Գյուստավ Ֆլոբեր | Զգացմունքների դաստիարակություն | համառոտ


«Զգացմունքների դաստիարակություն» վեպում, որի երկրորդ տարբերակը ստեղծվել է 1869-ին, Ֆլոբերը նորից վերադառնում է ժամանակակից Ֆրանսիայի իրականությանը: Վեպի «Երիտասարդ մարդու պատմությունը» ենթավերնագիրը վկայում է այն մասին, որ Ֆլոբերը շարունակում է դարի առաջին կեսի գրողների Բալզակի և Ստենդալի ավանդույթները՝ երիտասարդ հերոսների օգնությամբ քննել հասարակական միջավայրի ազդեցությունը անձի բնավորության ձևավորման վրա: Ֆրեդերիկ Մորոն, ինչպես և Էմմա Բովարին, պատկանում է ռոմանտիկական ոգով դաստիարակված սերնդին: Այդ է պատճառը, որ մեկնելով Փարիզ, նա երազում է հոգևոր բարձր կյանքի մասին. «Դրամ ստեղծելու պլանների, ապագա կտավների սյուժեների, ապագա սիրային կապերի մասին: Նա գտնում էր, որ իր կատարելության արժանի երջանկությունը հապաղում է: Նա կարդում էր մելամաղձոտ բանաստեղծություններ»: Նա վեպ է գրում, որի հերոսը ինքը՝ Մորոն է և իր սիրուհին, վարձում է դաշնամուր՝ վալսեր հորինելու համար: Հենց այդ երազանքներով լի կյանքն է նրա անկարողության և անհետևողական վարմունքի պատճառ դառնում: Ինչպես հասարակական, այնպես էլ սիրո բնագավառում նա պասիվ մարդ է: Ռոմանտիկական զգացմունքները խանգարում են նրան ճիշտ ընկալել իրականությունը և կյանքում գտնել իր տեղը: Ուստի նա ևս, Էմմա Բովարիի նման, դիմում է այնպիսի գործողությունների, որ չեն համապատասխանում նրա բնավորությանը: Ի վիճակի չլինելով ներգործել կյանքի վրա, նա տրվում է կյանքի հոսանքին: Վեպում հերոսի ապառոմանտիկականացման ընթացքը պատկերված է որպես իրական հանգամանքների արդյունք: Ֆլոբերը Ֆրեդերիկի «դաստիարակներ» ասելով ենթադրում է ոչ թե նրանց, ովքեր իրոք պատկանում էին ռոմանտիկական ուղղությանը: Գրողը հեգնանքով նկատում է՝ «Նա հավատում էր, որ գոյություն ունեն դիվանագետներ, որոնք շարժվում են կուրտիզանուհիների խորհրդով, հավատում էր բանսարկության միջոցով շահավետ ամուսնություններին, տաժանակիրների հանճարեղությանը և ուժեղ ձեռքին հնազանդ պատահականությանը»: Այս ամենը ակհայտ հեգնանք է՝ ուղղված ոչ թե ռոմանտիկ գրողներին, այլ Բալզակին, որ իր վառ անհատների աշխարհով, ինչպես տաժանակիր Վոտրենն էր, Ֆլոբերին թվում էր անիրական: Դա Ֆրանսիայի անցյալն էր, մի դարաշրջան, երբ երկրի իշխանությանը տիրած բուրժուազիան դեռ ընդունակ չէր ծնել խոշոր անհատներ: Այստեղ չկան հերոսներ, իդեալներ, կրքեր, մեծ գործեր: Նման պայմաններում ձևավորվող անձնավորությունը մանրախնդիր է: Ֆրեդերիկ Մորոն զուրկ է մինչև իսկ իրական փառասիրությունից, որ ընդունակ կլիներ մղել նրան մեծ գործերի իրականացման: Չնայած այն բանին, որ նա վեպի ավարտին դեռ երիտասարդ է, նրա կյանքը ըստ էության արդեն ավարտվել է: Նա ոչ միայն չի հասնում իր նպատակին, այլ ուղղակի զուրկ է նրանից: Ձանձրալի և չնչին են նրա լավագույն հիշողությունները:


Գյուստավ Ֆլոբեր | Զգացմունքների դաստիարակություն | համառոտ Գյուստավ Ֆլոբեր | Զգացմունքների դաստիարակություն | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 22:29:00 Rating: 5
Технологии Blogger.