Պարացելս «Գաղտնի փիլիսոփայություն» համառոտ



Արդեն դասավանդման ընթացքում Պարացելսը ողջ սրությամբ ի հայտ է բերում իր խզումը ավանդական բժշկության հետ: Նախ և առաջ խուսափում է դասախոսություններ կարդալ լատիներեն: Խոսում է գերմաներեն և իր դասերին հրավիրում Բազելի դեղագործներին, սափրիչներին և վիրաբույժներին: Մարտին Լյութերը ժամանակին այրել էր պապական բուլեն, իսկ Պարացելսն այրում է բժշկական աշխարհի երկու հեղինակությունների՝ Գալենի և Ավիցենայի գրքերը, ահա ինչու նրան կոչում են «Քիմիայի Լյութեր»:
Իր ուսմունքի հիմնական դրույթները շարադրում է «Գաղտնի փիլիսոփայություն» տրակտատում: Ըստ Պարացելսի քիմիան կոչված է ուսումնասիրելու բնական մետաղները մարդու համար օգտակար մթերքների փոխակերպելու եղանակները: Նա չէր կարծում, թե ալքիմիան կարող է օգնել ոսկի կամ արծաթ ստանալ. նրա համոզմամբ ալքիմիան ուսմունք է փոխակերպությունների մասին: Նրա պատկերացումները հիմնվում էին ամեն տեսակ քիմիական և բիոքիմիական տեխնոլոգիաների վրա: Հետաքրքրություն տածելով մոգության հանդեպ՝ նա վերափոխում է բժկությունը: Հերքում է տեսությունը, ըստ որի առողջությունը կամ հիվանդությունը կախված են չորս հիմնական հեղուկների հավասարակշռությունից (այս տեսությունը գալիս է Էմպեդոկլեսից): Պարացելսն առաջարկում է դիտել մարդու մարմինը որպես քիմիական համակարգ, որի մեջ հիմնական դերը խաղում են ծծումբը, սնդիկը և աղը: Սնդիկը բոլոր մետաղների նախատարրն է, իսկ ծծումբը բոլոր այրվող նյութերի տարրն է: Աղը երաշխավորում է հաստատունությունը և դիմադրում է հրին: Հիվանդությունները քիմիական տարրերի միջև անհավասարակշռությունից են: Հիվանդությունները կարելի է բուժել ոչ թե օրգանական, այլ հանքային նյութերից պատրաստված դեղամիջոցներով:
Այսպես է ի հայտ գալիս յատրոքիմիան (բուժական քիմիան): Իրար են միախառնվում աստվածաբանության, փիլիսոփայության, աստղաբանության և ալքիմիայի տարրեր, սակայն գլխավորը գաղափարն է, ըստ որի մարդու մարմինը քիմիական համակարգ է: Մեկ ուսմունքից մյուսին անցնելը դանդաղ և համբերություն պահանջող պրոցես է: Պարացելսը համարում է իրեն հեղափոխական, որը մերժում է «հեղուկների տեսությունը» և վերադառնում է Հիպոկրատի սկզբունքներին:
Յատրոքիմիական ծրագրի մյուս կարևոր կետն այն է, որ հիվանդությունները յուրահատուկ պրոցեսներ են, որոնց դեմ պիտի ուղղվեն նույնպես յուրահատուկ պրոցեսներ: Համափարփակ բուժումներ և դեղամիջոցներ գոյություն չունեն: Հիվանդությունը յուրահատուկ է, որովհետև յուրաքանչյուր կենդանի էակ ինքնավար է և ունի իր կոչվածությունը: Ամեն իր զարգանում է՝ դառնալով այն, ինչ կա ինքնին: Ուժը, որը առկա է սաղմերում և պայմանավորում է դրանց աճը, Պարացելսը կոչում է «Արքեո»: Այն հիշեցնում է արիստոտելյան ձևի նյութականացած տարատեսակը, որը կազմակերպում է մատերիայի կենդանի սկզբունքը:
Պարացելսը իր պրակտիկայի հիմնական գծերով մնում է մոգ: Սակայն նրա յատրոքիմիան բովանդակում է դրական ճանաչողական հեռանկարներ: Այն փորձում է թափանցել բնության գաղտնիքների մեջ և հմտորեն լրացնել դրանք:      
  

Տես նաև Մխիթար Հերացի «Ջերմանց մխիթարություն», Հիպոկրատ «Հիպոկրատի երդումը» և Չարլզ Դարվին «Տեսակների ծագումը»
Պարացելս «Գաղտնի փիլիսոփայություն» համառոտ Պարացելս «Գաղտնի փիլիսոփայություն» համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 7:26:00 Rating: 5
Технологии Blogger.