Ալան Ալեքսանդր Միլն | Վիննի Թուխը և բոլորը-բոլորը | համառոտ


Վիննի Թուխը խաղալիք արջուկ է: Նա Քրիստոֆեր Ռոբինի մեծ բարեկամն է և նրա հետ ժամանակ առ ժամանակ պատահում են ամենազարմանալի պատմությունները: Մի օր Վիննի Թուխը տեսնում է մեծ ծառ, որի կատարից լսվում է ուժեղ դզզոց: ԴԶԶԶԶԶ: Հասկանալի է, որ ծառն ինքը չի կարող դզզալ: Արջուկը սկսում է բարձրանալ ծառը, որպեսզի կարողանա մեղր համտեսել: Թփերի մեջ ցած ընկնելուց հետո՝ նա ուղևորվում է Քրիստոֆեր Ռոբինի մոտ, որպեսզի օգնություն խնդրի նրանից: Վերցնելով տղայից նրա կապույտ փուչիկը՝ Վիննին օդ է բարձրանում և երգում է «Ամպի երգը»: Փորձում է ամպ ձևանալ: Սակայն մեղուները շատ կասկածամիտ են: Նրանք մեկը մյուսի ետևից դուրս են գալիս փչակից և սկսում են խայթել արջուկին: Սա մտածում է, որ նրանք սխալ մեղուներ են և հավանաբար պատրաստում են սխալ մեղր: Խնդրում է Քրիստոֆեր Ռոբինին հրացանից կրակել փուչիկին: Քրիստոֆերը կրակում է, փուչիկը պայթում է, և Վիննին դանդաղ վայրէջք է կատարում: Նրա թաթերը մեկ շաբաթ մնում են օդում ցցված:
Մի օր Վիննի Թուխը հյուր է գնում Ճագարին: Նա այնքան մեղր է ուտում հյուրասեր Ճագարի մոտ, որ լռվում է բնանցքի մեջ և չի կարողանում դուրս գալ Ճագարի բնից: Թուխի հավատարիմ ընկեր Քրիստոֆեր Ռոբինը նրան հեքիաթներ է կարդում, մինչև սա նիհարում է և կարողանում է ազատվել:
Վիննի Թուխից և Ճագարից բացի անտառում ապրում են նաև Դնչիկը, Բուն (որը համարվում է մեծ գրագետ, քանի որ գիտի գրել իր անունը, թեպետ, իհարկե, ոչ առանց տառասխալների): Անտառի բնակիչներից է նաև Իա-Իա Իշուկը: Մի օր Իշուկը կորցնում է իր պոչը, իսկ Թուխը կարողանում է գտնել այն: Նա խորհուրդ է որոշում հարցնել Բուից: Նա նկատում է, որ Բուի դռան զանգակից տարօրինակ թոկ է կախված: Պարզվում է դա Իշուկ Իա-Իայի պոչն է: Թուխը բացատրում է Բուին, որ Իշուկը շատ սիրում էր իր պոչը, կարելի է ասել կապված էր դրան: Քրիստոֆեր Ռոբինը մեխով ամրացնում է այն իր տեղը, այսինքն՝ Իշուկին:
Երբեմն անտառում հայտնվում են նոր կենդանիներ, օրինակ՝ մայրիկ Կենգան և նրա որդին՝ Ռուն: Ճագարը, տեսնելով, թե ինչպես է Կենգուրու Կենգան իր պարկում կրում որդուն, որոշում է, որ դա շատ ծանր գործ է և որոշում է ազատել մայրիկին այդ հոգսից և ետ վարժեցնել Ռուին այդ վատ սովորությունից: Որոշում է գողանալ Ռուին, իսկ նրան որոշ ժամանակ կփոխարինի Դնչիկը, որը փոքր է և կարող է տեղավորվել մայրիկ Կենգայի գրպանում: Նախագիծը հաջողվում է իրագործել: Սակայն Ռու մայրիկը, հայտնաբերելով Դնչիկին և հասկանալով, որ սա իր որդին չէ, որոշում է իր հերթին կատակել և ձևացնում է, թե չի հասկացել, որ սա իր ձագը չէ: Նա լողացնում է դժգոհ ու բողոքող Դնչիկին և տալիս է նրան մի գդալ ձկան յուղ, որը սա տանել չի կարող: Երբ գալիս է Քրիստոֆեր Ռոբինը, նա չի կարողանում հաստատել, որ Դնչիկը Դնչիկն է, որովհետև սրա գույնը փոխվել է: Հուսահատ Դնչիկը պոկվում է Կենգայի գրկից և փախչում է ողջ ոժով, այնքան արագ, որքան նա դեռ երբեք ու ոչ ոքից չի փախել: Ճանապարհին սկսում է գլորվել, որպեսզի ձեռք բերի իր բնական գույնը:
Մյուս անգամ անտառում հայտնվում է Վագրը, որն ունի լայն ու բարի ժպիտ: Թուխը նրան մեղր է հյուրասիրում, սակայն պարզվում է, որ վագրերը մեղր չեն սիրում: Դնչիկին հյուր գնալուց հետո նրանք պարզում են, որ վագրերը չեն սիրում նաև կաղին: Իա-Իան խոտ է հյուրասիրում Վագրին, սակայն վագրերը խոտ չեն ուտում: Չիմանալով ինչ անել՝ ընկերները գնում են Կենգայի մոտ և այստեղ հայտնաբերում են, որ Վագրը շատ է սիրում ձկան յուղ, որն այդքան չի սիրում Ռուն: Նա բնակվում է Կենգայի տանը և օրը երեք անգամ ստանում է ձկան յուղ:
Հետո բարեկամները որոշում են Հյուսիսային բևեռ գնալ: Ճանապարհին Քրիստոֆեր Ռոբինը կարողանում է փրկվել ջրհեղեղից Վիննի Թուխի անձրևանոցի մեջ: Փոթորիկը ավերում է Բուի տունը, իսկ Իշուկ Իա-Իան նոր տուն է գտնում նրա համար: Սակայն պարզվում է, որ դա Դնչիկի տունն է: Ստիպված, Դնչիկը հեռանում է ապրելու Վիննի Թուխի մոտ:
Քրիստոֆեր Ռոբինը, որն արդեն գրել-կարդալ է սովորել, հեռանում է անտառից: Նա խնդրում է Վիննի Թուխին երբեք չմոռանալ իրեն, անգամ երբ ինքը դառնա 100 տարեկան: Թուխը հետաքրքրվում է, թե քանի տարեկան կլինի այդ ժամանակ ինքը: Քրիստոֆեր Ռոբինը ասում է, որ իննսունինը տարեկան:  
      
Տես նաև Ջեյմս Բարրի Պիտեր Պեն, Ռեդյարդ Քիփլինգ Ջունգլիների գիրքը և Ջոն Ռոնալդ Ռուել Տոլկին Մատանիների տիրակալը

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ

Ալան Ալեքսանդր Միլն | Վիննի Թուխը և բոլորը-բոլորը | համառոտ Ալան Ալեքսանդր Միլն | Վիննի Թուխը և բոլորը-բոլորը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 6:12:00 Rating: 5
Технологии Blogger.