Ալֆոնս դը Լամարթին | Լճակ | համառոտ



«Բանաստեղծական խոհեր» ժողովածուի «Լճակ» էլեգիան կարելի է համարել Ալֆոնս Լամարթինի ռոմանտիկական հավատամքը:
Բանաստեղծության կարևոր կողմերից է քնարական հերոսի սևեռվածությունը սեփական հոգու վրա: Բանաստեղծին բնորոշ է երազկոտ հայեցողականությունը: 
Բոլոր հիմնական թեմաները, որոնց առնչվում է «Բանաստեղծական խոհերի» քնարական հերոսը, այն է՝ խորհրդածումը երանելի, սակայն վաղանցիկ սիրո մասին, մահվան կանխազգացումը, բնության մելամաղձոտ փառաբանումը, խտանում են այս էլեգիայում:
Անմիջական ազդակ բանաստեղծության գրության համար կարող էր ծառայել սիրելիի անժամանակ մահը: Սակայն այս բանաստեղծությունը կարող է լինել նաև Ժան Ժակ Ռուսոյի «Յուլյա, կամ նոր Էլոիզ» վեպի առաջ բերած տրամադրության արձագանքը: Մահվան մեջ բանաստեղծը հակված է տեսնել անցում առավել բարձր և լուսավոր գոյության: «Լճակը» ոչ միայն սիրային, այլև փիլիսոփայական էլեգիա է:

Ո՞ւր ես թռչում, ժամանա´կ,
Ո՞ւր են սլանում ժամերդ,
Թող, որ մի քիչ վայելեմ
Երանության ցերեկը, հաճույքի ցերեկը:

Լամարթինը հաջորդաբար դիմում է լճակին, ժայռերին, աստղերին, քամուն, օդին և հաստատում է, որ ամենագիրկ սերը կարող է մրցել ամենակուլ ժամանակի հետ:
Հաշվի առնելով այն, որ Լամարթինը ռոմանտիկական քնարերգության մեջ քրիստոնեական տրամադրության արարիչն է, և այդ իմաստով՝ Շատոբրիանի հետևորդը, հավատը նրա համար բնական հայեցողության հարց է և այն անցնում է մաքրագործում վշտով ու կորստի ցավով:
Կինը Լամարթինի պոեզիայում առհասարակ խորհրդանշում է երկրային և աստվածային աշխարհների միջնորդին: Վիշտը կորուսյալ սիրո և անհետ հեռացած սիրելիի մասին ծնում է անմահության հավատ: Լամարթինի էլեգիայի տարբերակիչ նրբերագը հենց այդ միստիկական համադրությունն է: Իրար են միացել բանաստեղծական մելամաղձոտությունը և բնազդային հավատը:  
Ընդհանուր առմամբ Լամարթինի՝ ինչպես ամբողջ ստեղծագործությանը, այնպես էլ «Լճակ» բանաստեղծությանը բնորոշ է ինդիվիդուալիզմը, ռոմանտիկական հոռետեսությունը, կրոնամիստիկական կայծը, որը լուսավորում է այդ ամբողջությունը և հեռացումը իդեալականացված ու ոգեղինացված բնության, ասես երազի գիրկը:
Ալֆոնս Լամարթինի ազդեցությունը կարելի է նկատել հայ բանաստեղծ Պետրոս Դուրյանի «Լճակ» բանաստեղծության վրա: «Լճային» թեման դառնում է ռոմանտիկական պոեզիայի հավատո հանգանակը, բավական է նշել «Լճային դպրոցը» Անգլիայում և դրա ներկայացուցիչներին՝ Վորդսվորդին, Քոլրիջին և Սաութիին: 


Տես նաև Շառլ Բոդլեր Չարի ծաղիկներ, Նիկոլա Բուալո Քերթողական արվեստ և Ժան Լաֆոնտեն Առակներ


Ալֆոնս դը Լամարթին | Լճակ | համառոտ Ալֆոնս դը Լամարթին | Լճակ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 22:17:00 Rating: 5
Технологии Blogger.