Բալզակ | Շագրենի կաշին | համառոտ


Վեպը եռամաս է: Մասերն ունեն հետևյալ վերնագրերը՝ Թալիսման, Անսիրտ կինը, Հոգեվարք: Առաջին մասի գործողությունները տեղի են ունենում 1829 թ.։ Վեպի գլխավոր հերոսը՝ Ռաֆայելը այցելում է խաղատուն, ապա դուրս գալով խաղատնից ուղղվում է դեպի Սենտ-Օնորե փողոցը։ Հասնում է Սեն գետին. մտադիր է ինքնասպան լինել: Հանկարծ նկատում է ցուցանակ, որի վրա գրված է «Օգնություն խեղվողներին»։ Շարունակելով առաջ գնալ, մտնում է հնավաճառի խանութ, որտեղ ծեր հնավաճառը նրան առաջարկում է շագրենի կաշի: Կաշվի վրայի գրությունը, հնավաճառի ասելով, սանսկրիտով է։ Ռաֆայելը կարդում է հետևյալ տողերը՝    «Եթե տիրես ինձ, կտիրես ամեն ինչին: Բայց քո կյանքը կպատկանի ինձ: Աստծու կամքն է այդ: Կամեցիր, և քո կամքը կկատարվի: Բայց քո տենչանքները համապատասխանեցրու քո կյանքին: Քո կյանքն այստեղ է: Յուրաքանչյուր ցանկության հետ ես կպակասեմ, բայց կպակասեն և քո օրերը: Ուզում ես տիրել ինձ: Վերցրու: Աստված կլսի քեզ: Ամեն»։   
Ռաֆայելի ամեն ցանկություն այժմ կարող է իրականանալ, բայց  դրան զուգահեռ կպակասեն նրա կյանքի օրերը։ Ռաֆայելը համաձայնվում է և պահում է առաջին երազանքը՝ արքայավայել ճոխ ճաշկերույթ։
Նա դուրս է գալիս հնավաճառի խանութից և ճանապարհին հանդիպում լրագրող Էմիլին, որը հայտնում է Ռաֆայելին, որ իրենց հրավիրել են ճաշի։ Ռաֆայելը կարծում է, որ դա պատահականություն է և ոչ թե հրաշք։ Նա խոստովանում է Էմիլին, որ մի քանի ժամ առաջ պատրաստվում էր նետվել Սենը: Էմիլը փորձում է պարզել, թե որն է եղել Ռաֆայելի այդ մտադրության պատճառը։
Երկրորդ մասում Ռաֆայելը պատմում է իր կյանքի պատմությունը։ Նրա հայրը ազնվական էր։ Լյուդովիկոս 16-րդի կառավարման վերջին տարիներին հաստատվել է Փարիզում: Տաս տարի առաջ հերոսը կորցրել է մորը և ապրում էր հոր հետ։ Նրա հայրը, որ ճարպիկ մարդ էր, կարողանում է բարձր դիրք գրավել, բայց հեղափոխությունը ամեն բան փոխում է։ Նա կարողանում է ամուսնանալ մեծահարուստ մի աղջկա հետ և կայսրության ժամանակաշրջանում վերագտնում է իր նախկին դիրքը։
1926 թ. աշնան վերջին, երբ Ռաֆայելը քսաներկու տարեկան էր, հայրը մահանում է՝ թողնելով նրան միայնակ։ Ռաֆայելը որոշում է ապրել համեստ կյանք մի հյուրանոցում, որի տնտեսուհու՝ տիկին Գոդենի անուսինը անհետ կորել է Հնդկաստանում։ Գոդենը հավատում է, որ բարոնը մի օր հարստացած կվերադառնա։ Նրա դուստրը՝ Պոլինը, սիրահարվում է Ռաֆայելին, բայց վերջինս դա չի նկատում։ Ռաֆայելը խրախճանքների մեջ է։
Մի օր փողոցում հանդիպում է Ռաստինյակին՝ իր ընկերոջը, որը նրան հեշտ հարստանալու մի տարբերակ է առաջարկում՝ ամուսնանալ հարուստ կնոջ հետ։ Ռաֆայելը սիրահարվում է բարձրաշխարհիկ տիկին Ֆեոդորային, ով լսել անգամ չի ուզում ամուսնության մասին։ Ռաֆայելն իր ողջ գումարը ծախսում է Ֆեոդորային սիրաշահելու համար։ Սնանկացած հերոսը գնում է խաղատուն, որտեղ մի անգամ նրան հաջողվել էր քսանյոթ հազար ֆրանկ շահել. բայց այս անգամ նա պարտվում է իր վերջին գումարը և որոշում ինքնասպան լինել։
Էմիլին այս ամենը պատմելուց հետո Ռաֆայելը հիշում է շագրենի կաշվի մասին: Հանում է գրպանից և մտապահում է քսան հազար ֆրանկ։ Նրանք դնում են կաշին թղթի վրա և գծում են նրա չափը։ Ցանկությունն իրականանում է։ Առավոտյան գալիս է Կարդո անունով փաստաբանը և հայտնում է, որ Կալկաթայում մահացել է Ռաֆայելի անժառանգ բարեկամը և նրան է թողել վեց միլիոն ֆրանկ։
Լսելով լուրը՝ Էմիլն ու Ռաֆայելը չափում են շագրենի կաշին և տեսնում են, որ այն կարճացել է։ Ռաֆաելը ցնցված է։ Բոլորը կես կատակ կես լուրջ ցանկություններ են առաջարկում Ռաֆայելին։ Նա ոչ ոքի չի լսում։ Հարուստ է, բայց միևնույն ժամանակ՝ գրեթե մեռած, որովհետև թալիսմանն իրական ուժ ունի։ Ռաֆայելն սկսում է չափից ավելի խմել ու հարբել, որպեսզի մոռանա իր աղետալի զորությունը։ Երրորդ մասում պատմվում է, թե ինչպես մի ծերունի անցնում է Վարեն փողոցով՝ փնտրելով մարկիզ Ռաֆայել դը Վալանտենի տունը։ Ծերունին եղել է Ռաֆայելի ուսուցիչը։ Ռաֆայելի տանը պատին փակցված է շագրենի կաշին: Ուսուցիչը նրանից պաշտոն է խնդրում որևէ քոլեջում: Ռաֆայելը պատահմամբ ասում է «Ես սրտանց ուզում եմ․․․․»։ Կաշին փոքրանում է։ Նա բարկանում է ուսուցչի վրա և հրամայում դուրս վռնդել նրան։
Ռաֆայելը թատրոնում հանդիպում է Պոլինին։ Աղջկա հայրը վերադարձել է և նրանք այժմ հարուստ են։ Պոլինն ու Ռաֆայելը հանդիպում են տիկին Գոդենի նախկին հյուրանոցում։ Ռաֆայելը սիրահարված է։ Աղջիկը խոստովանում է, որ ինքը միշտ սիրել է նրան։ Վերադառնալով տուն, Ռաֆայելը որոշում է ազատվել շագրենի կաշվից և այն նետում է ջրհորը։
Զույգն ապրում է միասին։ Մի առավոտ այգեպանը գալիս է տուն և հայտնում է, որ գտել է կաշին։ Այն բավականին փոքրացած է։ Ռաֆայելը զարմացած է։ Գնում է բնագետ Լավրիլի մոտ։ Կաշին մեծացնելու փորձերն ապարդյուն են։ Այցելում է մեխանիկ Պլանշեին, ով ճնշման միջոցով փորձում է մեծացնել կաշին։ Փորձը տապալվում է։ Ռաֆայելն այցելում է նաև քիմիկոսին։
Պոլինը Ռաֆայելի մոտ հիվանդության նշաններ է նկատում։ Իր ընկերոջը՝ երիտասարդ բժշկին, խնդրում է զննել ամուսնուն։ Բոլոր հրավիրված բժիշկները կրկնում են ախտորոշումը։ Առաջարկում են նրան մեկնել որևէ հանգստավայր: Ռաֆայելն ուղղևորվում է Էքս: Շուտով, սակայն հասկանալով, որ մահը մոտ է, նա վերադառնում է Փարիզ, որտեղ շարունակում է թաքնվել Պոլինից, բայց վերջինս գտնում է նրան։ Վերջին ցանկությունը՝ լինել Պոլինի հետ, գործում է մահացու. Ռաֆայելը մահանում է։

Բալզակ | Շագրենի կաշին | համառոտ Բալզակ | Շագրենի կաշին | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 20, 2015 Rating: 5
Технологии Blogger.