
Ռասինի և Կոռնեյլի դրամատիկական
պրակտիկան իր ամփոփումն է ստանում ֆրանսիական կլասիցիզմի քննադատ և տեսաբան Նիկոլա
Բուալոյի «Քերթողական արվեստ» չափածո տրակտատում, որը Պուշկինը կոչում է ֆրանսիական
կլասիցիզմի «Հուրան»: Տրակտատը ազդված է Արիստոտելի «Պոետիկայից» և Հորատիուսի «Ars Poetica»-ից:
Բուալոն համակարգում է ֆրանսիացի
կլասիցիստների տասնամյակներ շարունակ մշակած դրույթները: Պոեզիան պիտի ղեկավարվի բանականությամբ,
քանզի բանականությունն է գտնում ճշմարիտը և գեղեցիկը բնության մեջ, իսկ արվեստի խնդիրը
հենց բնությանը նմանակելն է: Բանաստեղծին պիտի հուզեն ոչ թե մասնավոր, այլ համընդհանուր
երևույթները: Արվեստը պիտի մաքրվի հրապարակայինից, գռեհիկից և ցածրաճաշակից: Ժողովրդական
պոեզիա և թատրոն գոյություն չունի: Առակը տեղ չունի գրականության մեջ, ահա ինչու Լաֆոնտենը
և իր առակները Բուալոյի կողմից պարզապես չեն հիշատակվում: Անընդունելի է նաև ֆարսը,
ահա ինչու Մոլիերից կարելի է պահել միայն այն գործերը, որոնք զուրկ են ֆարսից: Ուսուցանելի
են պալատական և ազնվական միջավայրի բարքերը: Գյուղացու կենցաղը արվեստի առարկա չէ:
Հարկ է նմանակել անտիկականությանը
և պահպանել անտիկականությունից ժառանգված հիմնական գրական ժանրերը՝ էպիկան, քնարերգությունը
և դրամատուրգիան: Հուզականությունը պիտի վերահսկվի բանականությամբ, այնպես ինչպես
դա տեղի ունի Ռասինի պիեսներում: Ողբերգության հեղինակը պիտի հետևի որոշ սկզբունքների:
Հարկավոր է պահպանել տեղի, ժամանակի և գործողության միասնության օրենքը: Հերոսների բնավորությունները
պիտի լինեն հակասական և բարդ: Ձևը և բովանդակություն պիտի ներդաշնակ լինեն, իսկ ոճը՝
բարձր, սակայն միաժամանակ՝ պարզ:
Բուալոյի առաջադրած սկզբունքներին
իդեալականորեն համապատասխանում են Ժան Ռասինի ինտելեկտուալ ստեղծագործությունները:
Կենցաղայինը, պատահականը, մասամբ հենց կյանքայինը Ռասինի պիեսներում ենթարկվում են
բանական մշակման: Կերպարները դառնում էին իդեալականացված, գաղափարները՝ վերացական:
Շեքսպիրի ստեղծագործական մեթոդի համեմատությամբ Ռասինի մեթոդը նշանակում է ռեալիզմի
էական նեղացում և սահմանափակում, անջատում ժողովրդական արմատներից:
Խաղալով իր որոշակի առաջադիմական
դերը, Բուալոյի պոետիկան հետագայում հայտնաբերում է իր պահպանողական կողմը: Այն խանգարում
է կյանքի և արվեստի մերձեցմանը: Տասնութերորդ դարի գրեթե բոլոր առաջադեմ թատերական
գործիչները, տեսաբաններն ու գրողները պայքարում են բուալոյական ավանդույթների դեմ:
Նիկոլա Բուալո-Դեպրեո | Քերթողական արվեստ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 05, 2015
Rating:
