Պաուլո Կոելիո | Ալքիմիկոսը | համառոտ


Հեղինակն ասում է, որ 11 տարի նվիրել է ալքիմիայի ուսումնասիրությանը: Նա զգուշացնում է, որ «Ալքիմիկոսը» սիմվոլիկ գիրք է:
Ուսումնասիրությունները սկսել է 70-ականների կեսերին: Գրքերը գրված էին բարդ լեզվով, իսկ մյուս ալքիմիկոսները թաքցնում էին գաղտնիքները: 1973 թ. նա սխալ է գործում և դադարեցնում է հետազոտությունները: 1981 թ. հանդիպում է Ուսուցչին, որը վերադարձնում է նրան իր որոնումներին: Նա բաժանում է ալքիմիկոսներին երեք տեսակի: Առաջինները սիրում են անորոշությունը և հաջողության չեն հասնում: Երկրորդները հասկանում են, որ ալքիմիան ուղղված է սրտին և ոչ բանականությանը: Երրորդները գտնում են փիլիսոփայական քարը իրենց կյանքով: Վեպում պատմվելու է երրորդ տիպի ալքիմիկոսի մասին:
Պատանի հովիվ Սանտյագոն որոշում է գիշերել քանդված եկեղեցում: Քնից առաջ մտածում է աղջկա մասին, որին այցելելու է 4 օրից: Նա նորից պիտի բուրդ վաճառի աղջկա հորը: Առիթ է հանդիպման համար: Ծնողները հույս ունեին, որ Սանտյագոն կդառնա քահանա: Սակայն նա գերադասում է լինել ճանապարհորդ և դառնում է հովիվ: Տղան քնում է և երազում տեսնում է, որ երեխան նրան վերցնում է իր գիրկը և ասում է, որ նա գանձ է գտնելու եգիպտական բուրգերի մոտ: Առավոտյան Սանտյագոն լինում է գուշակուհու մոտ, որն ասում է, որ նա իսկապես գանձ է գտնելու: Ցերեկը քաղաքի հրապարակում նրան հանդիպում է տարօրինակ ծերունի, որն անվերջ անհեթեթ հարցեր է տալիս իրեն: Նա ուզում է հեռանալ, սակայն ծերունին, որը ներկայանում է Մելքիսեդեկ անունով, ասում է, որ կսովորեցնի, ինչպես հասնել գանձին, եթե տղան խոստանա տալ գանձի տասներորդ մասը: Նա գծում է ավազի վրա Սանտյագոյի կյանքը և բացում է կուրծքը, որի վրա ոսկե մեդալյոն է: Նա խոստանում է պատմել գանձերի մասին, եթե Սանտյագոն հաջորդ օրը բերի իր ոչխարների տասներորդ մասը: Հաջորդ օրը, ստանալով իր ոչխարներին, ծերունին սկսում է ցուցումներ տալ: Տղան պիտի ուղևորվի Եգիպտոս: Ծերունին տալիս է երկու կրծքապան՝ մեկը կոչվում է «ուրիմ», որը նշանակում է «այո», իսկ մյուսը՝ «տումիմ», և այն նշանակում է «ոչ»:
Սանտյագոն նավով հասնում է Եգիպտոս: Ճանապարհին նրան է միանում մի մարդ, որը խոստանում է նրան հասցնել Սահարա և այնուհետև ցույց տալ բուրգերը: Ուղտեր գնելու ժամանակ այս նոր ծանոթը փախչում է՝ իր հետ տանելով Սանտյագոյի բոլոր դրամական միջոցները: Սանտյագոն աշխատանքի է տեղավորվում տեղի վաճառականի մոտ որպես գործակատար: Կես տարում կարողանում է դրամ կուտակել, սովորել արաբերեն: Այստեղ ծանոթանում է անգլիացի ալքիմիկոսի հետ: Մտադիր է գնալ Էլ Ֆայում օազիսը, որտեղ պիտի հանդիպի մեծ մոգին և ալքիմիկոսին, ով ստեղծել է կյանքի էլիքսիրը և ստացել է փիլիսոփայական քարը: Սանտյագոն որոշում է գնալ անգլիացու հետ: Նրանք միանում են քարավանին: Հորիզոնում երևում է Էլ Ֆայում օազիսը: Այստեղ է մեծ մոգը, որը սպասում է ընտրյալին, որպեսզի նրա ականջին շշնջա իր գաղտնի գիտելիքների մի մասը: Մոգին փնտրելու ընթացքում Սանտյագոն հանդիպում է մի աղջկա, որին իսկույն սիրահարվում է: Նրա անունն է Ֆատիմա և նա ցույց է տալիս, թե որտեղ կարելի է գտնել մոգին: Մոգը չի ընդունում անգլիացուն, քանի որ սա չգիտի կարդալ աշխարհի գիրքը: Մինչդեռ Սանտյագոն սովորում է շրջապատից, անապատից, դրա անձայնությունից:
Տղան գուշակում է օազիսի վրա տեղի ունենալիք հարձակումը: Պարզվում է, որ այն կազմակերպել է մեծ մոգը՝ փորձելու համար Սանտյագոյին: Նա պատրաստ է ցույց տալ Սանտյագոյին դեպի բուրգեր տանող ճանապարհը: Սանտյագոն չի ուզում գնալ: Նա ունի Ֆատիմային, նա ունի փող… Սակայն ալքիմիկոսը բացատրում է նրան, որ եթե նա չգնա իրեն վիճակված ճանապարհով, բուրգերը կմնան երազանք, և նա չի լինի երջանիկ: Պատմում է, որ մի ժամանակ ալքիմիայի բոլոր գաղտնիքները գծված էին զմրուխտի վրա: Նա սովորեցնում է Սանտյագոյին լսել իր սիրտը: Ճանապարհ են ընկնում: Գերի են ընկնում անապատում շրջող զինված խմբին: Սանտյագոն մոգի ցուցումով կարողանում է քամի դառնալ: Նա հասկանում է, որ Աշխարհի հոգին սոսկ Աստծո հոգու մի մասն է, իսկ Աստծո հոգին իր իսկ հոգին է: Եվ նա կարող է հրաշքներ գործել: Առաջնորդը բաց է թողնում ալքիմիկոսին և Սանտյագոյին:
Հասնում են ղպտիների մենաստանին: Այստեղ ալքիմիկոսը փիլիսոփայական քարի օգնությամբ ոսկու է վերածում արճճի կտորը: Բաժանում է այդ ոսկին իր և Սանտյագոյի միջև, իսկ երրորդ մասը պահում է: Սանտյագոն պիտի վերցնի այն ետդարձի ճանապարհին:
Սանտյագոն հասնում է բուրգերին միայնակ: Լսում է իր սիրտը և իմանում է, թե որտեղ պիտի փորի, որպեսզի գտնի ոսկին: Սակայն նրան թալանում են պատերազմից փախած դասալիքները: Դասալիքների առաջնորդը, լսելով Սանտյագոյի պատմությունը, ծիծաղում է նրա վրա և ասում է, որ ոչ մի ոսկի էլ բուրգերի տակ գոյություն չունի: Նա նույնպես ժամանակին երազ է տեսել, իբր Իսպանիայում քանդված եկեղեցու խորանի մոտ գանձեր կան: Սանտյագոյին ծեծում և թողնում են ավազի վրա պառկած: Բայց նա երջանիկ է: Հիմա նա գիտի, թե որտեղ փնտրել գանձը: Ճանապարհին վերցնում է ալքիմիկոսի թողած ոսկու կտորը և վերադառնում է Իսպանիա: Այստեղ, ուր արածացնում էր իր ոչխարներին, նա գտնում է ոսկեդրամներով լեցուն արկղ: «Կյանքը առատաձեռն է նրանց նկատմամբ, ովքեր շարժվում են իրենց վիճակված ճանապարհով»,- մտածում է նա: Գանձի տասներորդ մասը նա մտադիր է տալ գուշակուհուն, իսկ այնուհետև ուղևորվել սիրելիի ետևից:  
  
Պաուլո Կոելիո | Ալքիմիկոսը | համառոտ Պաուլո Կոելիո | Ալքիմիկոսը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 22:03:00 Rating: 5
Технологии Blogger.