Կուպրին «Յամա» համառոտ

Ալեքսանդր Կուպրին
«Յամա»
(համառոտ)

1915 

Աննա Մարկովնայի հաստատությունը ոչ ամենալավերից է, ոչ էլ ամենավատերից: Յամայում այդպիսի ևս երկու հաստատություն կա: Մյուսներն էժանագին են, զինվորների համար:
 Մայիսյան մի երեկո Աննա Մարկովնայի մոտ հավաքվում է ուսանողների խումբ, որոնց թվում են պրիվատ-դոցենտ Յարչենկոն և տեղի լրագրող Պլատոնովը: Աղջիկներն արդեն դուրս են եկել տղամարդկանց մոտ, բայց սրանք դեռ շարունակում են զրույցը: Պլատոնովը պատմում է, որ վաղուց է ճանաչում հաստատությունը և աղջիկներին: Սակայն ոչ մի աղջկա չի այցելել: Նա պարզապես ուզում է ճանաչել այդ աշխարհը: Սարսափն այն է, որ այդ աշխարհը չի վերապրվում որպես սարսափ: Քաղքենիական առօրյան դատարկ բան է: Այստեղ միանում են ամենաանսպասելի հակադրությունները՝ աստվածավախությունը և ոճիրի հանդեպ բնական հակումը: Ահա Սիմեոնը՝ այստեղի հսկիչը: Թալանում է պոռնիկներին, ծեծում է նրանց, իսկ անցյալում նույնիսկ մարդասպան է: Սակայն Պլատոնովը ընկերացել է նրա հետ Հովհաննես Դամասկացու երկերի մասին զրուցելով: Չափազանց կրոնավոր մարդ է: Աննա Մարկովնան արյունարբու բորենի է, բայց նաև ամենաքնքուշ մայրը: Ամեն բան դստեր՝ Բերտոչկայի համար է: Սրահ է մտնում Ժենյան, որին Պլատոնովը և մյուսները հարգում են գեղեցկության և անկախության համար: Աղջիկը սկսում է զրուցել Տամարայի հետ: Պլատոնովը լսում է, թե ինչպես է նա ասում, որ Պաշային պատվիրում են արդեն տասներորդ անգամ: Դա ավարտվում է ուշագնացությամբ: Բայց հենց որ Պաշան ուշքի  է գալիս, տիրուհին նորից ուղարկում է նրան հյուրերի մոտ: Այդ աղջիկը շատ պահանջված է: Պլատոնովը վճարում է, որպեսզի Պաշան հանգստանա նրանց հետ: Ուսանողները ցրվում են սենյակներով, իսկ Պլատոնովը Լիխոնինի հետ շարունակում է խոսել տեղի կանանց մասին: Պոռնկությունը որպես գլոբալ երևույթ անհաղթահարելի է: Հանկարծ Լիխոնինն ասում է, որ չէր ուզի մնալ կարեկցող դիտորդ: Նա ուզում է այստեղից տանել մեկին, փրկել: «Կվերադառնա այստեղ»,- կտրում է Պլատոնովը: Պաշան հաստատում է դա: Լիխոնինը դիմում է ոմն Լյուբայի և հարցնում՝ կուզի արդյոք հեռանալ այստեղից: Ոչ ուրիշի հաշվին ապրելու: Աշխատելու: Աղջիկը համաձայնում է: Եվ Լիխոնինը, ամբողջ օրով գնելով նրան, պատրաստվում է պահանջել նրա դեղին տոմսը և փոխել այն անձնագրի: Պատասխանատվություն ստանձնելով մարդու ճակատագրի համար՝ ուսանողը լավ չի պատկերացնում դրա հետ կապված դժվարությունները: Նրա կյանքը դժվարանում է առաջին իսկ ժամերից: Ընկերները համաձայնում են օգնել նրան զարգացնել փրկվածին: Լիխոնինն ուսուցանում է նրան թվաբանություն, աշխարհագրություն և պատմություն, տանում է թատրոն և դասախոսությունների: Նեժերաձեն կարդում է նրան «Ընձենավոր դյուցազնը»: Սիմանովսկին դասավանդում է Մարքսի «Կապիտալը», մշակույթի պատմություն, ֆիզիկա և քիմիա: Այս ամբողջը ժամանակ է պահանջում և տալիս է չնչին արդյունքներ: Եղբայրական հարաբերությունը միշտ չէ, որ հաջողվում է պահպանել, և աղջիկը ծանր է տանում իր արժանիքների նկատմամբ անտարբերությունը: Լյուբայի դեղին տոմսը տիրուհուց ստանալու համար պետք է վճարել հինգ հարյուր ռուբլի: Անձնագիրն արժե քսանհինգ ռուբլի: Սոլովյովը հանկարծ հայտնաբերում է, որ ենթարկվում է այդ կնոջ դյութանքին: Սիմանովսկին նույնպես: Բայց աղջիկը մերժում է նրան և ավելի շատ է կապվում Վասիլ Վասիլիչին: Իսկ սա, հասկանալով, որ աղջիկը դուր է գալիս Սիմանովսկուն, մտածում է այդ երկուսին պատահաբար բռնացնելու և Լյուբային հաստատություն վերադարձնելու մասին: Լյուբան նորից է հայտնվում Աննա Մարկովնայի մոտ մի արտառոց դեպքից հետո: Ողջ Ռուսաստանում հայտնի երգչուհի Ռովինսկայան բարոնուհի Տեֆտինգի ընկերակցությամբ մի քանի ուրիշ ընկերների հետ ձանձրույթից այցելում է Յամայի հաստատությունները: Նախ թանկերը, հետո՝ մատչելիները: Գալիս է Աննա Մարկովնայի մոտ: Զբաղեցնում է առանձին սենյակ, որտեղ ուղեկցում են աղջիկներին: Առաջինը գալիս է Տամարան: Նախկինում եղել է կուսանոցի սան: Խոսում է գերմաներեն և ֆրանսերեն: Ունի կատու, որին երես է տալիս:
Ելենա Վիկտորովնայի խնդրանքով աղջիկները երգում են իրենց սովորական երգերը: Եվ ամեն բան լավ կլիներ, եթե հանկարծ ներս չխուժեր Մանկա Փոքրիկը: Սթափ ժամանակ սա հաստատության ամենահամեստ ու լուռ աղջիկն է: Բայց հիմա հարբած է: Ընկնում է հատակին և սկսում է բղավել, որ իրենց մոտ նոր աղջիկներ են բերել՝ նկատի ունենալով բարոնուհուն: Բարոնուհին զայրացած բղավում է, որ ինքը մենաստանի և անկյալ աղջիկների համար ուղղիչ տան հոգաբարձու է: Ժենկան առաջարկում է «ծեր հիմարին» չքվել: Իսկ Տամարան հայտարարում է, որ այսպես կոչված բարձրաշխարհիկ կիրթ կանանց կեսն ապրում են սիրեկանների հաշվին, իսկ մյուսները իրենք են սիրեկաններ պահում: Հազար պոռնիկից միայն մեկն է դիմում աբորտի, իսկ բարձրաշխարհիկները բոլորը մի քանի անգամ:
Տամարայի խոսելու ընթացքում բարոնուհին ֆրանսերեն նկատում է, որ արդեն տեսել է նրա դեմքը: Ռովինսկայան հիշեցնում է նրան, որ Տամարային տեսել են Խարկովում, որտեղ սա երգել է երգչախմբում: Այդ ժամանակ բարոնուհին դեռ բարոնուհի չէր:
Տիկնանց հեռանալուց առաջ Ռովինսկայան որոշում է ռոմանս երգել: Երգի ավարտին անսանձ Ժենյան ծնկի է իջնում Ռովինսակայայի առաջ և սկսում է լաց լինել: Ելենա Վիկտորովնան մոտենում է, որ համբուրի նրան, բայց աղջիկը ինչ-որ բան է շշնջում նրա ականջին, ինչին տիկինը պատասխանում է, որ մի քանի ամսվա բուժումը կապաքինի նրան: Այս այցելությունից հետո Տամարան հետաքրքրվում է Ժենյայի առողջությամբ: Ժենյան վարակվել է սիֆիլիսով, բայց չի հայտարարում դրա մասին և ամեն երեկո դիտավորյալ վարակում է տաս-տասնհինգ սրիկայի: Աղջիկները սկսում են հիշել իրենց ամենագարշելի և ամենաայլասերված այցելուներին: Հետո Ժենյան հիշում է մարդու անունը, որին նրան տաս տարեկանում վաճառել է մայրը: Ժենյան գոռում էր, որ ինքը փոքրիկ է, բայց այդ մարդը պնդում էր, որ կմեծանա: Զոյան հիշում է դպրոցի ուսուցչին, որը պատվիրում էր ամեն ինչում լսել իրեն: Հակառակ դեպքում կվռնդի իրեն դպրոցից: Այդ պահին հայտնվում է Լյուբկան: Էմմա Էդուարդովնան ետ չի ընդունել նրան: Ժենկան բռնում է նրա մազերից: Կողքի սենյակներում սկսում են աղմկել և հիստերիան տարածվում է ողջ տնով: Մեծ դժվարությամբ Սիմեոնոնը հանգստացնում է նրանց: Գալիս է ընդունելության ժամը, և աղջիկները իջնում են սրահ:

Կադետ Կոլյա Գլադիշևը միշտ գալիս է Ժենյայի մոտ: Այսօր էլ նրա սենյակում է, բայց Ժենյան խնդրում է նրան չշտապել: Վերջապես ասում է, որ հիվանդ է և թող շնորհակալ լինի Աստծուն: Ուրիշ որևէ աղջիկ նրան չէր խնայի: Կոլյան նստում է մահճակալի եզրին և ձեռքերով ծածկում է դեմքը: Ժենկան բարձրանում է և խաչակնքում է նրան: Հրաժեշտ են տալիս միմյանց: Առավոտյան Ժենյան գալիս է նավահանգիստ, որտեղ Պլատոնովը, կամավոր թողնելով լրագրությունը, աշխատում է որպես բանվոր: Պատմում է իր հիվանդության մասին Պլատոնովին, իսկ սա ասում է, որ նրանից էլ գուցե վարակվել են Սաբաշնիկովը և Ռամզես մականունով ուսանողը: Այս վերջինն ինքնասպան է եղել և թողել է նամակ, որում նշում է, որ ամեն բանում ինքն է մեղավոր, որ առանց սիրո փողով կին է վերցրել: Ժենյային սիրող Սերգեյ Պավլովիչը չի կարողանում ցրել նրա կասկածները. արդյոք հիմարություն չէ բոլորին վարակելու ցանկությունը: Մնում է միայն մեկ բան…Երկու օր անց բուժզննման ժամանակ նրան գտնում  են կախված: Հասարակած տան նոր տիրուհին է Էմմա Էդուարդովնան: Աղջիկներին հայտնում է, որ այսուհետ հետևելու է իր հաստատությանը ամենայն խստությամբ: Առաջարկում է Տամարային դառնալ իր օգնականը: Ռովինսկայայի և Ռեզանովի միջոցով Տամարան կարողանում է կազմակերպել Ժենյայի թաղումն ըստ ուղղափառ սովորույթի: Ժենյայից հետո մահանում է Պաշան: Ժենյայի թաղումից հետո ընկել էր թուլամտության մեջ, և նրան տանում են հոգեբուժարան, որտեղ մահանում է: Էմմա Էդուարդովնայի դժբախտությունները դրանով չեն ավարտվում: Տամարան Սենկայի հետ թալանում են նոտարին: Քնացնում են նրան և բացում  սեյֆը: Մի տարի անց Սենկան բռնվում է Մոսկվայում և մատնում է իր հետ փախած Տամարային: Կյանքից հեռանում է նաև Վերան: Նրա հովանավորը՝ ռազմական տեսչության մի չինովնիկ, մսխելով պետական փողերը, ինքնասպան է լինում: Վերան կիսում է նրա ճակատագիրը: Փոքրիկ Մանկան սպանվում է ծեծկռտուքի ժամանակ: Էմմա Էդուարդովնան սնանկանում է, քանի որ հաստատություն է այցելում հարյուր զինվորից բաղկացած վաշտը և թալանում նրա ողջ ունեցած-չունեցածը:                
Կուպրին «Յամա» համառոտ Կուպրին «Յամա» համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 6:58:00 Rating: 5
Технологии Blogger.