Ղևոնդ | Հայոց պատմություն | համառոտ


Ղևոնդի «Պատմության» սկիզբը ամբողջությամբ չի պահպանվել։ Երկը կարող էր ունենալ ընծայական մուտք: Ղևոնդի գրավոր աղբյուրները սակավ են, ահա ինչու 8-րդ դարի դեպքերը, որոնց ականատեսն է, նկարագրված են հանգամանորեն, իսկ 7-րդ դարի դեպքերը՝ կցկտուր։
Ղևոնդի աղբյուրների թվում են Ագաթանգեղոսը, Սեբեոսը, վկայաբանական որոշ գրվածքներ, Աստվածաշունչը։ Պատմիչը շարունակում է Սեբեոսի «Պատմությունը», սակայն մոտ 20-ամյա մի ժամանակահատված (640-660 թթ.) երկու հեղինակաների մոտ կրկնվում է: Ղևոնդը լրացնում է իր նախորդին։ Բուն պատումի մեկնարկ է 661 թ.-ը, երբ իշխանության գլուխ են անցնում Օմայանները: Հենց այստեղ էր ավարտվում Սեբեոսի «Պատմությունը»։ Հատկապես արժեքավոր են Ղևոնդի տեղեկությունները արաբական խալիֆայության կողմից Հայաստանի վերջնական նվաճման մասին: Դրանց հավաստիությունը հաստատվում է բյուզանդացի (Թեոփանես) և արաբ (Բալազուրի, Իբն ալ-Ասիր) պատմիչների հաղորդումներով։ Ղևոնդը հանգամանալից ներկայացնում է զորավար Մուհամմադ Իբն Մրվանի արշավանքները 7-րդ դարի վերջում, տևական կռիվները Հայաստանում ու հարևան երկրներում։  703 թ. հայերի ապստամբությունը խալիֆայության դեմ պատմիչը նկարագրում է բավականին հանգամանալից։ Նույն բծախնդրությամբ անդրադառնում է արաբաբյուզանդական պատերազմներին, և դա թույլ է տալիս եզրակացնել, որ պատմիչը անձամբ այցելել է Փոքր Ասիա և այնտեղ ծանոթացել դեպքերի ընթացքին։ Նրա «Պատմությունը» անգնահատելի աղբյուր է խազարաց ու արաբաց երկարատև պատերազմների ընթացքը ուսումնասիրելու տեսանկյունից։ Հայերի 747-750 թթ.-ի ապստամբությունը նկարագրելիս Ղևոնդը չի թաքցնում իր քաղաքական կողմնորոշումը և համակրանքը Բագրատունիների զգուշավոր քաղաքականության հանդեպ։ Ղևոնդը արդարացնում է հայոց իշխան Աշոտ Բագրատունու վարքագիծը և համաձայն չէ Գրիգոր և Դավիթ Մամիկոն֊յանների համարձակ ու հախուռն գործելաոճին։ Պատմիչի այս տրամադրությունները հստակ երևում են 774-775 թթ. ապստամբության նկարագրության մեջ։ Խալիֆայության դաժան քաղաքականությունը քայքայում է երկիրը, հարկահանները շրջում են գավառներում, թալանում, որը պատճառ է դառնում Մուշեղ Մամիկոնյանի գլխավորած ապստամբության։ Պատմիչը համաձայն է Աշոտ Բագրատունու հետ, որը անիմաստ է համարում ապստամբել այն ժամանակ, երբ թշնամին իր հզորության բարձրակետում է։ Այդուհանդերձ, նա հակակրանքով չի հիշում Մուշեղ Մամիկոնյանին, կամ ապստամբության մյուս ղեկավարներին, որոնց թվում է նաև սպարապետ Սմբատ Բագրատունին: Ղևոնդը ոգեշնչված նկարագրում է հայոց օրհասական կռիվը՝ Բագրևանդի ճակատամարտը, թշնամու 30 հազարարոց զորքի դեմ 775 թ.-ի ապրիլի 24-ին։ Ապստամբությանը հետևած 15-ամյա դեպքերի նկարագրությունը մռայլ է։ Դարձյալ բռնություններ, կողոպուտ, նահատակվում են Սահակ և Համազասպ Արծրունի եղբայրները` մերժելով ուրանալ քրիստոնեական հավատը։ Հայ եկեղեցական գույքի կողոպուտի նկարագրությամբ Ղևոնդի «Պատմությունն» ավարտվում է: Այն չունի անգամ վերջաբան:
Պատմագիտության մեջ վեճի նյութ են Ղևոնդի «Պատմության» մեջ բերված նամակները՝ Օմար խալիֆայի թուղթը և Լևոն կայսեր պատասխանը, որոնցից երկրորդն այնքան ընդարձակ է, որ կազմում է գրքի զգալի մասը։ Նամակների իրական գոյության փաստը կասկածի առարկա չէ, քանի որ այդ մասին վկայում են հույն, արաբ ու ասորի պատմիչները։ Ենթադրվում է, թե 8-րդ դարում մի քրիստոնյա մատենագիր, հիմնվելով այն փաստի վրա, որ Օմար խալիֆան կրոնական նամակ է գրել Լևոն կայսրին, և ստացել նրանից պատասխան, ի մի է բերում այն առարկությունները, որ քրիստոնյաների ու արաբների միջև վեճի առարկա էին և Լևոն կայսեր անունից շարադրում ընդարձակ պատասխան, ուր հերքվում են մահմեդականությունն ու նրա տարբեր աղանդները։ Հունարեն գրված այս նամակները Ղևոնդը թարգմանել և զետեղել է «Պատմության» մեջ:
Ղևոնդը առաջին հայ պատմիչն է, որ օգտագործում է հայկական թվականը։ Նրանից առաջ հայ պատմիչները, սկսած 5-րդ դարից, պատմական դեպքերի ժամանակագրությունը որոշում էին արքաների իշխանության տարիներով։

Տես նաև Մովսես Խորենացի Հայոց պատմություն, Փավստոս Բուզանդ Հայոց պատմություն և Թովմա Արծրունի Պատմություն Արծրունյաց տան

Ղևոնդ | Հայոց պատմություն | համառոտ Ղևոնդ | Հայոց պատմություն | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 22:00:00 Rating: 5
Технологии Blogger.