
Այն բաժանված է բակերով, որոնցից ամեն մեկի
մեջ բնակվում է մի առանձին հարեմ՝ իր աղախիններով ու փոքրիկ, մինչև տասը տարեկան
տղա-սպասավորներով: Այն հովանավորված է մշտականաչ ծառերով և ծաղիկներով, ուր
վարդենին թագավորում է բոլորի վրա: Մեղմ-կուսական ժպիտով ծփում են լճակները և
արծաթափայլ ջուրը, մարմարյա շատրվաններից դեպի բարձր և բարձ արտահոսելով, ցողում է
մարգարտյա կաթիլները:
Խորին, սրբազան
լռությունը տիրել է հարեմխանայի վրա: Կարծես թե ամբողջ բնությունը նիրհում է
հսկայական քնով, արթուն է միայն մի հոգի՝ մանկահասակ մի կին: Սևամորթ աղախինը,
սիրամարգի փետուրներից հյուսած հովհարով զով է սփռում նրա երեսին և զվարճացնում
նրան՝ պատմելով հրապուրիչ հեքիաթներ ջիններից, գեղեցիկ հուրիներից և փերիներից,
մինչև որ նա քնի: Սևամորթ աղախինը Մարջանն է, իսկ մանկահասակ կինը՝ Զեյնաբ-խանումը՝
ազգությամբ հայ: Զեյնաբը հարցնում է Մարջանին՝ արդյոք նա սիրահարված եղել է:
Խափշիկը պատմում է իր պատմությունը, թե ինչպես Աֆրիկայի խորին անապատներից
վայրենիների մի բազմաթիվ խումբ հարձակվեց իրենց ցեղի վրա: Նրանք պարտվեցին: Սիրեցյալը՝
Բիլալը, սպանվեց այդ կռվում: Նրա վերջին խոսքն այն էր, որ չկարողացավ ազատել
Հուդիին (այդ ժամանակ այդպես էր Մարջանի անունը): Գերի ընկավ ուրիշ շատ աղջիկների
ու տղաների հետ, ապա իրենց վաճառեցին հնդկացի վաճառականներին, տարան Բոմբա,
որտեղից էլ ինքը բերվեց Պարսկաստան, և տիկինը գնեց իրեն: Այժմ էլ հաճախ երազում
տեսնում է Բիլալին՝ Աբեսինիայի հեղեղատի ափերում թափառելիս և խխունջներ հավաքելիս,
որ զարդարի իր պարանոցը: Մարջանը լաց եղավ: Զեյնաբ-խանումը ասում է, որ այդ տխուր
պատմությունը իրեն հիշեցնում է մեկ այլ պատմություն և պատմում է իր իսկ
պատմությունը: Մի քաղաք կա, որում նստում էր Գուրջիստանի թագավորը: Դրախտը շատ մոտ
է այդ երկրին: Դրախտից բխած գետերից մեկն անցնում է այդ քաղաքի միջով և ջրում
ծաղիկներով զարդարված դաշտերը: Այդ քաղաքում կային մի աղջիկ ու մի տղա՝ Ալմաստն ու
Մեխակը, որ սիրում էին իրար, ծնվել էին նույն օրը և նույն ժամին և նրանց ծնողները
վճռել էին նրանց ապագան և օրհնել երեխաների ամուսնական նշանադրությունը: Հանդիպում
էին լուսնկա գիշերներում, վայելում սիրո քաղցր րոպեները: Սակայն շուտով արևելքից
հայտնվում է մի ներքինի թագավոր՝ զորքով: Կողոպտում են բնակիչներին, կոտորում են
ալևորներին, մորթում են ծծկեր երեխաներին, մանկահասակ աղջիկներին ու տղաներին գերի
են տանում: Ալմաստին ևս տանում են և այդ ժամանակվանից նա տեղեկություն չունի
Մեխակից: Թագավորի գլխավոր զորապետերից մեկը՝ մի Շահզադե, Ալմաստին նշանակում է իր
հարեմի մեջ որպես նշանավոր տիկիններից մեկը: Նրան կերակրում են մեղրով ու շաքարով,
բայց նա միշտ հիշում է իր հարազատներին, տեսնում է ծնողների ու ազգականների
դիակները՝ թավալված արյան մեջ, և նրա սրտում մի զարհուրելի ատելություն է
ստեղծվում դեպի այդ դահիճը, որ խլեց իրեն հայրենական օջախից ու, այսուամենայնիվ,
իրեն կին է անվանում: Մի քանի տարի անց Ալմաստը մերձակա այգիներից մեկում
պատահական հանդիպում է մի անծանոթ տղամարդու, որը ծնկի է գալիս նրա առջև և ասում,
որ եթե ճանաչի իրեն, չի բարկանա: Հանձին տղայի տիկինը ճանաչում է Մեկախին: Տղան
պատմում է, որ ինքը ևս գերի է եղել, այժմ կոչվում է Քերիմ-բեկ, կառավարում է իրեն
գերի անող զորապետի՝ քաղաքի Սար-Ասքերի կալվածները: Առերես ուրացել է, բայց
իրականում քրիստոնյա է և սիրում է Ալմաստին: Այնուհետև նրանց խոսակցությունը
ընդհատվել է աղախինների գալու պատճառով: Մարջանը հասկանում է, որ պատմությունը
վերաբերում է իր տիրուհուն և խոստանում է կազմակերպել նրանց հանդիպումը հենց
տիկնոջ սենյակում: Այդպիսի խորամանկությունների դիմում են խանումներից շատերը,
որոնք դրսում ունեն սիրահարներ: Խորամանկ խափշիկը հնար է գտնում՝ խաբելով
ներքինապետ Հեյդարին, թե իբր Զեյնաբ-խանումին տիրել են դևերն ու ջինները, անդադար
բզզում են նրան, վախեցնում և պետք է կախարդ կանչել, որ օգնի նրան: Գաղտնիքը գիտի
նաև Զեյնաբի ստրուկ Սայիդը, որը սիրում է Մարջանին և պատրաստ է ամեն ինչ անել նրա
համար: Զեյնաբ-խանումը նրանց օգնության փոխարեն խոստանում է շնորհել ազատություն:
Քերիմ-բեկին սիրահարվել է զորապետի դուստր Մահին: Սար-Ասքերը ինքը կողմ է այս
ամուսնությանը, քանի որ Քերիմ-բեկը իբրև գերի բերվելով Թիֆլիսից, կրոնափոխ է եղել,
այսքան տարի ծառայել է իրեն, բացի այդ կռվում փրկել է իր կյանքը, ուստի նա արժանի
է իր դստեր ամուսինը դառնալու և ժառանգությունը ստանալու համար: Այս ամենը նա
հայտնում է Քերիմ-բեկին, որը, փորձելով խուսափել չսիրած աղջկա հետ ամուսնանալուց,
զորապետին խաբում է, թե իբր ինքը ուխտ է արել նախքան Մեքքա գնալը չամուսնանալ: Երբ
գնա և դառնա հաջի, այն ժամանակ կամուսնանա: Զորապետը ողջունում է նրա այսպիսի
ցանկությունը և ասում, որ նրա վերադարձից հետո նոր միայն հարսանիք կանեն:
Քերիմ-բեկին այցելում է Մարջանը, պատմում տիրուհու մասին, և պառավի հագուստներ
տալով նրան, տանում ապարանք: Քերիմ-բեկը իբրև կախարդ կին մտնում է Զեյնաբ-խանումի
մոտ: Քերիմ-բեկը ասում է, որ նրանք կարող են հանդիպել Սալոմեի տանը: Սալոմեն՝
կախեթցի Գիորգիի աղջիկը, իրենց քաղաքից էր, հաճախ օգնում էր նրանց հանդիպումներ
կազմակերպելիս: Նրան ևս գերի են վերցրել, այժմ ամուսնացած է մի ավազակ պարսիկի
հետ, որին, սակայն, սիրում է: Իրենց տուն երկու պարսիկ էին մտել, փոքրիկ եղբորը՝
Սոսիկոյին սպանել էին մոր աչքերի առաջ և մայրը տեղում մահացել էր: Ապա երեխային
սպանողը կտրել էր մոր մատները՝ մատանիները հանելու համար: Իր համար վիճել էին և մի
պարսիկը, որն այժմյան ամուսինն է և ավելի բարեսիրտ էր, սպանել է մյուսին՝
Սոսիկոյին սպանողին ու մոր մատները կտրողին: Ունի փոքրիկ երեխա: Ամուսինը՝
Ղաֆար-բեկը, իրականում եղել է թիկնապահ զինվոր Սար-Ասքերի մոտ, բայց նրան
դատապարտել էին գլխատման մի իշխանի կնոջ առևանգելու համար, և այժմ դարձել է
ավազակապետ, թեև երբեք աղքատի հացը չի խլել: Խորամանկ Մարջանը ներքինապետին ասում
է, թե իբր կախարդ պառավը կարգադրել է, որ խանումը քառասուն օր սենյակից դուրս չգա,
և այնտեղ ևս մարդ չմտնի: Իրականում Քերիմ-բեկը աննկատ հեռացել է գիշերը, իսկ
խանումը այժմ կախարդ պառավի հագուստով դուրս է գալիս իր սենյակից ու գնում Սալոմեի
մոտ: Այնտեղ կա մի հիվանդ տղամարդ, որին Սալոմեն բուժում է: Գալիս է Քերիմ-բեկը,
զրուցում են: Շուտով նրանց է միանում ավազակապետ Ղաֆար-բեկը: Նա վիրավոր է,
ընկերներից մեկին բռնել են, իրեն ճանաչել են, և
հիմա պետք է հեռանալ Թեհրանից: Որոշում են փախչել Հայաստան: Այս ընթացքում
որսից վերադառնում է իշխանը: Ցանկանում է տեսնել Զեյնաբ-խանումին, բայց
ներքինապետը պատմում է, թե ինչ է եղել և որ պետք է քառասուն օր հեռու մնալ նրանից:
Իշխանը որոշում է այդ գիշեր այցելել Բագիմ-խանումին՝ Խալաֆ-բեկի դստերը: Բայց նա
ևս ունի սիրեցյալ՝ Միրզա-Շաֆին՝ երգիծաբան մի բանաստեղծ: Աղախին Ֆերուզի միջոցով
տեղեկացնում են Բագիմ-խանումին վերադառնալ սիրեցյալի մոտից, ուր գնացել էր ծածուկ,
ընդունելու իշխանին:
Այս ընթացքում
Քերիմ-բեկին, Ղաֆար-բեկին, Սալոմեին փոքրիկ երեխայի հետ և Զեյնաբ-խանումին
հաջողվում է հեռանալ Պարսկասատնից: Ղաֆար-բեկը վիրավոր ընկերոջը տանում-հանձնում է
սիրեցյալ կնոջ խնամքին, իշխանի ապարանքից հանում է Մարջանին և Սայիդին և
գիշերապահակների հետ կռվելուց հետո, որի ժամանակ Քերիմ-բեկը վիրավորվում է, նրանք
ճանապարհ են ընկնում իրենց բնիկ հայրենիքը՝ դեպի Հայաստան:
Վեպն անավարտ է:
Ներկայացված է միայն երկրորդ մասի Ա գլուխը:
Անցել
է երկու ամիս: Նկարագրվում է Արարատի լեռներում, ձորի մեջ գտնվող մի այր, որտեղ թաքնվել
են մոտ քսան ավազակներ: Չորացնում են
իրենց զենքերը, միս են խորովում, ուտում: Քիչ հեռու կապված է մի գերի թուրք: Որոշ
ժամանակ անց հրացանի ձայն է լսվում: Մեխակն է, գալիս է: Հինգ հոգի են, մեկը քահանա
է: Ընթրիքից հետո բոլորը քնում են, երկու հոգի մնում են արթուն՝ հսկելու
ձիաններին:
Րաֆֆի | Հարեմ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июля 05, 2016
Rating:
