Լաո Ցզի «Դաո դե Ցզին» համառոտ



«Դաո Դե Ցզին» («Կանոնական գիրք ԴԱՈՅԻ և ԴԷԻ մասին») կրոնա-փիլիսոփայական տրակտատ է, որը կազմվել է Ք. ա. 6-րդ դ.: Հեղինակը համարվում է չինացի փիլիսոփա Լաո Ցզին:
Ուսմունքը ԴԱՈՅԻ մասին բարձրագույն իմաստնության ուսմունքն է: Բառերը չեն կարող արտահայտել մշտական ԴԱՈՆ: Իմաստունը սովորեցնում է ուսմունքը լռությամբ և անուն տալով իրերի փոփոխականությանը: Այդկերպ նա փոփոխականություն առաջ չի բերում: Անգործության իրագործումը արարում է հանգիստ: ԴԱՈՆ դատարկ է, սակայն կիրառության մեջ՝ անսպառ: Անսահման են նրա կերպարանափոխությունները: Երկինքը և երկիրը հավերժական են, որովհետև գոյություն ունեն ոչ իրենք իրենց համար:
ԴԱՈՅԻՆ նայում են և չեն տեսնում, ահա ինչու այն կոչվում է անտեսանելի: Հարկ է իմանալ նրա աղբյուրը: Պետք է սիրտը դարձնել անշահախնդիր, պահպանել հանգիստը և բոլոր իրերը կփոխվեն ինքնաբերաբար: Վերադարձը դեպի սկիզբը կոչվում է հանգիստ:
Լավ կառավարողը նա է, որի մասին ժողովուրդը գիտի միայն այն, որ նա կա: Երբ հեռացրին մեծ ԴԱՈՆ, հայտնվեցին «մարդասիրությունը» և «արդարությունը»: ԴԱՈՆ անմարմին է, աղոտ և մշուշոտ, բայց նրա մեջ են թաքնված իրերը: Ով ծառայում է ԴԱՈՅԻՆ, նույնանում է ԴԱՈՅԻՆ, ով ծառայում է ԴԷԻՆ, նույնանում է ԴԷԻՆ: Մարդը հետևում է երկրի օրենքներին, երկիրը՝ երկնքի օրենքներին, երկինքը ԴԱՈՅԻ օրենքներին, իսկ ԴԱՈՆ՝ ինքն իր օրենքներին:
ԴԱՈՅԻՆ հետևողը չի օգտվում զորքից: ԴԱՈՆ չնչին է, բայց այն հնարավոր չէ ենթարկել: Արտաքին տեսքը ԴԱՈՅԻ ծաղիկն է, տգիտության սկիզբը: Ով սովորում է՝ օրեցօր մեծացնում է իր իմացությունը: Ով ծառայում է ԴԱՈՅԻՆ՝ օրեցօր փոքրացնում է իր տենչանքները: Իմաստունը բարուն բարություն է անում, ոչ բարուն բարություն է անում: ԴԱՈՆ ծնում է, ԴԷՆ սնում է: Պահպանել ԴԱՈՆ նշանակում է մարդկանց դժբախտություն չբերել: Իր մեջ ԴԷՆ կրողը նման է նորածնի: Ով գիտի՝ չի խոսում: Ով խոսում է՝ չգիտի: Դժբախտությունը բախտավորության հիմքն է, դժբախտության մեջ է թաքնված բախտավորությունը: ԴԱՈՆ իրերի հիմքն է: Անցյալում ԴԱՈՅԻՆ հետևողները չէին լուսավորում ժողովրդին և պահում էին նրան տգիտության մեջ: Դժվար է կառավարել մեծ գիտելիքների տեր ժողովրդին:
Ոչ ազնվական մարդիկ ազնվականների հիմքն են, իսկ ցածրը բարձրի հիմքն է: Ահա ինչու ազնվականներն ու միապետները իրենց կոչում են «միայնակ», «որբ» և «դժբախտ»: Դա նրանից է, որ ոչ ազնվական մարդկանց չեն ճանաչում որպես իրենց հիմք: Դա կեղծ ուղի է:
Խելացի զորավարը ռազմատենչ չէ, խելացի զինվորը կատաղի չէ: Ռազմական արվեստն ասում է՝ ես չեմ հանդգնում հարձակվել առաջինը, ես պետք է սպասեմ: Երկնային ԴԱՈՆ չի պայքարում, բայց կարողանում է հաղթել:
Մարդը ծնվելիս նուրբ և թույլ է, իսկ մահանալիս՝ կոշտ և ամուր: Բոլոր էակները և բույսերը ծնվելիս նուրբ և թույլ են, իսկ մահանալիս՝ չոր են և փտած: Կոշտն ու ամուրը այն է, ինչը կործանվում է, նուրբը և թույլը՝ ապրել սկսողը: Այդ պատճառով հզորագույն զորքը հաղթանակ չի տանում և ամուր ծառը կործանվում է:
Ճշմարիտ խոսքերը նման են իրենց հակադրությանը: Կատարյալ իմաստունը ասում է. «Ով իր վրա է վերցնում երկրի ստորացումը՝ դառնում է երկրի ղեկավար, և ով իր վրա է վերցնում երկրի դժբախտությունը՝ դառնում է տիրակալ»:
Ճշմարիտ խոսքերը գեղեցիկ չեն: Գեղեցիկ խոսքերը չեն կարող վստայության արժանի դառնալ: Բարին պերճախոս չէ: Պերճախոսը չի կարող բարի լինել: Նա, ով գիտի, չի ապացուցում, ապացուցողը չգիտի:
Կատարյալ իմաստունը ոչինչ չի կուտակում: Նա ամեն ինչ անում է մարդկանց համար և ամեն ինչ տալիս է մյուսներին: Երկնային ԴԱՈՆ բոլոր էակներին օգուտ է բերում և չի վնասում ոչ մեկին: Կատարյալ իմաստունի ԴԱՈՆ – գործողությունն է առանց պայքարի:  
  

Տես նաև Կոնֆուցիոս «Զրույցներ», Հաֆեզ «Լիրիկա» և «Ռիգվեդա»
Լաո Ցզի «Դաո դե Ցզին» համառոտ Լաո Ցզի «Դաո դե Ցզին» համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:31:00 Rating: 5
Технологии Blogger.