
Պատումի հերոսը` 18-ամյա դանիացի Մալտե Լաուրիդս Բրիգգեն, որը սերում է հին ազնվական տոհմից, հայտնվում
է Փարիզում կատարյալ միայնության և չքավորության մեջ: Նրա աչքին են զարնում փարիզյան
կյանքի ոչ գեղեցիկ կողմերը՝ աղքատությունը, հիվանդները, քլորոֆորմի գարշահոտությունը,
փողոցում ինչ-որ բան վաճառել փորձող չքավորները: Նրանք ապրում են իրենց կյանքը՝ կորցնելով
անհատականությունը և մեռնում են ոչ իրենց մահով: Մալտեն նկատում է, որ մարդկության
դարերով կուտակած իմաստնության փորձը չի կարող օգնել նրանց: Մարդկությունը հիմնականում
գործ է ունեցել անարժեք մտավարժանքների հետ, որոնք չեն օգնում ճանաչել մարդու առեղծվածը:
Մալտեն գրելու մեծ ցանկություն է զգում, ահա ինչու նա գրում
է իր նոթերը: Նրա գրությունը մարդկային գոյության ամբողջական ճանաչողությանը միտված
քայլ է: Նա պիտի պարզի ոչ միայն կյանքի այլև մահվան առեղծվածը, քանի որ մահը նույնպես
մարդու էության մասն է և յուրաքանչյուր մարդ պիտի մեռնի սեփական մահով:
Նպատակ ունենալով գտնել իր անհատականությունը՝ Մալտեն դատապարտում
է իրեն մենակության: Կապը մյուս մարդկանց հետ թելադրում է գործողություններին արհեստական
երանգ և դիմակ է դնում մարդու դեմքին: Անգամ սերն է սահմանափակում մարդու ազատությունը,
քանի որ այստեղ էլ կա ուրիշի ազատությունը սահմանափակելու և նրան քեզ ենթարկելու ձգտում:
Մալտեի համար շատ կարևոր է Անառակ որդու մասին առակը: Անառակ
որդին հեռացել է տանից, որովհետև չի ցանկացել լինել սիրված, չի ցանկացել համաձայնել
ճակատագրի միայն մեկ տարբերակին: Իր թափառումների մեջ նա հույս ունի գտնել այնպիսի
սեր, որը չի սահմանափակի իր և ուրիշի ազատությունը:
Վեպում պատմվում է մեծ սիրահարների՝ Գասպար Ստամպի, Մարիանա
Ալկոֆորադոյի և Մալտեի սիրելիի՝ Աբելոնայի մասին: Նրանց դեպքում սերը մտահայեցողական
չէ, այն պատրաստ է կենդանի վերապրման և ինքնազոհաբերության: Սակայն Մալտեն այդպիսի
սիրո ունակ չէ:
Ձգտելով մեկուսանալ մարդկանցից՝ Մալտեն այդուհանդերձ մեծ
հետաքրքրություն ունի նրանց հանդեպ: Ահա ինչու Ֆլոբերի հերոսը՝ Յուլիանը, դառնում է
նրա համար ուսանելի օրինակ: Մալտեին համակում է վախի զգացումը: Դա գոյաբանական վախ
է, վախ գոյությունից, որքանով այդ գոյությունը մութ և անհասկանալի է: Ձգտելով հասկանալ
իրականությունը իր նոթերի միջոցով, Մալտեն տեսնում է, որ ավելի շուտ մղվում է հիշողությունների
և երևակայության գիրկը: Աշխարհը չունի կարգ: Ամեն բան հանգում է մտքի մեջ իրար փոխհոջորդող
պատկերների ու դրանց քմահաճության: Եվ այդուհանդերձ, զգալով դրված խնդրի առաջ իր անզորությունը,
Մալտեն իր գրության մեջ հասնում է իսկական վարպետության: Նա ցուցաբերում է պատմողի
իսկական տաղանդ: Նա, ինչպես Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր» պիեսի հերոս Իվան Կուզմիչը, տիրում
է անհամար պատմությունների գանձին, պատմություններ, որոնք նա հիշում և նկարագրում է…
Տես նաև Թոմաս Ման Կախարդական լեռը, Բուդենբրոկներ և
Ռոմեն Ռոլան Ժան Կրիստոֆ
Ռայներ Մարիա Ռիլկե | Մալտե Լաուրիդս Բրիգգեի նոթերը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 24, 2015
Rating:
