Եղիշե | Վարդանի և Հայոց Պատերազմի մասին | համառոտ



  
Եղիշեի երկը ժամանակային մեծ ընդգրկում չունի: Այն վերաբերում է 440- 450 թթ.-ի հայ-պարսկական ընդհարումների պատմությանը և դրա հետ կապված իրադարձություններին: Հեղինակը իր նկարագրած դեպքերի ոչ միայն ժամանակակիցն է, այլև ականատեսը: Դիմելով իր մեկենասին՝ Դավիթ Մամիկոնյանին, նա նշում է, որ իրեն հաճելի չէ գրել իր ժողովրդի ցավերի ու տառապանքների մասին:
Համառոտ առաջաբանից բացի երկը ունի 7 գլուխներ՝ եղանակներ և երկու հավելված: Առաջին եղանակի սկզբի տողերում խոսելով հայ Արշակունիների թագավորության անկման և Հայաստանի մեծ մասի Պարսկական տիրապետության տակ անցնելու մասին, պատմիչը որպես ոչ անկարևոր հանգամանք նշում է, որ թեև դրանից հետո հայերը հարկատու են դառնում Պարսկաստանի գահին, սակայն այրուձին հայ նախարարների տրամադրության տակ էր:
Երկրորդ եղանակն անդրադառնում է պարսից արքա Հազկերտ Բ-ի և պարսից արքունիքի կողմից հայերին պարտադրված կրոնափոխության առաջարկությանը, Հայաստանի հոգևորական և աշխարհիկ առաջնորդներին ուղարկված հրովարտակի բովանդակությանը, Արտաշատի ժողովի և հայոց մեծամեծների ստորագրությամբ պատասխան նամակին, որով հիշյալ առաջարկը մերժվում է:
Հազկերտը տարեցտարի Պարսկաստան է կանչում զանազան երկրների, այդ թվում նաև հայոց երկրի իշխաններին և օգտվելով այդ երկրների անօգնական վիճակից՝ սկսում է հալածել քրիստոնյաներին։ Առաջ է քաշում «կրտսերներին ավագների միջից, և անարգներին՝ պատվականների միջից, և տգետներին՝ գիտունների միջից, և վախկոտներին՝ քաջ մարդկանց միջից». բոլոր արժանավորներին ետ է քաշում և անարժաններին առաջ մղում, ոմանց խաբում է ոսկով ու արծաթով, այլոց՝ առատ պարգևներով, շատերին ագարակներ և գյուղեր նվիրելով, ոմանց էլ՝ պատիվներ և մեծամեծ իշխանություններ շնորհելով և խոստանալով հավասարեցնել իր սիրելի նախարարներին, եթե ուրանան քրիստոնեությունը և դառնան մոգական կրոնին: Բայց այդ հնարները չեն օգնում և ի վերջո թագավորն արդեն բացահայտորեն, նամակով պահանջում է, որ ուրանան քրիստոնեությունը և երկրպագեն արեգակին ու կրակին: Թագավորի այդ պահանջը ևս խիստ ընդդիմության է հանդիպում, և սկսվում են անլուր հալածանքներ, անարգանք ու տանջանք բոլոր քրիստոնյաների, մասնավորապես հայ նախարարների նկատմամբ։
Հայաստան է ուղարկվում Դենշապուհ պարսիկը` իբրև թե հարկերը և այրուձիու պարհակը թեթևացնելու: Այդ նպատակով կատարված աշխարհագրի հետևանքն այն է լինում, որ եկեղեցին հարկի տակ է դրվում, վանքերն ու վանականները՝ նույնպես, երկրի հարկերն ծանրանում են, Դենշապուհը նախարարներին բանսարկությամբ գժտեցնում է, հայ հազարապետին պաշտոնից հեռացնելով՝ տեղը պարսիկ է բերում և մի մոգպետ էլ դատավոր աշխարհին։ Հարկերի ծանրության մասին Եղիշեն ասում է. «Որովհետև որտեղից պետք է հարյուր դահեկան առնել, կրկնապատիկն էին առնում» :
Վերոհիշյալ նամակի հետևանքն այն է լինում, որ մի խումբ, հայ նախարարներ, սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորաթյամբ, պարսից արքունիք են կանչվում և տագնապի ու նեղության մեջ ստիպված են լինում արտաքուստ ուրանալ քրիստոնեությունը, և թագավորի հրամանն ընդունելով բազմաթիվ մոգերի ու մոգպետների հետ վերադառնում են Հայաստան՝ քրիստոնեությունը վերացնելու և մոգությունը նրա փոխարեն հաստատելու խոստմամբ։
Երբ նախարարների ուրացության լուրը հասնում է Հայաստան՝ հոգևորականությունը ամենուր քարոզիչներ է ուղարկում, և որոշվում է ամեն կերպ դիմադրել հայ նախարարներին ու պարսիկներին։ Պարսիկները փորձում են Վասակ մարզպանի աջակցությամբ իրագործել իրենց մտադրությունը, բայց զայրացած ժողովուրդը ոտքի է կանգնում, և վերահասու լինելով, որ Վարդանը և նրան շրջապատող իշխանները առերես են ուրացել և պատրաստ են իրենց հետ միասին գործելու, պարզում են ապստամբության դրոշը հայրենիքի ու խղճի ազատության համար պայքարելու։ Պարսկաստանից եկած բանակը շատերին սպանում, շատերին էլ գերի է վերցնում: Վերջիններիս թվում է լինում նաև Վասակ մարզպանը, որն այժմ կեղծորեն հավատարմության երդում է տալիս։
Մինչ նրանք այսպիսի հաջողությունների մեջ էին, գալիս է Աղվանից հազարապետը երկրի եպիսկոպոսի հետ միասին և օգնություն խնդրում պարսիկների դեմ, որոնք մեծ զորքով և մոգերի բազմությամբ եկել գրավել էին Աղվանից աշխարհը և ուզում էին այնտեղ զրադաշտական կրոն հաստատել։ Դրության լրջությունը լավ ըմբռնելով՝ Հովսեփ կաթողիկոսն ու Վարդան սպարապետր, Վասակ Սյունին և Ներշապուհ Ռմբոսյանը հատուկ պատգամավորության միջոցով օգնություն են խնդրում հունաց Թեոդոս կայսրից, իսկ իրենք ամբողջ հայոց զորքը երեք մասի բաժանելով մի մասը հանձնում են Ներշապուհ Ռմբոսյանին Ատրպատականի սահմանները պաշտպանելու, երկրորդ մասը թողնում են Վասակ Սյունու հրամանատարության ներքո՝ Միջնաշխարհը պաշտպանելու, իսկ երրորդ մասը Վարդան սպարապետի առաջնորդությամբ ուղարկում են Աղվանից երկիրը՝ այնտեղ պարսիկների դեմ կռվելու և երկրից դուրս քշելու համար։ Վարդանը պատվով ու հաջողությամբ կատարում է այս հանձնարարությունը, պատերազմի մեջ հաղթում է պարսիկներին և երկրից վտարում։ Բայց հենց այդ ժամանակ էլ լուր է առնում, թե Վասակը դավաճանել է միաբանության ուխտին և եռանդուն գործունեություն է սկսել ուխտին հավատարիմ նախարարների և նրանց ընտանիքների դեմ։ Սպարապետը անմիջապես իր զորքով վերադառնում է, Վասակին քշում Միջնաշխարհից։
Տեսնելով, որ գործը սպառնալից և վտանգավոր բնույթ է ստանում, պարսից արքան քրիստոնեական կրոնի ազատության հրաման է տալիս և խոստանում է ներել ապստամբներին, բայց արդեն ուշ է, և հայերն այլևս նրա խոստումներին վստահել չեն կարող։
Այս անցքերը տեղի են ունենում 450-451 թվականների ձմռանը: Պարսից պետության մեծ հազարապետն էլ եկել-նստել է Հայաստանի սահմաններին մոտիկ Փայտակարան քաղաքում, իր մոտ է կանչել Վասակ Սյունուն և խոստանալով նրան Հայոց թագավորությունը՝ փորձում է նրա միջոցով քայքայել հայոց միաբանությունը։ Վասակին ու նրա շուրջը հավաքվածներին մեծ պատիվներ ու պարգևներ խոստանալով՝ Միհրներսեհ հազարապետը վերադառնում է Պարսկաստան, դեպի Հայաստան արշավող պարսից զորքի գլուխ նշանակելով Մուշկան Նիսալավուրտ զորավարին։
Ճակատամարտն արդեն անխուսափելի է։ Վարդան սպարապետն իր բազմաթիվ համախոհներով՝ 66 հազարանոց բանակի գլուխ անցած գալիս բանակ է դնում Տղմուտ գետի ափին՝ Ավարայրի դաշտում, մի գեղեցիկ ճառով քաջության ու անվեհերության հորդոր է կարդում իր զորականին։
Տեղի է ունենում Ավարայրի ճակատամարտը։ Հայերն իրենց խիզախ զորավարների և արի սպարապետի ղեկավարությամբ քաջության հրաշքներ են գործում և տեղ-տեղ սաստիկ նեղն են գցում պարսիկներին, բայց ի վերջո ստիպված են տեղի տալ և պատերազմի դաշտը թողնել պարսիկներին, որոնք թվով մի քանի անգամ գերազանցում են հայերին և ունեն ռազմական փղեր։ Պատերազմի դաշտում Վարդանի և իր համհարզների հետ ընկնում են 1036 հոգի, պարսիկներից՝ եռապատիկ ավելի։ Սակայն պայքարը դրանով չի դադարում: Ցրված հայոց զորքի մի մասն ամրանում է բերդերում ու լեռներում և անվեհերությամբ շարունակում է կռիվը պարսից բռնության դեմ, մինչև որ պարսից թագավորն ստիպված է լինում տեղի տալ և զիջումներ անել Հայաստանին։
Գիրքն ավարտվում է գերության մեջ տառապող հայ փափկասուն կանանց ծանր դրության նկարագրությամբ:
Ստորև բերված են Եղիշեի Մատյանի առավել հայտնի ասույթները:
«Լավ է աչքով կույր լինել, քան մտքով»:
«Եթե թագավորը իմաստությունն իրեն աթոռակից չունի, չի կարող իր վիճակի մեջ վայելուչ լինել։ Թագավորը միայն իր համար չէ պատասխանատու, այլ նաև նրանց համար, որոնց կորստյան պատճառ է եղել»։
«Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը` անմահություն»: «Միաբանությունը բարի գործերի մայրն է, անմիաբանությունը` չար գործերի ծնողը»։

 Եղիշեի «Պատմությունը» ճակատագրական ազդեցություն է ունեցել հետագա շրջանի ողջ հայ գրականության վրա։ Այդ Մատյանի ներշնչանքով գրվել են շարականներ, բանաստեղծություններ, պիեսներ։ Եղիշեի «Պատմությունը» հիմք է դարձել նաև Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպի համար։ 

Տես նաև Մովսես Խորենացի Հայոց պատմություն, Փավստոս Բուզանդ Հայոց Պատմություն և Ագաթանգեղոս Հայոց պատմություն

Եղիշե | Վարդանի և Հայոց Պատերազմի մասին | համառոտ Եղիշե | Վարդանի և Հայոց Պատերազմի մասին | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 7:40:00 Rating: 5
Технологии Blogger.