Դավիթ Անհաղթ | Արիստոտելի Կատեգորիաների մեկնություն | համառոտ


«Արիստոտելի Կատեգորիաների մեկնությունը» երկար ժամանակ վերագրվել է Ալեքսանդրյան փիլիսոփայական դպրոցի մեկ այլ ներկայացուցչի՝ Էլիաս իմաստասերի գրչին: Իրականում, սակայն, այդ երկը պատկանում է Դավթին, ինչպես նշված է տվյալ աշխատության բոլոր հունարեն ձեռագրերում:
Հայերեն տարբերակը պահպանվել է միայն մեկ ընդօրինակմամբ, այն էլ թերի վիճակում: Հայերեն եզակի ձեռագիրը (N 1930), որը պահվում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում և ժամանակին հիմք է հանդիսացել երկի հրատարակության համար, պակասավոր է. չկան աշխատության սկիզբը և վերջը, որտեղ պետք է նշված լիներ կապը Դավթի մյուս աշխատությունների հետ: Այդ աշխատություններում արված ուղղակի ցուցումները և հղումները, ի վերջո, հունարեն ձեռագրերի պարզորոշ, անհերքելի տվյալները հնարավորություն են տվել երկարատև օտարումից հետո Դավիթ Անհաղթին վերադարձնել իր երկը և լրացնել նրա փիլիսոփայական ժառանգությունը (հայերեն բնագրի առաջին հրատարակիչ Հ. Մանանդյանը, հետևելով Ա. Բուսսեի վարկածին, հրապարակել է այն Էլիասի անունով):
«Արիստոտելի Կատեգորիաների մեկնության» մեջ Դավիթ Անհաղթը կրկին անդրադառնում է հասկացությունների հարցին և գլուխ առ գլուխ վերլուծում է արիստոտելյան տասը կատեգորիաները (ստորոգությունները), տրամաբանական բարձրագույն հասկացությունները՝ գոյությունը, քանակը, որակը, հարաբերությունը, տեղը, ժամանակը, դրությունը, տիրապետումը, գործողությունը և կրավորությունը: Հայերեն պահպանված բնագրում քննության են առնված միայն գոյությունը և քանակը. մյուս կատեգորիաներին նվիրված գլուխները չեն պահպանվել:
Պահպանված 38 գլուխներում Դավիթը հանգամանորեն քննում է միջնադարյան փիլիսոփայության համար շատ կարևոր ընդհանուրի և եզակիի փոխհարաբերության խնդիրը՝ համարելով ընդհանուրը՝ սեռն ու տեսակը երկրորդային, իսկ եզակին՝ անհատը առաջնային գոյություն: Անհատ, եզակի իրերի առկայությամբ է, ըստ Դավթի, պայմանավորված սեռի և տեսակի հասկացության գոյությունը: Այստեղ նա հստակ զատորոշում է խնդրի տրամաիմացաբանական և գոյաբանական ասպեկտները և տալիս է իրարամերժ նոմինալիստական և ռեալիստական լուծումներ: Ինչպես և «Սահմանք իմաստասիրության» գրքում, Դավիթն այստեղ դրսևորում է իր լայն փիլիսոփայական իմացությունները՝ քաջ ծանոթությունը հին հունական գիտական ժառանգությանը, տարբեր փիլիսոփայական դպրոցների հանդեպ իր քննադատական վերաբերմունքն է ցույց տալիս, որպես արիստոտելականության հետևորդ: «Արիստոտելի կատեգորիաների մեկնությունը» լայն տարածում է ունեցել միջնադարյան հայկական փիլիսոփայական դպրոցներում և մեծ ազդեցություն է ունեցել տրամաբանության ուսումնասիրության ավանդույթի վրա:

Տես նաև Դավիթ Անհաղթ Պորփյուրի Ներածության մեկնություն, Եզնիկ Կողբացի Եղծ աղանդոց և Մխիթար Հերացի Ջերմանց մխիթարություն 

Դավիթ Անհաղթ | Արիստոտելի Կատեգորիաների մեկնություն | համառոտ Դավիթ Անհաղթ | Արիստոտելի Կատեգորիաների մեկնություն | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:31:00 Rating: 5
Технологии Blogger.