը: Այգին վաճառված է, բայց առջևում նոր կյանք է: Կլինի նոր այգի:

Տունը դատարկվում է: Բոլորն իրար հրաժեշտ տալով հեռանում են: Լոպախինը ձմեռն անցկացնելու է Խարկովում: Տրոֆիմովը վերադառնում է Մոսկվա՝ համալսարան: Լոպախինը և Պետյան խայթում են միմյանց: Չնայած որ Պետյան կոչում է Լոպախինին գիշատիչ գազան, նա, այդուհանդերձ, սիրում է նրա նուրբ հոգին: Հրաժարվում է Լոպախինի առաջարկած դրամից: Ռանևսկայան և Գաևն ասես երջանիկ են բալենու այգին վաճառելուց հետո: Առաջ տառապում էին, հիմա հանգստացան: Ռանևսկայան մտադիր է ապրել Փարիզում ազգականուհու ուղարկած դրամով: Անյան երջանիկ է: Նա կավարտի գիմնազիան, կաշխատի, կկարդա գրքեր: Հանկարծ հայտվում է Սիմեոնով-Պիշիկը և սկսում է վերադարձնել պարտքերը: Պարզվում է, նրա փողի վրա անգլիացիները գտել են սպիտակ կավ: Գաևն ասում է, որ հիմա ինքը բանկի ծառայող է: Լոպախինը նոր տեղ է խոստանում գտնել Շարլոտայի համար: Ֆիրսին կուղարկեն հիվանդանոց: Եվ, այդուհանդերձ, Գաևը տխրությամբ ասում է. «Մենք միմյանց անպետք դարձանք»: Ժամանակն է, որ Վարյան և Լոպախինը բացատրվեն: Սակայն, երբ Ռանևսկայան կազմակերպում է նրանց հանդիպումը, նա, առաջին իսկ պատրվակն օգտագործելով, հեռանում է: Բոլորը հեռանում են: Մնում է միայն ծեր Ֆիրսը, որի մասին բոլորը հոգ էին տանում, բայց որին մոռացան հիվանդանոց տեղավորել: Լսվում է պայթած լարի ձայնը: Լռություն է: Լսվում է միայն, թե ինչպես են այգում կացնով հարվածում ծառին:
   
Անտոն Չեխով | Բալենու այգին | համառոտ Անտոն Չեխով | Բալենու այգին | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 19, 2015 Rating: 5
Технологии Blogger.