Րաֆֆի | Զահրումար | համառոտ



«Զահրումար», «Ոսկի աքաղաղ» և «Մինն այսպես, մյուսն այնպես» վեպերի թեման հայ վաճառականությունն է՝ իր զարգացման տարբեր ու շատ որոշակի շրջափուլի մեջ
Վեպերում կա ընդհանուր գաղափարական կապ՝ «եռապատումի» դրսևորումներ, առանց սակայն գործող անձանց ու գործողությունների ուղղակի առնչակցության: Իր հոդվածներում Րաֆֆին զարգացնում է այն միտքը, որ հայ վաճառականները, չկարողանալով հետևել «լուսավոր ազգերի առաջխաղացման նախանձելի հատկություններին», կառչած են մնացել շահութաբերության հին եղանակներին, «հազարավոր անուղղակի ճանապարհներով» են վարում իրենց գործունեությունները և դուրս են մղվում ասպարեզից: Այս կարգի վաճառականության անխուսափելի  կործանումը Րաֆֆին պատկերել է «Զահրումար» վերպում՝ հանձին Ճանճուր Իվանիչի և նրա առևտրական տան: Նոր պայմաններում խաբեությունը՝ ասիական առևտրի այդ փտած եղանակը, այլևս չի կարող շահույթ ապահովել, ուստի նա պահանջում է, որ զարկ տրվի «վաճառականության գիտական արհեստին»:
Կովկասյան նահանգի գավառաքաղաքում բնակվում է Հացի-Գելենց Օհանեսի որդի Ղաղո անունով հարուստ վաճառականը: Ծնողները մահանում են խոլերայից, փոքրիկ Ղաղոն մնում է անխնամ և աղքատության մեջ: Թաղի ծխատեր քահանա տեր-Մարուքի բարերարությամբ, նրան իբրև աշկերտ հանձնում են մրգավաճառ Պաճո-Սոսիկոյի մոտ: Լինելով առողջ և վստահ երեխա՝ Ղաղոն դառնում է կատարյալ կինտո, ամեն օր անվճար գնում է մրգավաճառներից մրգեր, լցնում իր ահագին տաշտը, գլխի վրա դրած, կշեռքը ուսից քարշ տված, վաճառում է իր մրգերը: Այսպես Կինտո Ղաղոն ժառանգում է իր սիրելի վաճառքի անունը՝ Ճանճուր: Տասնվեց տարեկանում Ճանճուր Ղաղոն դառնում է բազազխանայի աշկերտ, կրթվում առևտրի արհեստում և «մի քանի հարյուր մանեթ ձեռքը ձցելով», իր համար փոքրիկ բազազի խանութ բացում, ընդարձակում իր վաճառականական ասպարեզը և մեծակշիռ վարկ ստանում: Մի գիշեր նրա խանութը հրդեհվում է, և նա դարձյալ աղքատանում է: Բայց շուտով գործակատար է դառնում մի կապալառուի մոտ և մի քանի տարի անց ինքն է սկսում զբաղվել կապալներով, ընդլայնելով իր գործունեության շրջանը, քառասուն տարեկանից սկսած հազարների հետ է խաղում մինչև հիսունամյա հասակը, երբ հանդիպում ենք նրան սույն վիպասանության մեջ: Այժմ նա կոչվում է «Թիֆլիսի պատվավոր քաղաքացի Ճանճուր Իվանիչ»: Նրա դեմքի վայրենի գծագրությունները խիստ կոշտ ու սարսափելի են: Նա պատրաստ է հարմարվել ամենայն ստոր ու կեղտոտ հանգամանքների, ուր կան անձնական շահի նպատակներ: Ունի կին՝ տիկին Բարբարեն, երեք դուստր՝ Սոփին, Լիզան, Ելենան և մի տղա՝ Գրիգոլը: Սոփին գեղեցիկ է, ինչպես մայրը: Երեխաները չգիտեն հայերեն, ընտանեկան խոսակցությունը վրացերեն է: Ճանճուր Իվանիչը և կինը մի փոքր գիտեն հայերեն, բայց նրանց ազգային լեզվի իմացության հարցը բոլորովին չի հուզում և անգամ արգելում են այն՝ մտածելով, թե հայոց լեզուն մի անպիտան լեզու է: Տանը բնակվում են նաև Քիտես իմերել ծառան, Թինա աղախինը, որին բերել է Կովկասի լեռներից՝ բեռնավորելով նրա ամուսին Ծերեթելիին հիսուն ռուբլի պարտքով և այդպես Թինային կապելով անխզելի շղթաներով պարտատիրոջ տան հետ: Նկարագրվում է մի գիշեր, երբ ընտանիքը արտասովոր ուրախ է: Սպասում են Սոփիին, որը ավարտելով ուսումը տեղային գլխավոր իգական դպրոցում, վերադառնում է տուն: Նրանց տանն է նաև դրկից Սամիլ Պետրովիչ Թաթուխովը, որը տանում ու բերում է բոլոր նորություններն ու բամբասանքները: Սոփին շատ գեղեցիկ է, գիտի ռուսերեն և ֆրանսերեն, կարդում է ռոմաններ, թեև այդպիսի գրքեր սովորաբար արգելում են կարդալ: Թաթուխովն ակնարկում է Ճանճուր Իվանիչին, որ կարող է ամուսնացնել Սոփիին, քանի որ աղջիկներին չարժե երկար պահել տանը: Նրա մոցիքուլությամբ զբաղվելը հայտնի է բոլորին: Անցնում է որոշ ժամանակ: Սոփին տխուր է: Նա ցանկանում է ունենալ գեղեցիկ հագուստներ, սենյակներ, որտեղ կարող է ընդունել հյուրեր, կազմակերպել պարահանդեսներ: Մայրը դստեր գրած ցուցակով ներկայանում է Ճանճուր Իվանիչին անհրաժեշտ ծախսերը հոգալու համար, սակայն նրանց խոսակցությունը վերածվում է վեճի: Նա չի կարող այդքան գումար ծախսել, առանց այդ էլ ուսման համար գումար է տվել: Հաջորդ օրը Ճանճուր Իվանիչը առանց խոսելու տան անդամների հետ հեռանում է այլ քաղաք: Տիկին Բարաբեն որոշում է դստեր հետ գնալ և գնել անհրաժեշտ բոլոր իրերը: Նրանք նույնիսկ գնում են կառք, դաշնամուր, ֆրանսիացի դերձակի մոտ կարել են տալիս գեղեցիկ զգեստներ, գնում են կահույք և այլ իրեր: Շուտով կատարյալ վերափոխություն է տեղի ունենում Հացի- Գելենց տանը: Երկրորդ հարկի դահլիճը տրամադրվում է հավաքույթներին: Ընդունում են հյուրեր, հյուրասիրում են մուրաբա, սուրճ, մրգեղեն: Սոփին, սակայն, չի գոհանում իր ունեցածով և անընդհատ նորանոր բաներ է ցանկանում: Թերի ուսումը և ընտանեկան նեղ ու տգետ շրջանակը չէին կարող նրա մեջ գեղեցիկի ճշմարիտ զգացում զարգացնել: Նրանց հաճախ այցելում է տասնութ տարեկան, գիմնազիստ Նիկոլ Մայիլովը՝ գեղեցիկ, ազնվաբարո մի պատանի, հին ազնվական տոհմից: Նա Գրիգոլի դասընկերն է և նրա մոտ գալիս է սերտողության համար: Շուտով Սոփիին հաջողվում է գրավել Մայիլովին, և տղան հաճախ մտնում է նրա սենյակ, շոյում  ու համբուրում է Սոփիին: Սոփիին այցելում է նաև ընկերուհին՝ Աննա Եգորովնան, որը ևս ուսում է ստացել նույն վայրում և Աննայի նման ռոմաներ է կարդում: Այս ընթացքում գավառական Կքաղաքում Ճանճուր Իվանիչը  Սիմոն Յագորիչի հետ, որը Հացի Գելենց Կավկայի կապալի գործերի գլխավոր գործակատարն է, այցելում են ինժեներ Կուզմինին, նրան գումար են տալիս, որպեսզի վերջինս շինության հետ կապված դժգոհություններ չհայտնի: Գործը հաջող համարելով՝ Ճանճուր Իվանիչը վերադառնում է տուն, սակայն շուտով տեղեկանալով կնոջ ու աղջկա կազմակերպած հինգ հարյուր թումանի ծախսին, սաստիկ բարկանում է գործակատարի վրա: Կնոջն ու աղջկան ոչինչ չի ասում, քանի որ մտածում է ամուսնացնել Սոփիին և այդպիսով ազատվել նրանից ու նրա հետագա ծախսերից: Նա մնում է քաղաքում, իսկ ընտանիքը գնում է ամառանոց: Այնտեղ է նաև Նիկոլը: Սոփին հաճախ նրա հետ է: Սակայն ամառանոցում հայտնվում է մի գեղեցիկ, նրբաճաշակ, հարուստ, եվրոպական հագուստով տղամարդ՝ Վահե Արամյանը: Նա ավարտել է Պետերբուրգի համալսարանը, խոսում է հայերեն: Ուսանողական տարիներին ապրել է շատ համեստ, իսկ հետո հնամաշ հագուստը փոխել է փառավոր հագուստով: Հայրենի քաղաքում հարմար պաշտոն չգտնելով՝ եկել է ամառանոց չձանձրանալու համար: Գրում է բառարաններ և այլ աշխատություններ: Համակրում է Սոփիին և Գրիգոլի միջոցով ծանոթանում է նրա հետ, թեև մեծ ցավ է ապրում, տեսնելով, որ աղջիկը չգիտի հայերեն և առհասարակ չի սիրում իր ազգն ու իրեն հայ չի համարում: Սոփին տարված է նրանով, Մայիլովն այլևս չի գրավում նրան: Արամյանը վերադառնում է քաղաք, որպեսզի այնտեղից ամառանոց բերի հիվանդ ընկերոջը՝ Սմբատ Քաջբերունուն, որը թեև փիլիսոփայության և իրավաբանության դոկտոր է, սակայն աղքատ է: Ընկերը Սոփիին չի հավանում: Սոփին և Արամյանը մի գիշեր զբոսնում են անտառում և Սոփին խոստովանում է, որ սիրում է Վահեին: Տղան ևս ասում է, որ սիրում է նրան, համբուրվում են: Սոփին կարծում է, թե այժմ կարող է համարվել նրա ամուսինը, սակայն այդ մասին Վահեն չի ցանկանում խոսել: Հաջորդ օրը Սմբատի առողջության վատթարանալու պատճառով տղաները վերադառնում են քաղաք: Վահեի վարձած տունը վարձում է նրանց համալսարանական ընկեր Դիաչկովը, որը միտք ունի մտերմանալ Սոփիի հետ: Սա խիստ քաղաքավարի կերպով ներկայանում է Հացի-Գելենց գերդաստանին, սակայն իրականում քաղաքի ամենաստոր փաստաբաններից մեկն է: Քաղաքում Քաջբերունին մեկ ամիս հիվանդ պառկում է, մինչև մի փոքր լավանում է, սակայն ամառանոց այլևս չեն գնում: Շուտով գալիս է Դիաչկովը, պատմում իր սիրավեպի մասին Սոփիի հետ: Արամյանը շատ ընկճվում է: Սմբատը չի զարմանում, ի սկզբանե Սոփիին թեթևամիտ էր համարել: Սոփին քաղաքում երկար սպասում է Վահեի այցին, սակայն նա չի գնում: Այս ընթացքում նա տեղեկանում է, որ խաբեբա Դիաչկովը ամուրի չի եղել, այլ կին է ունեցել և արգելում է ընդունել նրան: Ինքը այցելում է Վահեին, սակայն վերջինս շատ սառն է վերաբերվում նրան, ասում, որ իր սերը սառել է, և որ Սոփին պետք է մտածի իր վարքի մասին, այլապես ամբողջովին կկործանվի: Սոփին լքված է: Որոշ ժամանակ անց տղաներին դարձյալ այցելում է Դիաչկովը՝ այս անգամ դժգոհելով իր բախտից և ասում, որ ինքը այդ հարցը դեռ կլուծի: Ճանճուր Իվանիչը բավական մեծ գումար վնասված է արքունի կապալներում և տերության գանձարանը նրա բոլոր շարժական և անշարժ կայքը պիտի ծախել տա: Դիաչկովին խնդրել են պաշտպանել նրան դատարանում, և թեև ինքը ոչինչ չի կարող անել, սակայն այդպես ներս կսողա նրանց ընտանեկան շրջանի մեջ: Սոփիի մասին ասում է, որ նա այժմ ոմն Պանտալոնովսկու հետ է շրջում, վերջինս ռուս աստիճանավոր է, որ բնակվում է նրանց տան ներքին հարկում, այդ տղայի պատճառով է իրեն մերժել ընդունել: Այս տհաճ խոսակցությունն ավարտվում է նրանով, որ Սմբատը ապտակում է Դիաչկովին, և սա վրդովված հեռանում է:   
Ճանճուր Իվանիչին Սոփիին ամուսնացնելու հարցում խոստանում է օգնել հարևան  Սամիլ Պետրովիչը, գումար շահելու ակնկալիքով, սակայն նրա մոտ ոչինչ չի հաջողվում, քանի որ հայրը ցանկանում է նախ քիչ փող տալ աղջկա համար, իսկ փեսացուները այժմ շատ փող են ուզում, բայցի այդ Սոփիի ուսում ստացած լինելը խանգարում է, տղաները ուզում են այնպիսի կին  ունենալ, որը տանը կաշխատի, կար ու ձև կանի, երեխաներին կպահի և ոչ թե ամբողջ օրը հայելու առաջ կնստի: Այսպիսով Մախոխենց Խեչոն հրաժարվում է ամուսնանալ Սոփիի հետ, մեկ ուրիշը վատ է արտահայտվում նրա բարոյականության վերաբերմամբ:
Ճանճուր Իվանիչին փարատելու նպատակով Սամիլ Պետրովիչն առաջարկում է Սոփիին ամուսնացնել ոչ թե հայ վաճառականի հետ, այլ որևէ օտարականի, որոնք նման բաների չեն նայում: Այսպիսի մեկը կարող է լինել վերջերս Ստամբուլից եկած Անուշիկ-աղա Թութունջյանը, որը հարուստ է, եկել է մահուդի ֆաբրիկա բացելու, սիրուն տղա է, ուսում առած, տասներկու լեզու գիտի: Նա փող չի ուզում, միայն թե աղջիկը լինի գեղեցիկ, ուսում ստացած, խելոք լինի, հերիք է: Ճանչուր Իվանիչը համաձայնում է: Քաջբերունին թատրոնում տեսնում է մի աղջկա, որը շատ գրավում է նրան: Ավելի ուշ հանդիպում է նրան մի հայ գրավաճառի խանութում: Աղջիկը ցանկանում է գնել «Քնար Հայկականը», սակայն այդ գրքից մնացած չի լինում և Սմբատը առաջարկում է նրան տալ իր գիրքը: Աղջիկը՝ Աննա Սեպուհյանցը, համաձայնում է, և հաջորդ օրը Սմբատը այցելում է նրան: Աննան ունի երկու քույր և մի ծեր մայր: Եղբայրը և հայրը մահացել են: Նա որևէ ուսումնարան չի սովորել, սակայն շատ խելացի է, գիտի հայերեն, ողջամիտ է և կանացի: Նրան դասեր տվել են եղբայրն ու հայրը: Հաջորդ օրը Սմբատի հետ նրան այցելում է նաև Արամյանը: Նրանք զրուցում կրթության կարևորության, հայոց լեզվի անհրաժեշտության մասին, որը ցավոք տեղի հայերը չգիտեն: Ինքն էլ կարդում է բազմաթիվ գրքեր, բայց դրանք հին լեզվով են, գրաբարով և Աննան լավ չի հասկանում: Նկատել է, որ Տաճկաստանի հայերը շատ ավելի զարգացած են Ռուսաստանի հայերից, ցույց է տալիս եղբոր նկարած գծագիրը, որը ներկայացնում է «Ոգի Հայաստանին»: Սմբատն ու Վահեն հիացած են նրանով: Վահեն հաջորդ այցին Աննայի խնդրանքով կարդում է իր աշխատությունը: Աննան հուզվում է: Խնդրում է, որ Վահեն այն թողնի իր մոտ, որպեսզի գիշերը ամբողջը կարդա:
Վեպի վերջում նկարագրվում է մի պատկեր: Ճանճուր Իվանիչը կաթվածահարվելով՝ անդամալույծ է և կիսակենդան պառկած է անտեր ու անխնամ իր գործակատարի՝ Սիմոն Յագորիչի տանը: Այստեղ է նաև Սամիլ Պետրովիչը: Նա ընկղմված է երևակայական ցնորքների մեջ, անցյալի դեպքերի մասին է խոսում, անիծում է Սոփիին և Բարբարեին, ուսումը զահրումար անվանելով կնքում է իր մահկանացուն: Վերջում ներկայացված է չափածո մի կտակ, որը ներկայացնում է Ճանճուր Իվանիչի թյուր ու մոլոր կարծիքները

Րաֆֆի | Զահրումար | համառոտ Րաֆֆի | Զահրումար | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 19:02:00 Rating: 5
Технологии Blogger.