Խորխե Լուիս Բորխես | Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները


Վստահության արժանի մարդիկ են պատմում ( թեև Ալլահն ավելի գիտե), թե Բաբելոնի կղզիներում առաջին օրերին եղել է մի թագավոր, որ կանչել է իր բոլոր մոգերին ու ճարտարապետներին և կառուցել այնքան նրբամիտ ու այնքան վարանամիտ մի լաբիրինթոս, ուր չէին համարձակվում ոտք դնել անգամ ամենախելացի քաջերը, իսկ մտնողները կորչում էին: Այդ կառույցը խայտառակություն էր, քանի որ շփոթությունն ու չնաշխարհիկը Աստծուն և ոչ թե մարդկանց վայել գործեր են:
Մի անգամ արքունիք այցելեց մի արաբ թագավոր, և Բաբելոնի թագավորը (ծաղրելով հյուրի միամտությունը) նրան մտցրեց լաբիրինթոս, որտեղ նա անարգված ու շփոթված թափառեց մինչև երեկո: Այդ ժամանակ թագավոը աստվածային օգնություն խնդրեց և գտավ դուռը: Ոչ մի բողոք չարտահայտեցին շուրթերը, բայց Բաբելոնի թագավորին ասաց, թե ինքն Արաբիայում ունի առավել ճարտար լաբիրինթոս և, եթե Աստված կամենա, մի օր ցույց կտա: Հետո վերադարձավ Արաբիա, հավաքեց իր զորավարներին և այնպիսի հաջողությամբ ջախջախեց Բաբելոնի թագավորությունը, որ կործանեց պալատները, կոտորեց մարդկանց և գերեվարեց թագավորին: Նրան կապեց արագավազ ուղտի վրա և տարավ անապատ: Երեք օր ճամփա գնալուց հետո ասաց. «Օ՜հ, թագավոր ժամանակի, նյութ ու թիվ դարերի, աստիճաններով ու պատերով կառուցված մի բրոնզե լաբիրինթոսում էիր ինձ ուզում կորցնել, հիմա Ամենակարողը պարգևել է իմը քեզ ցույց տալ, ուր ոչ բարձրանալու աստիճաններ կան, ոչ բացելու դռներ, ոչ էլ ճանապարհդ կտրող պատեր»:
Հետո կապերն արձակեց և թողեց անապատում, ուր նա սոված ու ծարավ մեռավ: Աստծո փառքը Նրան, ով չի մեռնում:

Խորխե Լուիս Բորխես | Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները Խորխե Լուիս Բորխես | Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 6:19:00 Rating: 5
Технологии Blogger.