Հրանտ Մաթևոսյան | Գոմեշը | համառոտ



Տաք բուրմունքի մեջ ընկղմված գոմեշն արածում է ձորակում: Մեկ էլ՝ խոտը անհամանում, դառնում է ուղղակի չոր ծղոտ: Երակները լայնանում են և արյունը վազում է վարար, հեշտ, քչքչոցով: Ելնում է ձորակից: Մշուշի մեջ գեղեցիկ են կովերը, բայց նախրի մեջ չկա մի ուրիշ գոմեշ: Մռլնգում է: Ճնապարհվում է ուրթ: Կանգնում է վրանի դռանը, կանչում, սպասում նանի դուրս գալուն: Նանը կթում է, բայց կուրծը կիսատ է: Գոմեշի անունը Սաթիկ է: Նանը հասկանում է, որ գոմեշը ցուլ է ուզում: Հաշվում է, որ ձագին մայիսին կծնի, արև կլինի, բոխու տերև կտա: Գոմեշը աստծու կանաչ աշխարհի վրայով նայում է հեռվի շեկ հովիտներին: Այնտեղ գոմեշների շոգած խմբեր են օրորվում և նրանց մեջ տաք ու զորեղ մեկը, գլուխը բարձր բռնած, իր կանչը հղում է սրան: Գոմեշը մռլնգում է ու պոկվում բլրի գլխից դեպի ձորը: Բացատը վերջացավ և անտառում լռությունն այնպես է դարանել, կարծես գոմեշը խուլ է: Գալիս է գոմը, հետո կանգնում բակում, մռլնգում: Ահա կաղամբի մարգերն են, ցանկապատն է, իրենց շունն է՝ Բասարը, հատիկ, որ հսկում է Բասարը,- բայց ինչ է ուզում ինքը: Գնում է: Շունը հետևում է նրան: Գետնից հոտ է առնում, մղվում, սակայն սխալվել է: Շունը նրան ճանապարհում է մինչև Հոնուտի բլուր: Պպզել ու փորձում է մտապահել այդ տեղը, որ երբ հարցնեն, թե գոմեշն ուր գնաց, նրանց բերի մինչև այդ տեղը: Հայացքով ուղեկցում է գոմեշին մինչև արահետի ոլորան ու տխրում նրա հեռանալու համար: Ետ է վազում. ծտերը հիմա հատիկը կուտեն, բա~ն չի մնա: Գոմեշը արահետի հետ թեքվում է, մտնում ձորակ: Ետ է վանում աղվեսահոտը, նայում մշուշոտ հեռուներին, ուր ով գիտե, աստված դրե՞լ է մի գոմշացուլ, թե՞ ոչ: Հանդիպում է մաճկալին: Սա ճանաչում է Մանիշակ նանի գոմեշին, հասկանում, որ եկել է ցուլի. խեղճ գոմեշ, գոմշացլին քշել են մսամթերման: «Նրա ընկերոջը քշել էին սպանդանոց, նրան լծում էին եզներից ամենախելագարի հետ, շղթան հագցնում լծի կենտրոնից երկու քիլ դեպի գոմեշը՝ որպեսզի նա ջարդուխուրդ չաներ այդ անտանելի եզանը, այլ եզը նեղեր այդ ալարկոտ, ուժեղ ու խնամասեր արարածին: Մոտենում են, հպվում միմյանց և նա հասկանում է, որ դա լուծընկեր չէ: Նրա գլուխն իր մեջքին՝ գոմեշն սպասում է: Իր տաք կողերով շոյում է, ջերմությունը հպում նրան, ամբողջ նրան պարուրում իր իգությամբ, բայց նա ցելերի մեջ կեցած է լծկան ու հանդարտ: Այդ հերկվորներից մի գիշերով ու մի ցերեկով խնդրում է նրանց արվին՝ որ հետո նրանց մի մեծագլուխ գոմշուկ տա, բայց նրանք բռնել են նրա ականջից, քաշում են լծի տակ և նա իր անարու վիզը հանգիստ դնում է լծի տակ»: Գոմեշը շարունակում է իր ճանապարհը: Աղբյուրը չի գտնում: Մտնում է ինչ-որ մեկի բանջարանոցը: Մարդը երկար վազվզում է հետևից, ուզում խփել նրա փորին, չի թողնում ելնել բաց ցանկապատի դռնից, մինչև որ գոմեշը կրծքով քանդում է ցանկապատն ու մտնում հարևան բանջարանոցը: Մտնում է անտառ: Հանդիմում է գայլի: Սա խազում է կուրծը: Հետո գոմեշը հանդիպում է մի նախրապանի: Նախիրում մեկ առ մեկ հոտ քաշելով երկար փնտրում է գոմշացլին, բայց բոլորը կովեր են: Հետո նրան տեսնում է Մանիշակ նանի քույրը: Պառավը փորձում է կանգնեցնել, բայց հետևից չի հասնում: Ավազին պառկած են տղաներ ու աղջիկներ: Գոմեշը հասնում է քաղաք: Մեքենաներ են: Հովիվներ է տեսնում: Մտածում են միսը վաճառեն, գոմեշն անտեր է, բայց հովիվը խփում է մահակով, որ սա գնա: Հայտնվում է զբոսաշրջիկների երիտասարդական ճամբարում: Երվանդ Խաչատրյանը, որ ուղեկցում է լեհ աղջիկների, տեսնում է գոմեշին, որը կանգնել ու խանգարում է մեքենային անցնել: Երվանդը ճանաչում է գոմեշին: Շշունջով հարցնում է, թե ոնց է: Գոմեշի հղիանալն անցյալ անգամ էլ դժվար էր եղել: Ցլին գտել էր վերադարձի ճանապարհին, մնացել էր մոտը, բայց չէր բեղմնավորվել: Հետո երկու ամիս անց, արյունը դարձյալ տաքացավ, հին հետքերով գտել էր կաղնու հովիտը, ձագը ծնվել էր ամառվա վերջերին, բայց ցրտի տակ էր ընկել ու մեռել: Դեպի ուրթ վերելքի վրա ամբողջ օրը հատավ, բայց սարալանջի վրանախումբը ուրթ չէ. երկրաբաններ են ծակիչներ դրել: Քնում է վրանների արանքում: Երազում լիզում է այն տարվա ձագի փափուկ եղջյուրների մեջտեղը ու լաց է լինում: Ձագի բրդոտ կաշին ետ է սահում և տակը կովի հոտով հորթն է. մռութով դեն է նետում ու բղավում: Արթնանում է: Նախրի հոտ է առնում: Ջրի եկող քրդուհին հիանում է գոմեշով, որդուն խնդրում իրեն գոմեշ գնել: Քուրդը ճղում է գոմեշի ականջի ծայրը. նշան, թե իրենցն է: Մայրը կթում է, մեկ էլ հանկարծ կաթի երակները կարծրանում են, միանգամից փակվում: Ներքևի հարթավայրում գոմշացուլը զատվում է: Նայում են իրար: Ամեն բան անում է նախիրների ու գոմեշների աստվածը: Երբ նույնանում են, նա այլևս գոմեշ չէ, այլ այրվող, բաց, շեկ արգանդ: Անջատվում է գոմշացլից, ինքը փակում իրեն, դառնում առանձին, սև, մայրացու գոմեշ: Հետո գոմշացուլը հետևում է նրան, բայց դա անիմաստ է: Քուրդը ուզում է տիրանալ: Պարանը խանգարում է, որ գոմեշը գնա: Երկրաբանները շրջապատում են գոմեշին, կտրում պարանը: Այժմ պարանը չի խանգարում և նա գնում է արագ, նպատակով: Հինգերորդ օրվա երեկոյան հասնում է վրանի դռանը ու հոգնած մռլնգում. ը~ըըմ:
-Ջա՜ն,- ասաց նանը,- եկա՞ր:  

Տես նաև Հրանտ Մաթևոսյան Խումհար, Մովսես Խորենացի Հայոց պատմություն և Փավստոս Բուզանդ Հայոց պատմություն   
  
Հրանտ Մաթևոսյան | Գոմեշը | համառոտ Հրանտ Մաթևոսյան | Գոմեշը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 5:49:00 Rating: 5
Технологии Blogger.