Թովմա Արծրունի | Պատմություն Արծրունյաց տան | համառոտ


9-10 դդ. հայ պատմիչ Թովմա Արծրունին իր «Պատմություն Արծրունյաց տան» պատմական երկում ներկայացնում է Հայաստանի և առանձնապես Վասպուրականի նահանգի պատմությունը Արծրունյաց նախարարական տան պատմության հետ իր ներքին առնչակցության մեջ։ Աշխատությունը չափազանց արժեքավոր աղբյուր է ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրների պատմության համար։ Պատմիչը սկսում է իր շարադրանքը վաղ ժամանակներից և հասցնում այն մինչև մ.թ. 9-րդ դարի վերջ։ Թովմա Արծրունու մահից հետո նրա երկը շարունակում են մի քանի անանուն հեղինակներ, որոնք հասցնում են շարադրանքը մինչև 1370-ական թվականները։

Թովմա Արծրունու պատմական երկի համար աղբյուր է ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր-ժողովրդական ավանդությունը։ Պատմիչը հիշատակում է նաև օտար մատենագիրների՝ Արիստոնիկոս Քաղդեացուն, Եվսեբիոս Կեսարացուն, Հուլիանոս Հալիկառնասցուն, Փիլոն Ալեքսանդրացուն, Հովսեփոս Փլավիոսին, Հերոդոտոսին և ուրիշներին: Արծրունին օգտվել է Մովսես Խորենացուց, Ագաթանգեղոսից, Աբրահամ Խոստովանողից, Ղազար Փարպեցուց, Մամբրե Վերծանողից, Թեոդորոս Քերթողից, Կորյունից և Եղիշեից։
«Արծրունյաց տան պատմությունը» բաղկացած է չորս մասից։ Առաջին դպրությունն սկսվում է հին ժամանակներից և հասցվում մինչև 5-րդ դարի կեսերը։ Երկրորդ դպրությունը սկսվում է Վարդանանց պատերազմի նկարագրությամբ և հասնում մինչև 851-852 թթ. Արաբական խալիֆայության դեմ հայերի ապստամբության հետ կապված զարգացումները։ «Արծրունյաց տան պատմության» կարևորագույն մասն է երրորդ դպրությունը, որն անգնահատելի նշանակություն ունի 9-րդ դարի երկրորդ կեսի Հայոց պատմության լուսաբանման համար։ Թովմա Արծրունու երկը հանկարծակի ընդհատվում է երրորդ մասի ԻԹ (29)-րդ գլխի վրա, որը մեզ է հասել անավարտ տեսքով։ Այն շարունակել է ոմն Անանուն պատմիչ, սակայն Անանունի երկի վերնագիրը, սկիզբն ու վերջը նույնպես անորոշ են։

Տես նաև Արիստակես Լաստիվերստցի Հայոց պատմություն, Սեբեոս Պատմություն և Մովսես Կաղանկատվացի Պատմություն Աղվանից աշխարհի

Թովմա Արծրունի | Պատմություն Արծրունյաց տան | համառոտ Թովմա Արծրունի | Պատմություն Արծրունյաց տան | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 02, 2015 Rating: 5
Технологии Blogger.