Լուկրեցիուս | Իրերի բնության մասին | համառոտ



  • Փիլիսոփայական պոեմը բաղկացած է 6 գրքից: Առաջին գրքում պոետը դիմում է Վեներային, որ նա օգնի իրեն Մեմիուսի ձոնված այս պոեմը շարադրել և գեղեցկություն պարգևել իր գրչին, քանզի պատրաստվում է քննել երկնքի և աստվածների էությունը և իրերի ու երևույթների սկիզբը: Այնուհետև փառաբանում է հույն փիլիսոփա Էպիկուրին, որին համարում է իր ուսուցիչը: Աստվածների մերժման մեջ օգտվում է Իփիգենիայի մասին պատմությունից՝ ցույց տալու համար, որ աստվածավախությունը թունավորում է մարդկանց երկյուղով, իսկ մարգարեներն ընդունակ են հորինել ամեն տեսակ ցնորաբանություններ:  
    Առաջին գրքի փիլիսոփայական թեզն այն այն մասին է, թե ինչը չի կարող ոչնչանալ և այն մասին, որ իրերը չեն կարող ոչնչից գոյանալ, իսկ գոյանալով՝ ոչնչանալ, որովհետև ամեն բան ծնվում է գոյություն ունեցող մատերիայից: Մատերիան հավերժական է: Բնությունը ղեկավարում է իրերը անտեսանելի մասնիկների միջոցով: Դրանք անբաժան ատոմներն են: Լուկրեցիուսը մերժում է կրակի, որպես բացարձակ նախատարրի մասին Հերակլիտոսի ուսմունքը: Նմանապես մերժում է նաև Էմպեդոկլեսի և Անաքսագորասի ուսմունքները: Երկրորդ գրքի մեջ քննում է ատոմների շարժման, դրանց շարժման արագության, դրանց զուգակցման և այլ խնդիրներ, աստվածների չմասնակցությունը տիեզերքի արարմանը, կյանքի ու զգացմունքի ծագումը, աշխարհի մահացման նշանները:
    Երրորդ գրքի մեջ շարադրում է իր խորհրդածությունները մարդկային հոգու մասին: Հոգին և ոգին կազմում են մի էություն և իշխում մարմնի վրա: Բաղկացած են անտեսանելի մանր մասերից՝ ատոմներից: Մերժելով հոգու անմահությունը Լուկրեցիուսը մերժում է միաժամանակ նաև հոգու տեղափոխությունը մի մարմնից մյուսը:Նա քննադատում է Պլատոնի իդեալիզմը և ոգու տեղափոխության պլատոնյան ուսմունքը: Խելքն ըստ Լուկրեցիուսի ապրում է մարդու կրքի մեջ, իսկ հոգին սփռված է ողջ մարմնով: Մահից հետո հոգին քայքայվում է ինչպես մարմինը: Մարդը չպետք է վախենա հանդերձյալ երևակայական աշխարհից, որը հույները կոչել են տարտարոս, և այն տանջանքներից, որ իբր սպասում են նրան այնտեղ: Երրորդ գիրքն ավարտվում է մահվան անխուսափելիության մասին մտորումներով: Մահին ենթակա են ոչ միայն սովորական մարդիկ, այլև աշխարհի հզորները՝ Սկիպիոնը, Դեմոկրիտը, Էպիկուրը
    Չորրորդ գրքում Լուկրեցիուսը շարադրում է իր մտքերը իմացաբանության, մարդու զգացմունքների և իմացական բովանդակ աշխարհի մասին: Ճանաչողության աղբյուրը զգայականությունն է: Առարկայից անջատվում են փոքրիկ մասնիկներ, որոնք հասնում են մարդուն և զգայարանների միջոցով տպավորվում նրա մտքում: Զգայարանները չեն խաբում մարդուն և նա ճանաչում է առարկան, ինչպես որ այն կա:
    Հինգերորդ գրքում հաղորդվում է, թե ինչպես է աշխարհը ստեղծվել «մահկանացու մարմնից» և ունեցել է սկիզբ, ինչպես են ստեղծվել ծովը, երկինքը, աստղերը, արևը, լուսինը, կենդանի էակները: Այդ բոլորն ունի վախճան և ավարտ: Բոլոր էակներից միայն մարդն է օժտված բանականությամբ, բնությունը զուրկ է բանականությունից, հետևաբար այն չունի աստվածային զգայականություն: Կրակը առաջին անգամ մարդուն տվել է կայծակը և ոչ աստվածները: Կարիքը հարկադրել է մարդուն անուններ տալ իրերին: Նախապես մարդիկ արտաբերել են միայն հնչյուններ, իսկ հետո՝ անցել հոդաբաշխ խոսքի: Կրակի գյուտը խթանել է մարդկության գյուտարարությունը և զարգացումը: Հինգերորդ գրքի վերջում Լուկրեցիուսը գրում է մետաղների գյուտի մասին: Դա թույլ տվեց մարդուն գործիքներ ունենալ և տարբեր իրեր պատրաստել՝ հագուստ, սպասք, կահավորանքԱռանձին ոգևորությամբ է Լուկրեցիուսը նկարագրում երկրագործական աշխատանքը:
    Վեցերորդ գիրքը սկսվում է Աթենքի գովքից: Այդ քաղաքը ծնել է Էպիկուրին: Մարդու սնահավատության երկյուղը պիտի ցրի հենց բնությունը: Բոլոր երևույթները ինքնաբացատրվող են և կարիք չկա դիմելու գերբնական ուժերին դրանք բացատրելու համար: Գիրքն ավարտվում է Աթենքի համաճարակի նկարագրությամբ: Այստեղ պոետը նպատակ ունի ցույց տալու մարդու անզորությունը բնության ուժի առաջ:

    Տես նաև Վերգիլիոս Էնեական, Օվիդիուս Սիրո արվեստը և Ապուլեոս Կերպարանափոխություններ
Լուկրեցիուս | Իրերի բնության մասին | համառոտ Լուկրեցիուս | Իրերի բնության մասին | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:34:00 Rating: 5
Технологии Blogger.