Մատթեոս Ուռհայեցի | Ժամանակագրություն | համառոտ


Երկի սկզբում նկարագրվում է երկրում տարածված սովը։ Ի տարբերություն շատ ուրիշ պատմիչների, Ուռհայեցին չի սկսում իր աշխատությունը աշխարհի արարչագործությունից կամ իրենից դարեր առաջ մեկ այլ ժամանակի և նրա դեպքերի նկարագրությամբ: Նա ներկայացնում է 2 դարից պակաս տևողության մի ժամանակահատված։
Հայ պատմիչների գերակշիռ մասը ավանդաբար գրել է զուտ հայոց պատմություն: Այն կարող էր սահմանափակվել անգամ մեկ գավառի կամ մեկ տոհմի պատմությամբ: Սակայն Ուռհայեցին, ապրելով արտակարգ բարդ ու խճճված ժամանակաշրջանում, չէր կարող սահմանափակվել հայոց պատմության այդպիսի տեղային ընդգրկմամբ, քանի որ նյութի միջավայրը ներկայացնում էր տեղանքի և բազմազգ շփումների բարդ հյուսվածք՝ Վրաստան, Աղվանք, Արաբական Խալիֆայություն, Բյուզանդիա, Բուլղարիա, Եգիպտոսի Ֆաթիմյաններ, սելջուկ թուրքեր և խաչակիրներ…
Առաջին մասի մեկդարյա պատմությունը նա շարադրել է՝ հիմնվելով իրենից «շատ առաջ ծնված ականատես և ականջալուր եղած մարդկանց ասածի հիման վրա կարդալով հին պատմագիրներին, ովքեր ականատես էին եղել բոլոր անցքերին»։ Այդ աղբյուրների անունները նա չի նշում: Իր իսկ ժամանակաշրջանի հայտնի պատմագիրներից (Շապուհ Բագրատունի, Հովհաննես Դրասխանակերտցի, Ստեփանոս Տարոնեցի, Արիստակես Լաստիվերցի) և ոչ մեկից նա չի օգտվել:
Երկրորդ և երրորդ մասերում նկարագրված դեպքերին Ուռհայեցին ինքն է ականատես եղել և այստեղ նա պարզապես վկայագիր է: Դժվար է չհամաձայնել այն գնահատականին, որը տալիս է Ուռհայեցին Բյուզանդիայի կործանարար քաղաքականությանը Հայաստանում։ Հույները հայոց երկրից հեռացնում են քաջ զինվորականներին, կտրում էին նրանց տներից և կործանում հայոց թագավորությունը: Պետականության վերացման նման պայմաններում Մատթեոս Ուռհայեցին մեծ հույսեր է կապում հայկական առանձին իշխանությունների հետ, նրանց, որ սելջուկներից և բյուզանդացիներից հեռու հիմնում էին հայ տարագիրները։
Ժամանակագիրը ատելությամբ է լցված հայկական նման իշխանությունների դեմ ոտնձգություններ կատարող ֆրանկների հանդեպ։ Կոմս Բալդուինն ըստ պատմիչի թուրքից ավելի շատ փորձանք է պատճառել քրիստոնյաներին՝ մեկ առ մեկ ոչնչացնելով հայոց բոլոր իշխանությունները: Մատթեոս Ուռհայեցին թեև ապրում և ստեղծագործում է հայ ժողովրդի պատմության ամենածանր, հայոց պետականության ոչնչացման շրջանում, այնուամենայնիվ, հուսաբեկ չէ: Նրա «Ժամանակագրությունը» շարունակել է Գրիգոր Երեցը՝ հասցնելով այն մինչև 1162-1163 թթ: Գրիգոր Երեցը պահպանում է իր նախորդի գրելաոճը: Մերկացնում է բյուզանդացիների կործանարար քաղաքականությունը հայերի նկատմամբ: «Մենք դեռ հին ժամանակագիրներից գիտենք, որ հունաց կայսրերը քրիստոնյաների փրկության համար ոչինչ չեն արել, միայն քաղաքներ և գավառներ են խլել ու թալանել»։ Ինչ վերաբերում է ֆրանկներին, ապա, ի տարբերություն Ուռհայեցու, Գրիգոր Երեցը ողջ խորությամբ չի գիտակցում նրանց բուն նպատակները։ Նրա գրած շարունակության մեջ մեծ տեղ է գրավում Քեսունի և Մարաշի ֆրանկ իշխան Բալդուինի անհայտ կորստյան (1148 թ.) առթիվ գրված ընդարձակ ողբ-դամբանականը։
Ուռհայեցու «Ժամանկագրությունը» Գրիգոր Երեցի շարունակությամբ նյութ է դառնում Սմբատ Սպարապետի «Տարեգրքի» համար։
  
Տես նաև Ղազար Փարպեցի Պատմություն Հայոց, Սեբեոս Պատմություն և Մովսես Խորենացի Պատմություն Հայոց

Մատթեոս Ուռհայեցի | Ժամանակագրություն | համառոտ Մատթեոս Ուռհայեցի | Ժամանակագրություն | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 8:15:00 Rating: 5
Технологии Blogger.