Մուրացան | Ռուզան | համառոտ


Դրաման բաղկացած է հինգ արարվածից: Արցախի իշխանապետի՝ Հասան-Ջալալի և նրա կնոջ՝ Մամքանի դուստր Ռուզանը սիրում է Ներսեհին: Հայրը նույնպես կողմ է նրանց ամուսնությանը: Սակայն Ձորափորի իշխան Պապաքը փորձում է խանգարել նրանց միությանը՝ պալատական սպասուհի Ասպրամի միջոցով վերջինիս սիրահարեցնելով Սյունյաց իշխան Համտունին: Այդ մասին իմանում է նրա սիրահար Սուրիկը՝ Ներսեհի հավատարիմը, և հայտնում Սմբատին. սա Ներսեհի մտերիմն է: Բանն այն է, որ երբ Պապաքը յոթը տարի գերի էր Թաթարստանում, Ներսեհի հայրը անիրավաբար խլել է իր այրի մոր ձեռքից Ծոփափորի իր կալվածքները և մեռնելուց հետո թողել իր որդուն՝ իբրև նրա սեփական ժառանգություն: Երբ վերադառնալուց հետո փորձել է վերադարձնել իր սեփականությունը, Ներսեհը մերժել է իրեն: Պապաքի հույսը Ջալալ իշխանի վրա էր, քանզի նա իր ազդեցիկ միջնորդությամբ կարող էր վերադարձնել տալ իրեն իր հայրենի ժառանգությունը, բայց այժմ, երբ Ներսեհն ամուսնանում է Ռուզանի հետ, նա չի ցանկանում իր միջամտությամբ զրկանք պատճառել փեսային: Ահա ինչու ինքը դեմ է այդ միությանը: Այդ հարցում Պապաքին նաև օգնում է Ռուզանի դայակը՝ Թենին, որը ևս տուժել է Ներսեհի մոր պատճառով, որ ժամանակին խոչընդոտել էր իր և Հանդաբերդի Վախթանգ իշխանի միությանը և իշխանուհի դառնալու փոխարեն այժմ նա դայակ է: Թենին կազմակերպում է Ռուզանի և Համտունի հանդիպումը: Համտունը տոհմական իրավունք ունի ամուսնանալու Ռուզանի հետ: Մի ժամանակ նա այդ մասին չէր մտածում, բայց այժմ հանկարծակի սեր է ծնվել նրա սրտում և նա շատ է ուզում ամուսնանալ գեղեցկուհի Ռուզանի հետ: Միայն թե նրանց զրույցը չի ստացվում, Ռուզանը սիրո խոստովանությունը լսելուց հետո ավարտում է զրույցը և դուրս գալիս: Համտունը իրեն մերժված է զգում, սակայն նրան հույս է տալիս Պապաքը, որը թաքնված լսում է նրանց զրույցը և եզրակացնում, թե Ռուզանը զուտ հոր կամքն է կատարում՝ ամուսնանալով Ներսեհի հետ: Իրականում Ռուզանը շատ սիրում է Ներսեհին և անհանգստացած դիմում է հորը: Հայրը, սակայն, հաստատում է, որ դստերը ամուսնացնելու է Ներսեհի հետ: Այստեղ նոր միայն Ռուզանը տեղեկանում է, որ Ներսեհը գնացել է պատերազմի թաթարաց վայրենիների գնդի դեմ: Այս լուրը թաքցրել էին Ռուզանից: Բայց ահա գալիս է Ներսեհը՝ հաղթանակած: Իշխանները դիմավորում են նրան և նրա արիության այս գործը վարձատրում են լավագույն ձևով. Ջալալը իր դստեր ձեռքը բռնելով հանձնում է Ներսեհին: Բոլորը շնորհավորում են նրանց միությունը: Միայն Համտունը չի շնորհավորում: Նա մտածում է, թե ինչպես խափանի սիրահարների ամուսնությունը, որը տեղի է ունենալու մի քանի շաբաթ անց՝ Մեծիրանից վանքում:
Բոլորը նստած են հարսանյաց սեղանի շուրջ: Այստեղ են Ջալալի եղբայր Զաքարեն, նրա մեծ փեսան՝ Ումեկը, և այլ իշխաններ: Երջանիկ են: Երգում են: Շուտով պետք է գնան վանքը: Բայց հանկարծ գուժկանը հայտնում է, որ Չարմաղան զորապետի եղբայր Ջոլան ահագին բանակով հասել է Առջաձոր. գնդերից մի քանիսը դիմում են դեպի ամրոցը: Իշխաններն անակնկալի են եկած: Նրանք պատրաստ չեն պատերազմի և անելանելի վիճակում են: Ջոլայի հետ է նաև Բուրա-Նուին՝ եղբորորդին: Ներսեհն է դարձել նրա հոր մահվան պատճառը, և նա այժմ պետք է վրեժ լուծի: Այս ամենը կազմակերպել է դավաճան Համտունը՝ ցանկանալով վրեժ լուծել Ջալալից, որ Ռուզանին իր տոհմական իրավունքի համաձայն իրեն կնության չտվեց: Սյունյաց և Բագրատունյաց տոհմի կանայք և տղամարդիկ ըստ ավանդույթի միմյանց հետ են ամուսնանում: Համտունը ներկայացրել է, որ Ջալալը ունի մեծ հարստություն և մի գանձ՝ Ռուզանին: Բուրա-Նուին որոշում է Ջալալի դստերը կնության առնել և բարեկամություն հաստատել նրա հետ: Իսկ հորեղբայրը ավելի շատ կողմնակից է ջարդին: Ջալալի եղբայր Զաքարեն որպես պատգամավոր ընծաներով գնում է նրանց մոտ՝ հաշտություն խնդրելով, սակայն Բուրան հայտնում է իր պայմանը: Ռուզանին տալու դեպքում կդադարի պաշարումը և չի կործանի Համտունի խորհրդով հավաքած հազար կապյալներին: Զաքարեն այս ամենը հայտնում է եղբորը, իշխանները հավաքվում են քննելու հարցը: Հայրը չի կարող զոհել դստերը, որոշում են պատերազմել, թեև ակնհայտ է նրանց պարտությունը. թշնամու բանակը չափազանց մեծ է թվով և պատրաստ պատերազմի: Հայրենասեր Ռուզանը պատրաստ է զոհել իրեն, սակայն նրան փակի տակ են պահում և թույլ տալիս միայն մատուռ գնալ աղոթելու: Այս ընթացքում Պապաքը զրուցելով պառավ դայակ Թենիի հետ, նրան բացատրում է, որ պետք է Ռուզանին ցույց տալ փախուսի ճանապարհ, որպեսզի անմեղ մարդիկ չմեռնեն: Չէ՞ որ նրանք բոլորը կոչնչանան, եթե Բուրային մերժեն: Նա կգրավի Խոխանաբերդը և կոչնչացնի բոլորին: Ռուզանը ինքն է Թենիին դա խնդրում, երբ երկուսով մտնում են մատուռը աղոթելու: Աղջիկը նաև վերցնում է դայակի մատանին, որի քարի տակ մահաբեր թույն կա. որոշել է վերջում խմել այն, որպեսզի թշնամին չտիրանա իրեն: Թենին զղջում է իր արածի համար, բայց մյուս կողմից մտածում է, որ այդպես կփրկվեն բազմաթիվ անմեղ հայեր՝ մայրեր, երեխաներ, ծերունիներ, իսկ ինքն էլ ազատած կլինի Ռուզանի արդար հոգին: Այսպես Ռուզանը թշնամու բանակ հասնում է անմիջապես այն պահին, երբ թիկնապահ Աբուն Բուրային հայտնում է Ջալալ իշխանի մերժումը և տեղեկացնում, որ նա պատրաստվում է հարձակման: Բուրան դահիճներին հրամայում է կոտորել նախ գլխավոր կապյալներին, բայց այդ պահին հայտնվում է Ռուզանը, ասում, որ ինքը թաքուն է հեռացել և պատրաստ է իրեն զոհել, որպեսզի իր պատճառով անմեղ մարդիկ չմեռնեն: Այժմ Բուրան հիացած է ոչ միայն նրա գեղեցկությամբ, այլև խիզախությամբ, արդարությամբ: Նույնիսկ ասում է, որ ինքը կսովորի հարգել քրիստոնեական կրոնը, եթե այն կարող է այսպիսի հատկանիշներ ծնել մի աղջկա մեջ: Ռուզանը փոխարենը պահանջում է իր հոր իշխանության մշտական ազատություն: Բուրան պետք է ազատի կապյալներին, դուրս հանի իր զորքը և գլխատի դավաճան Համտունին: Այս ամենը Բուրան իրագործում է: Որոշ ժամանակ անց նրանք արդեն հեռու են և այժմ Ռուզանը պետք է երջանկացնի նրան: Աղջիկը մեկ ժամ է խնդրում աղոթելու համար: Մենակ մնալով՝ խմում է թույնը: Քիչ անց լուր է տարածվում, որ հայերը հարձակվել են իրենց վրա: Հանկարծակի հարձակման արդյունքում թաթարական գունդը նահանջում է, Բուրան ևս կարողանում է ազատվել: Ծերուկ Ջոլան մեռնում է: Հայ իշխաններից մեռնում է Պապաքը: Երբ գտնում են Ռուզանի վրանը, աղջիկն արդեն բավականին թույլ է լինում: Ջալալն ու Ներսեհը զրուցում են նրա հետ, արտասվում են: Ռուզանը երջանիկ է, որ նրանք իր կողքին են: Խնդրում է ներել Թենիին: Զաքարեն ասում է, որ եթե Ռուզանի փախուստը չլիներ, նրանք չէին կարող կազմակերպվել, զորք հավաքել և հաղթել թշնամուն: Ռուզանը երջանիկ է: Հանգիստ մեռնում է: Բոլորը օրհնում են նրան:        

Մուրացան | Ռուզան | համառոտ Մուրացան | Ռուզան | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:07:00 Rating: 5
Технологии Blogger.