Արթուր Կոնան Դոյլ | Բասկերվիլների շունը | համառոտ



Նշանավոր խուզարկու Շերլոկ Հոլմսին է դիմում Դևոնշիրի կոմսության Գրիմպեն թեմի գյուղական բժիշկը։ Նրա հաճախորդ և ընկեր սըր Չարլզ Բասկերվիլը մահացել է առեղծվածային պայմաններում։ Բասկերվիլների տոհմը դարեր շարունակ ապրում է Բասկերվիլ-հոլ կալվածքում, որը գտնվում է Գրիմպենյան ճահիճներով շրջապատված անհրապույր ու մռայլ վայրում։ Գոյություն ունի սերնդեսերունդ փոխանցվող լեգենդ դիվային շան մասին, որը մութ ժամերին ճահիճներում հետապնդում է Բասկերվիլներին։ Լեգենդը հաղորդում է, որ առաջին անգամ հրեշը հայտնվել է 17-րդ դարում ապրած անառակ Հյուգո Բասկերվիլին պատժելու համար։ Սա հերթական գինարբուքից հետո հարևան գյուղի ագարակատիրոջ աղջկան ճահիճներում հետապնդելիս հոշոտվել է գազանի կողմից: Այդ ժամանակից սկսած՝ շունը պարբերաբար դառնում է Բասկերվիլների տոհմի անդամների առեղծվածային մահերի պատճառ։
Բժիշկ Մորտիմերը պատմում է, որ հանգուցյալ Չարլզ Բասկերվիլը հավատում էր տոհմական լեգենդին ու գիշերները չէր համարձակվում դուրս գալ ճահիճների մոտ։ Նրա դիակը գտել են Բասկերվիլ-հոլի պուրակում, որտեղ նա սովորություն ուներ զբոսնել։ Բոլոր նշանները ցույց են տալիս, որ նա մահացել է սրտի հիվանդությունից, սակայն նրա մարմնի վրա հայտնաբերվել են նաև հարձակման հետքեր։ Բացի այդ, սըր Չարլզի մահվանից կարճ ժամանակ առաջ Բասկերվիլ-հոլի աշխատողները գիշերները մի քանի անգամ տեսել են տեղանքում փայլող ահռելի ուրվական, որը հիշեցնում էր լեգենդում նկարագրված շանը։
Մորտիմերը` որպես սըր Չարլզի վստահելի անձ, Շերլոկ Հոլմսից խորհուրդ է հարցնում, թե ինչպես վարվի սըր Հենրի Բասկերվիլի` Բասկերվիլների կալվածքի ժառանգորդի ու այդ տոհմի վերջին ներկայացուցչի հետ։ Խուզարկուն բժշկին ու ժառանգորդին իր մոտ է հրավիրում հաջորդ օրը։ Մինչ նրանց գալը Շերլոկ Հոլմսն անանուն նամակ է ստանում, որը նրան նախազգուշացնում է, որ հեռու մնա տորֆային ճահիճներից։ Հոլմսը նաև նկատում է, որ երիտասարդ բարոն Բասկերվիլին հետևում են: Թե ով է հետևում ժառանգին, պարզել չի հաջողվում։ Հոլմսի խորհրդով` Հենրին Բասկերվիլ-հոլ է մեկնում բժիշկ Վաթսոնի ուղեկցությամբ, ում հանձնարարվում է կատարվող ամեն ինչի մասին զեկուցել խուզարկուին։ Ինքը Հոլմսը, պատճառ բերելով իր զբաղվածությունը, խոստանում է Բասկերվիլ-հոլ գալ ավելի ուշ:
Վաթսոնը և սըր Հենրին մեկնում են Բասկերվիլ-հոլ: Բասկերվիլների հարևաններից մեկը՝ Ստեպլտոնը, որն ապրում է իր քրոջ հետ, իրականում հանդիսանում է սըր Չարլզի ևս մեկ զարմիկը։ Նա հմտորեն թաքցնում է դա: Շերլոկ Հոլմսի կատարած հետաքննության արդյուքնում պարզվում է, որ ուրիշ անվան տակ Բասկերվիլ-հոլի հարևանությամբ հաստատվելու և սըր Չարլզի հետ ընկերանալու և նրա վստահությունը շահելու նպատակը մեկն էր՝ սպանել նրան և տիրանալ ժառանգությանը։ Սըր Չարլզից լսելով շան մասին լեգենդը` Ստեպլտոնը որոշում է դրա միջոցով շարքից հանել հիվանդ սիրտ ունեցող ազգականին: Գնում է ահռելի չափերի շուն, տանում ճահիճների մոտ, ներկում փայլող լուծույթով ու անհրաժեշտ պահին բաց թողնում Բասկերվիլի վրա։ Սըր Չարլզը, վախենալով շնից, փորձել է փախչել ու մահացել է սրտի նոպայից։ Սըր Հենրիին որոշ ժամանակ որպես խայծ օգտագործելով՝ Հոլմսին ու Վաթսոնին հաջողվում է ջրի երես հանել սրիկային և բարեհաջող ավարտել գործը:  

Տես նաև Էդգար Պո Սպանություն Մորգ փողոցում, Ոսկե բզեզ և Բերնարդ Շոու Պիգմալիոն 

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ

Արթուր Կոնան Դոյլ | Բասկերվիլների շունը | համառոտ Արթուր Կոնան Դոյլ | Բասկերվիլների շունը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 5:57:00 Rating: 5
Технологии Blogger.