Մխիթար Հերացի «Ջերմանց մխիթարություն» համառոտ



Տասներկուերորդ դարի երկրորդ կեսին Մխիթար Հերացին ձեռք է բերում անվանի բժիշկի հռչակ: Յուրացնելով հույն Հիպոկրատի, հռոմեացի Գալենի և արաբ Ավիցեննայի ուսմունքները և հետազոտելով զանազան բույսերի կազդուրիչ հատկությունները, կիրառում է դրանք այլևայլ հիվանդությունների բուժման մեջ: Նույն դարի վերջերին Մխիթար Հերացին ամփոփում է իր ուսումնասիրությունները «Ջերմանց մխիթարություն» տրակտատում: Գիրքն այդպես է վերնագրված, որպեսզի մխիթարի բժշկին ուսմամբ, իսկ հիվանդին՝ առողջությամբ (ուշագրավ է բառի համընկնությունը բժիշկի անվան հետ):
Իր տրակտատում Հերացին անդրադառնում է Դաշտային Կիլիկիայի խոնավ կլիմայական պայմաններում լայնորեն տարածված տենդային հիվանդությունների դասակարգման, պատճառագիտության, ախտածնության, մահճաբուժության, կանխարգելման և բուժման հարցերին: Տենդային հիվանդությունները բաժանվում են երեք խմբի՝ «միօրյա», «բորբոսային» և «հալումաշ անող»: Հատկապես ուշագրավ է տեսությունը «բորբոսային» տենդի մասին, ըստ որի` նշված տենդը վարակիչ է, իսկ դրա պատճառը մարդու արյան և մյուս հեղուկների մեջ գոյացող բորբոսն է, որը, կուտակվելով որևէ գործարանում, առաջ է բերում այս կամ այն հիվանդությունը: Սա վարակական պրոցեսի ճշգրիտ նկարագրություն է, որը տրված է դեռ մանրէների հայտնագործումից շատ առաջ: «Բորբոսային» տենդերի խմբում Մխիթար Հերացին նկարագրում է դողէրոցքը, տիֆային և արյունավարակական հիվանդությունները, ժանտախտը, բնական ծաղիկը և կարմրուկը: Տենդային հիվանդությունների դասակարգումը հիմնվում է ոչ միայն ախտաբանական ու պատճառագիտական սկզբունքների, այլև կլինիկական ուսումնասիրության, հիվանդի մանրակրկիտ հետազոտման վրա:
Հերացին մշակել է բուժման համալիր համակարգ, որը հիմնվում է դեղաբուժության (հատկապես՝ բուսաբուժության), սննդաբուժության և ֆիզիկական զբաղվածության միջոցների վրա: Լուրջ ուշադրություն է հրավիրվում նաև հոգեբուժության միջոցների վրա, օրինակ՝ ներշնչմանը՝ այդ նպատակով օգտագործելով նաև երաժշտությունը:
Հերացու «Ջերմանց մխիթարությունը» դարեր շարունակ եղել է հայ բժիշկների «Աստվածաշունչը»: Հերացին մեծ աշխատանք է կատարել նաև հայ բժշկական տերմինների ստեղծման ուղղությամբ, որոնց մի մասը գործածվում է նաև այսօր: 

Տես նաև Չարլզ Դարվին «Տեսակների ծագումը» 
Մխիթար Հերացի «Ջերմանց մխիթարություն» համառոտ Մխիթար Հերացի «Ջերմանց մխիթարություն» համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 17:35:00 Rating: 5
Технологии Blogger.