Գրիմ եղբայրներ | Անտառի տնակը


Խիտ անտառի մոտ կար մի խրճիթ։ Խրճիթում կնոջ և երեք աղջիկների հետ ապրում էր մի աղքատ փայտահատ։ Մի առավոտ կնոջն ասում է.
- Այսօր գործը մինչև կեսօր չեմ վերջացնի. մեր ավագ աղջկա հետ ինձ համար ճաշ կուղարկես անտառ։ Ես մի տոպրակ կորեկ կվերցնեմ, շաղ տալով կգնամ, որ այդ նշանով գա ու ճանապարհը չկորցնի։
Կեսօրին մեծ աղջիկը կերակուրը վերցնում, ճամփա է ընկնում։ Բայց արտույտները, սարեկներն ու դեղձանիկները շաղ տված կորեկն արդեն կերեն են, և աղջիկը չի կարողանում հոր հետքը գտնել։ Գնում է, գնում, մինչ արևը մայր է մտնում, և մութն ընկնում է։ Ծառերը շրշում են խավարում, բվերը կանչում, կռնչում, և աղջիկը սկսում է վախենալ։ Հանկարծ տեսնում է՝ հեռվում, ծառերի միջից մի կրակ է փայլփլում։
- Այնտեղ երևի մարդիկ են ապրում, գնամ նրանց մոտ մնամ այս գիշեր,- մտածում է աղջիկն ու գնում այն կրակի վրա։
Գնում է հասնում մի տնակի, դուռը ծեծում է։
- Ո՞վ ես, ներս արի,– կանչում է ներսից մի ձայն։
Աղջիկը ներս է մտնում, տեսնում է՝ նստած մի ալևոր մարդ, գլուխը կախած, սպիտակ մորուսն ալիքաձև իջնում է մինչև հատակը։ Աղջիկը պատմում է ծերունուն, թե ինչպես է ինքը մոլորվել անտառում, և խնդրում է, որ տեղ տա գիշերը մնալու։ Ծերունին դիմում է իր կենդանիներին՝ հավիկին, աքլորին և կովին: Կենդանիները միասին պատասխանում են.- Լա՛վ։- Այդ ժամանակ ծերունին աղջկանն ասում է.
- Ներս արի, գեղեցիկ աղջիկ, մեր դուռը բաց է, տունը՝ լիքը։ Ներս արի, մոտեցիր օջախին, կերակուր պատրաստիր մեզ համար։
Աղջիկը մտնում է խոհանոց և, ճիշտ որ, ամեն բան գտնում է առատ-առատ։ Մի լավ ընթրիք է պատրաստում, բերում է ծերունու առաջ ճոխ սեղան է բաց անում, ինքն էլ նրա հետ նստում և ուտում։ Հետո հարցնում է՝ ես հոգնած եմ, որտե՞ղ քնեմ։ Կովը, հավն ու աքլորը պատասխանում են.
- Ամեն բան նրա հետ կերար ու խմեցիր, չնայեցիր անգամ մեզ. գնա, քնի ուր կուզես։
Այդ ժամանակ ծերունին ասում է.
- Բարձրացիր, սանդուղքի գլխին մի սենյակ կա։ Այդ սենյակում երկու անկողին կաանկողինները պատրաստ են, ես էլ կգամ, կքնենք։
Աղջիկը բարձրանում է, անկողինները գցում և ծերունուն չի սպասում, ինքը պառկում է քնում։ Մի քիչ հետո ծերունին գալիս է, մոմի լուսով նայում է աղջկանը ու գլուխը օրորում։ Գիշերվա մի ժամի, երբ տեսնում է՝ խորը քնած է, մահճակալի տակին մի գաղտնի դուռ է լինում, բաց է անում, աղջկան թողնում ցած ու կրկին փակում։
Փայտահատը իրիկունը տուն է գալիս, բարկանում է կնոջ վրա, որ իրեն ամբողջ օրը սոված է թողել։
- Ես ի՞նչ անեմ,- պատասխանում է կինը,- ճաշը տվել եմ մեր մեծ աղջկան, ուղարկել, ինչպես երևում է, ճանապարհը կորցրել է, չի գտել, ինքն էլ ետ չի եկել դեռ։ Փայտահատը մյուս օրն էլ առավոտյան վաղ գնում է անտառը։ Պատվիրում է, որ այս անգամ միջնեկ աղջիկը տանի ճաշը։
- Այսօր ոսպ կվերցնեմ,- ասում է,- որ ճանապարհին շաղ տամ։ Ոսպը կորեկից խոշոր է, աղջիկս հեշտ կտեսնի ու ճանապարհը չի կորցնի։
Կեսօրին միջնեկ աղջիկը կերակուրը վերցնում, ճամփա է ընկնում։ Գնում է, գնում, ոչ մի տեղ ոսպ չի գտնում։ Իրականում դարձյալ թռչունները կերել են, մի հատ չեն թողել։ Աղջիկն անտառում թափառում է, թափառում, գիշերը ընկնում է նույն ծերունու մոտ, հաց ու քնելու տեղ է խնդրում։ Ծերունին դիմում է կովին, հավին ու աքլորին.
- Լա՜վ,- պատասխանում են կենդանիները։ Միջնեկ քույրն էլ մեծ քրոջ նման ընթրիք է պատրաստում, ծերի հետ ուտում, խմում, կենդանիների վրա ուշք չի դարձնում։ Երբ հարցնում է, թե՝ ես որտեղ պիտի քնեմ: Նրան ցույց են տալիս տեղը: Հենց գնում է՝ ետևից գնում է ծերունին, գլուխը օրորում ու դարձյալ թողնում է ներքևում։ Երրորդ առավոտ փայտահատը կնոջն ասում է.
- Այսօր մեր փոքրիկ աղջկա ձեռքով ուղարկի ճաշը։ Նա բարի է և ուշադիր։ Նա ճանապարհը կգտնի, իր քույրերի նման չէ, որ դեսուդեն ընկնի։ Մայրը չի ուզում երրորդ աղջկանն անտառը ուղարկել։ Լաց է լինում, ասում է.  - Աչքիս սևն ու սպիտակը սա է մնացել, ինչո՞ւ ես ուզում սրան էլ կորցնել մեծերի նման։
- Դու հանգիստ մնա,- ասում է փայտահատը,- սա չի կորչի, սա այնքան խելոք է, որ... Ես այսօր սիսեռ կտանեմ ճանապարհին շաղ տալու։ Սիսեռը ոսպ չի, նրանով անպատճառ ճանապարհը կգտնի։ Բայց երբ աղջիկը ճաշն առած անտառն է մտնում, թռչուններն արդեն սիսեռը կերած են լինում։ Աղջիկը մնում է տարակուսած. չի իմանում, որ կողմը գնա։ Մտածում է, տխրում, թե հիմա հայրը կսովածանա, մայրը լաց կլինի... Փնտրում է, փնտրում, հորը չի գտնում։ Երբ մութն ընկնում է, հեռվից տեսնում է անտառի տնակի լույսն ու գնում է այդ լուսի ուղղությամբ։ Մտնում է ներս, տեղ է խնդրում, ու ալեհեր ծերունին դարձյալ դիմում է իր կենդանիներին.
- Լա՜վ...- պատասխանում են կենդանիները։ Այդ ժամանակ աղջիկը մոտենում է, գուրգուրում հավին ու աքլորին, կովի ճակատը քորում։ Ծերունու պատվերով ընթրիք է պատրաստում, դնում սեղանին ու ասում.
- Ինչո՞ւ ես պետք է ուտեմ, այս բարի կենդանիները քաղցած նայեն։
Գնում է, ցորեն բերում, լցնում հավի ու աքլորի առաջ, կովի համար էլ խոտ։
- Կերեք,- ասում է,- սիրելիներս, հիմա ջուր էլ կբերեմ։
Գնում է, մի դույլ ջուր է բերում։ Ամենքին կերակրում է, հետո ինքն է նստում ուտում, ինչ որ թողել էր ծերունին։ Իսկ երբ քնելու ժամանակը գալիս է, ասում է.
- Ժամանակը չի՞ արդյոք, որ ամենքս էլ հանգստանանք...
Լա՜վ,— պատասխանում են կենդանիները։ Մեզ հետ կերար դու միասին, ու հոգացիր մեր մասին, բարի գիշեր քեզ, երազանքդ թող աստված կատարի։
Այստեղ աղջիկը բարձրանում է վերև, անկողինները պատրաստում։ Ծերունին գալիս է, քնում։ Ինքն էլ մյուս մահճակալին է պառկում ու քուն մտնում հանգիստ։ Գիշերվա մի ժամանակ տունը հանկարծ դղրդում է, կարծես քանդվում ու տակնուվրա է լինում։ Աղջիկը վախեցած զարթնում է, բայց աղմուկն անցնում է, ինքն էլ քնում է նորից։ Առավոտյան աչքը բաց է անում ու ի՞նչ տեսնում։ Տեսնում է՝ պառկած է մի մեծ, շքեղ զարդարած ու կահավորած դահլիճում, շուրջը թավիշ ու ոսկի, հարավային փարթամ բույսեր ու ծաղիկներ այրվումվառվում են առավոտյան արևի ճառագայթների տակ։ Տեսնում է, բայց աչքերին չի հավատում, ասում է՝ երազի մեջ եմ երևի։ Ներս են մտնում երեք ճոխ հագնված ծառաներ, խոնարհ գլուխ են տալի ու հարցնում.
- Ի՞նչ կհրամայեք, տիրուհի։
- Լա՛վ, լա՛վ, գնացեք,- պատասխանում է քնաթաթախ աղջիկը,- հիմա վեր կկենամ, ծերունու համար կերակուր կպատրաստեմ, կովին, հավին ու աքլորին կհոգամ։
Կարծում է, թե ծերունին էլ արդեն վեր է կացել։ Նայում է նրա անկողնին, տեսնում է՝ ծերունին չկա, տեղը պառկած է մի օտար երիտասարդ ու գեղեցիկ երիտասարդ... Եվ ահա երիտասարդը աչքերը բաց է անում ու այսպես խոսում զարմացած աղջկա հետ.
- Լսի՛ր, գեղեցիկ աղջիկ։ Ես այս երկրի թագավորի որդին եմ։ Չար վհուկը կախարդել էր ինձ ու դատապարտել, որ ես ծերունու կերպարանքով ապրեմ անտառում, ոչ ոք չլիներ ինձ հետ, բացի իմ երեք ծառաներից, նրանք էլ կովի, հավի ու աքլորի կերպարանքով։ Եվ այդպես պետք է մնայինք, մինչև հայտնվեր այն բարի աղջիկը, այն քնքուշ սիրտը, որ ոչ միայն մարդկանց, այլև կենդանիներին լիներ սիրող ու կարեկից... Այդ աղջիկը դու եղար։ Քո շնորհիվ այս գիշեր, կեսգիշերին, մենք ամենքս ազատվեցինք կախարդանքից, և իմ պալատը, որ դարձել էր անտառի մի հին տնակ, նորից դարձավ նախկին պալատը։
Ու կանչում է թագավորը իր ծառաներին, որ գնան, աղջկա ծնողներին բերեն հարսանիքի։
- Բայց որտե՞ղ են իմ քույրերը,- հարցնում է աղջիկը։

- Նրանց ես փակել եմ ներքնահարկում,- պատասխանում է երիտասարդը։- Վաղը կուղարկեմ անտառը, այնտեղ ածխարարի մոտ ծառայեն ու այնքան մնան, մինչև որ դառնան ավելի բարի ու սովորեն մտածել կենդանիների մասին։

Գրիմ եղբայրներ | Անտառի տնակը Գրիմ եղբայրներ | Անտառի տնակը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 1:36:00 Rating: 5
Технологии Blogger.