Սերո Խանզադյան | Մխիթար Սպարապետ | համառոտ


Գործողությունները տեղի են ունենում 18-րդ դարի 20-ական թվականներին: Վեպը բաղկացած է երկու մասից: Առաջին մասը, որը կոչվում է «Փշրված շղթաներ», հաղորդում է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների, ռուսական բանակի Կասպիական արշավանքի կազմակերպման և հետաձգման մասին: Հետաձգման պատճառ են դառնում Ֆրանսիայի, Անգլիայի և Հոլանդիայի քաղաքական խարդավանքները:
Նկարագրվում են Երևանի պաշարումն ու անկումը և Արցախի Վարանդա գավառում թուրքական զորքերի ոչնչացումը: Վերջին տեսարանում հայոց սպարապետ Դավիթ Բեկը տեղեկանում է Կոստանդնուպոլսում կնքված ռուս-թուրքական համաձայնագրի մասին, որով ռուսների օգնության հետ կապված բոլոր հույսերն ի դերև են ելնում:
Երկրորդ գիրքը կոչվում է «Ճանապարհ հայոց»: Դավիթ Բեկը գժտվում է Մխիթար Սպարապետի հետ: Բեկը հակված է խաղաղ դաշն կնքել պարսիկների հետ և միավորվել ընդհանուր թշնամու՝ թուրքերի դեմ, իսկ Մխիթարը դա ամոթալի գործարք է համարում: Երկու զորավարները հաշտվում են Մարաղայի դաշտում հայերի տարած հաղթանակից հետո, որին հաջորդում է ճակատամարտում ծանր վիրավորված Դավիթ Բեկի մահը:
Սուլթան Ահմեդին հպատակվել ցանկացող հայ դավադիրների մի խումբ Տեր-Ավետիսի համաձայնությամբ հանձնում է Հալիձորի բերդը՝ հավատալով թուրք փաշայի այն խոսքին, թե հայերը, անձնատուր լինելու դեպքում կկարողանան փրկել իրենց կյանքը: Դա սոսկ թրքական սուտ երդում է: Խելագարության հասած հազարապետը զղջում է: Նա պատգամում է. «Չհավատա´ք թուրքին, հայե´րԱյսօր, վաղը և հավիտյան հավիտենից»:
Որոշ ժամանակ անց Մխիթարն իր զինակիցների ու Վայոց Ձորում եղած զորքի հետ ազատագրում է սովի մատնված Հալիձորը, Ագուլիսը և Նախիջևանը: Սակայն Արցախ արշավելու նախօրեին հայ դավաճանները սպանում են սպարապետին և նրա գլուխը ուղարկում են Թավրիզ՝ Աբդուլլահ փաշային:
Փաշան զարմանում է. «Էլ ինչո՞ւ են հայերն ազատության ձգտում, երբ իրենց ազատությունն իրենք են սպանում»: Նա արժանին է մատուցում դավաճաններին և սպանել է տալիս նրանց՝ ասելով. «Դուք հավատարիմ չեք կարող լինել ոչ մի թագավորի, որովհետև ձեր թագավորին մատնեցիք մահու»:
Վեպը ծաղրում է հոգևորականներին: Նրանք հաճախ հիշատակվում են որպես «ագռավակերպներ» կամ «վանքի առնետներ»: «Էջմիածինը միայն իր ոսկե խաչերի մասին է մտածում», իսկ «կաթողիկոսը Թավրիզից վերադարձել է Էջմիածին, որովհետև սուլթանից հրաման կա, որ թուրքերը ձեռք չտան վանքին ու կաթողիկոսին»: Երևանն ընկել է, և միայն Սյունիքն ու Արցախն են փակում թուրքերի ճանապարհը դեպի Դերբենտ և Բաքու, իսկ «վեհափառը խնդրում է գնալ Աբդուլլահ փաշայի ոտքն ու երկրպագություն մատուցել նրան, որովհետև ով գնում է սերասակյարին հպատակվելու, նա սիրով ընդունում է նրան, մեծամեծ ընծաներով հարգում ու պատվում է և թողնում, որ նա իշխանություն անի իր աշխարհում»: Մինչդեռ Դավիթ Բեկը լավ գիտեր, որ «այն երկիրը, որի ձեռքին սրի փոխարեն խաչն է, կկործանվի»:
Հայաստանը Եվրոպայի ձեռքին խաղալիք է: Հայաստանը խաղաթուղթ է, որը հարմար պահի կարող է ստիպել Թուրքիային գնալ տարածքային զիջումների: Ինքը Թուրքիան դիտվում է որպես տարածաշրջանում հավասարակշռություն ստեղծող տերություն, որը կոչված է զսպելու ռուսներին և պաշտպանելու Արևելքում Եվրոպայի շահերը:
Միայն մեկ դար անց ռուս-թուրքական արյունալի պատերազմների արդյունքում Արևելյան Հայաստանը կմիանա Ռուսաստանին:

Տես նաև Մուրացան Գևորգ Մարզպետունի, Րաֆֆի Սամվել և Խաչատուր Աբովյան Վերք Հայաստանի

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Սերո Խանզադյան | Մխիթար Սպարապետ | համառոտ Սերո Խանզադյան | Մխիթար Սպարապետ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 6:55:00 Rating: 5
Технологии Blogger.