Մուրացան | Առօրյա զրույցներ | համառոտ


Նախկին ազգասերի գաղտնիքը

Հեղինակը պատմում է վիպասանների տարօրինակ նախապաշարումների մասին: Մարդկային սրտի խորքը թափանցելու անժույժ ցանկությունը շատ անգամ նրանց մոլորության ծայրն է տանում: Բայց նրանցից ոչ ոք չի խոստովանում դա: Այդպիսին է հեղինակի ընկերը՝ պ. Սեղբոսյանը, որն իրեն հոգեբան է անվանում: Կարծում է, որ ինքը երբեք չի սխալվում, քանի որ իրենց երկնքից շնորհ է տրված՝ գուշակելու այն ամենը, ինչ որ կատարվում է մարդկային սրտի ծածուկ խորշերում: Մի քաղցր ժպիտ, մի կրակոտ հայացք, մի թույլ դիմախաղ և գաղտնիքների վարագույրը բացված է նրանց առաջ: Մինչդեռ, իրականում, նա միշտ սխալվում է: Փողոցում քայլող որևէ կնոջ մասին ենթադրում է, որ նա ծանր վիշտ ունի, բայց դա այդպես չէ: Կամ հանդիպում է որևէ հարբեցողի ու որոշում, որ նա ողբերգական վիշտ ունի, բայց դա դարձյալ այդպես չէ: Այսպես Սեղբոսյանը ամեն անգամ նյութ է փնտրում վեպ գրելու համար, և ամեն անգամ նրա ենթադրությունները սխալ են դուրս գալիս: Մի անգամ էլ գալիս է հեղինակի մոտ և ասում, որ վերջապես գտել է վշտալի մի նյութ և պատրաստվում է այդ մասին գրել: Խոսքը գնում է Պարոն Մարջանյանի մասին: Վերջինս հայտնի ազգասեր է, որն ութսունական թվականներին նշանավոր գործիչներից էր, մասնակցում էր բոլոր ազգային գործերին, բայց այժմ նա այլանդակվել, փոխվել է, ազգային գործերով չի զբաղվում, չի հաճախում ընկերական ժողովներ, թեև ապրում է Թիֆլիսում, բայց կարծես փակված է բանտի մեջ: Սեղբոսյանը ենթադրել է, որ այս ամենն ունի խորախորհուրդ գաղտնիք, որ նա հեռացել է ազգային գործերից ընտանեկան պատճառով, այսինքն, որ նա դժբախտ է իր սիրո մեջ, և ինքը պատրաստվում է այդ մասին գրել: Հեղինակը համոզում է ընկերոջը նման բան չանել, բայց քանի որ ընկերը համառում է, նա առաջարկում է նրան ծանոթացնել Մարջանյանի կոնջ հետ, որ նա համոզվի, որ սխալ ենթադրություն է արել: Այդ կինը հեղինակի հեռավոր ազգականուհին է: Այցի ժամանակ ընկերը սկսում է տիկին Մարջանյանին անպարկեշտ հարցեր տալ՝ արդյոք վերջինս երջանիկ է, սիրում է իր ամուսնուն և այլն: Կինն ասում է, որ ինքը շատ է սիրում իր ամուսնուն, և ամուսինը ևս շատ սիրում է իրեն: Երբ դուրս են գալիս, հեղինակը բարկանում է ընկերոջ վրա, սակայն սա դեռ իր կարծիքին է: Որոշում են նորից վերադառնալ և ստույգ ներկայացնել խնդիրը: Տիկին Մարջանյանը նախ զարմանում է, ապա սրտանց ծիծաղում: Նա բերում է ամուսնու՝ վերջերս դրսից գրած նամակը և խոստում ստանալով, որ այդ մասին ոչ ոք չի իմանա, կարդում է այն: Նամակում պարոն Մարջանյանը կնոջը բացատրում է, որ այժմ ինքը չի զբաղվում ազգային գործերով, քանի որ չի ուզում վտանգել իրենց հարստությունը, որը կնոջ օժիտն է: Այն ժամանակ ինքը աղքատ էր, ազգին նվիրելու բան չուներ և կորցնելու բան էլ չուներ, իսկ հիմա ստիպված պետք է զոհի իր ունեցվածքը, ինչպես որ առաջարկում է այլոց: Կարծես մի ծանր հարված է իջնում Սեղբոսյանի գլխին, փայփայած «վիպական գաղտնիքը» ցնդում է օդի մեջ: Տիկին Մարջանյանը, որն իր անունը վիպասանի ոգևորության նյութ չդարձնելու համար բարվոք էր համարել սիրած ամուսնու և նախկին ազգասերի գաղտնիքը հայտնել, ճանապարհ է դնում նրանց ժպտադեմ: Փողոցում Սեղբոսյանն ասում է.
- Մեզ մեղադրում են, թե՝ ինչու՞ վեպ չեք գրում մեր առօրյա կյանքից. ի՞նչ կարող ենք գրել, քանի որ մեր կյանքը աղքատ է այս աստիճան: Հազիվ էի մի նյութ գտել, այն էլ ձեռքիցս խլվեցավ…:

Մարդը մտադրվում է, իսկ կինը կարգադրում

Պարոն Մաստակյանի տանը ճաշկերույթ է: Այստեղ բանավիճում են այն հարցի շուրջ, թե արդյոք կինը միշտ է ազդում տղամարդու մտադրությունների վրա: Բոլորը համակերպվել են երեք բանաձևի՝ թե կանայք կարող են ամեն սրտի տիրել, թե նրանք իսկապես կառավարում են տղամարդկանց և որ ֆրանսիական այն առածը, թե «Մարդը մտադրում է, իսկ աստված կարգադրում», պետք է փոխել այսպես՝ «Մարդը մտադրում է, իսկ կինը՝ կարգադրում»: Պարոն Մաստակյանը համաձայն չէ և ասում է, որ օրինակ Պետրոս Փուլշատյանը այնպիսի մարդ է, որ հազիվ թե գտնվի մի կին, որը կարող է այն աստիճան ազդել նրա վրա, որ վերջինս փոխի իր մտադրություններն ու որոշումները: Միսակյանը ամեն դեպքում չի համոզվում, քանի որ Մաստակյանը պատշաճ ապացույցներ չի բերում: Այդ ժամանակ խմբագիր Արտոսյանն ասում է, որ ինքն ունի մի փաստագիր: Առավոտյան աշխատակիցներից մեկը իրեն է հանձնել մի ֆելիետոն, որն ամբողջապես նվիրված է պարոն Փուլշատյանին: Ֆելիետոնը դեռ տպարան չի ուղարկել, ուստի այն կարդում է հյուրերին: Դրանում պատմվում է փաստաբան Մարուքյանի մասին, որը օրենսգետ է, առաջին փաստաբանը Թիֆլիսում, որը չի կորցնում իր պաշտպանած դատերից ոչ մեկը: Սակայն մեկ ամիս առաջ լուր է տարածվել, թե Մարուքյանը կորցրել է Վլադիկավկազի հաշտարար դատարանում 1500 ռուբլու մի դատ: Գործն այսպես է եղել: Դատարանի կոչնագիրը հանձնել են մայիսի 5-ին, իսկ գործը պիտի քննվեր մայիսի 20-ին: Նա կարող էր Վլադիկավկազ հասնել ամենաուշը երկու օրում, ուստի ուներ 13 օր՝ Թիֆլիսում նոր բարեկամուհի Մարիա Իվանովնայի հետ անցկացնելու համար: Սա մի գեղեցիկ կին է, որի կենսագրության մասին միայն գիտենք այն, որ նա Թիֆլիս է եկել մայիսյան օրերն այնտեղ անցկացնելու: Մարուքյանը նրա հետ գնում է ժողովարան, որտեղ ներկա է լինում նաև Փուլշատյանը: Հիացած կնոջ գեղեցկությամբ՝ Փուլշատյանը հարմար պահ է փնտրում նրա հետ ծանոթանալու համար: Երբ կինը մի պահ հեռանում է, նա մոտենում է Մարուքյանին, հետաքրքրվում նրանով, և խնդրում ծանոթացնել նրա հետ, սակայն Մարուքյանը ստում է, թե իբր այդ կինը խնդրել է իրեն ոչ մեկի հետ չծանոթացնել, որ նա նշանավոր ընտանիքից է և եկել է Կովկաս ճանապարհորդելու համար: Նրա հետ պետք է զգույշ լինել: Փուլշատյանը բարկացած հեռացել է: Մարիա Իվանովնայի ընկերակցությունը վայելելուց հետո Մարուքյանը հիշում է դատի մասին, բայց պարզվում է, որ բոլոր տոմսակները սպառված են: Նրան առաջարկում են գնալ պարոն Փուլշատյանի հետ, որը երկտեղանի կառքով գնալու է Վլադիկավկազ և միայնակ է: Մարուքյանը շտապում է նրա մոտ և խնդրում է նրան օգնել իրեն, տանել իր հետ, քանի որ դատը կարող է կորցնել: Պայմանավորվում են հանդիպել հաջորդ օրը ժամը հինգին: Ժամը երկուսին Փուլշատյանը գնալու է կայարան կարգադրություններ անելու, իսկ հինգին կմեկնեն: Այս ամենը Մարուքյանը պատմում է Մարիա Իվանովնային՝ նշելով, որ նման հարուստ մարդիկ իր օգնության կարիքն են ունենում, պարծենալով, թե իբր մտերիմ է նրա հետ և անգամ պատմելով, որ Փուլշատյանը իրեն խնդրել էր ծանոթացնել նրա հետ, իսկ ինքը մերժել էր: Մարիա Իվանովնան դա անքաղաքավարություն է համարում և մտքում որոշում է վրեժխնդիր լինել սիրեկանից: Հաջորդ օրը ինքը ժամը երկուսին գնում է կայարան, ծանոթանում Փուլշատյանի հետ և խնդրում իրեն տանել Վլադիկավկազ: Երբ Մարուքյանը ժամը հինգին գնում է կայարան, պարզում է, որ Փուլշատյանը մեկնել է  ժամը երկուսին: Նա գնում է փոստային սայլակով և Վլադիկավկազ հասնում է միայն երեկոյան, երբ դատն արդեն ավարտված է լինում: Այսպես կորցնում է դատը: Վերադառնում է Թիֆլիս, սակայն նրան հայտնում են, որ Մարիա Իվանովնան մեկնել է: Դրանից հետո նա ամբողջ ամիս տանջվում է՝ անհամբերությամբ սպասելով պ. Փուլշատյանին: Երբ հանդիպում է Փուլշատյանին, սա ծիծաղում է և պատմում եղելությունը: Մարուքյանին տալիս է 1500 ռուբլին, քանի որ նրան զրկել էր ճանապարհից ու ահա քավում է մեղքը: Այդ գեղեցիկ կնոջ խնդրանքը լսելով՝ մոռացել էր ամեն ինչ և կնոջ խնդրանքով հենց այդ ժամին հեռացել էին: Մի ամիս շարունակ նրանք երանության ժամեր են անցկացրել Մոսկվայում: Մարուքյանը ինքն իրեն հիմար անվանելով հեռանում է: Պատմության ընթերցումից հետո բոլորը համոզվում են, որ գեղեցիկ կինը ամեն տղամարդու էլ կարող է կարգադրել իր ուզածը և խելքից հանել տղամարդուն

Մուրացան | Առօրյա զրույցներ | համառոտ Մուրացան | Առօրյա զրույցներ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 21, 2016 Rating: 5
Технологии Blogger.