Արիստակես Լաստիվերտցի | Հայոց պատմություն



Արիստակես Լաստիվերցու երկը ունի հետևյալ վերնագիրը «Վասն անցիցն ի յայլասեռն ազգաց որք շուրջ զմեզ են» («Պատմություն մեր շրջապատի այլացեղ ազգերից մեզ հասած արհավիրքների մասին»)։
Դեպքերը շարադրվում են ժամանակագրական հաջորդականությամբ, բացառությամբ 22-րդ և 23-րդ գլուխների։ Յուրաքանչյուր գլուխը մի ամբողջական ակնարկ է, նվիրված հատուկ դեպքի կամ դեպքերի որևէ շրջանի։ Նախաբանում և հատկապես հիշատակարանում շարադրված են հեղինակի ընդհանրացումները։ 1000 թ. մարտի 28-ին հայ-վրացական Տայք նահանգում սպանվում է այդ ծայրամասի իշխան Դավիթ Կյուրապաղատը։ X դ. վերջին քառորդի բարդ քաղաքական պայմաններում Դավիթը հարկադրվում է իր բոլոր տիրույթները կտակել բյուզանդական կայսր Վասիլ Երկրորդին։ Ստանալով սպանության լուրը, կայսրը անմիջապես ժամանում է Տայք, ձգտելով միացնել այն Բյուզանդիային։ Բայց Տայքի վրա աչք էին դրել նաև վրաց թագավորները։ Սկսվում է արյունահեղ պատերազմ, որը տևում է 22 տարի։ Այդ դեպքերին են նվիրված Պատմության առաջին չորս գլուխները։ Բյուզանդական կայսրությունը վաղուց էր ծրագրեր մշակում նվաճելու Հա֊յաստանը։ 966 թ. Բյուզանդիային է կցվում Տարոնը, Տայքից հետո կայսրության կազմի մեջ է մտնում Վասպուրականը։ 1045 թ. բյուզանդացիք մտնում են Անի։ 1064 թ. նրանք տիրանում են նաև Կարսի թագավորությանը։ Ձգտելով իրավական շղարշ տալ իր զավթողական գործողություններին, Բյուզանդիան հարկադրում էր հայ իշխաններին և թագավորներին կամավոր զիջել իրենց տիրույթները և տեղափոխվել կայսրության սահմանները։ Արիստակես Լաստիվերցին մանրամասն պատմում է, թե ինչպես 1021-1122 թթ. ձմռանը Վասիլ Երկրորդի մոտ է գալիս Հովհաննես-Սմբատ թագավորը և ստորագրում մի փաստաթուղթ, որի համաձայն իր մահից հետո Անիի թագավորությունը պիտի անցներ բյուզանդական կայսրին։ Այդ փաստաթղթի գոյությունը հաստատում են նաև այլ աղբյուրներ։ 1041-ին վախճանվեցին Հովհաննես-Սմբատը և նրա եղբայր Աշոտ Չորրորդը։ Բյուզանդասեր կուսակցության պարագլուխ Սարգիս Հայկազնը (նա կրում էր բյուզանդական վեստ տիտղոսը) փորձում է անցնել իշխանության գլուխ, սակայն հակառակ կուսակցությունը, սպարապետ Վահրամ Պահլավունու ղեկավարությամբ, պաշտպան է կանգնում Աշոտի որդի, երիտասարդ Գագիկի իրավունքներին։ Սարգսի և Գագիկի միջև պատերազմ է սկսվում, վերջինս դժվարությամբ կարողանում է հաստատվել քաղաքամայր Անիում։ Միաժամանակ բյուզանդացիները, որոնք գործում էին թեմի վերածված հարևան Տայքից, փորձում էին նվաճել Գագիկի թագավորությունը։ «Երբ Հոռոմոց ինքնակալը լսեց հայոց թագավորի մահվան լուրը, Հայաստանին վերաբերող նամակը գտնելով՝ ձեռնամուխ եղավ Անի քաղաքն ու երկիրն առնելուն՝ իբրև իր սեփական ժառանգությունն»։ Անեցիք արիաբար դիմադրեցին և Կոստանդին Մոնոմախ կայսրը (1042-1055), այդ դիմադրությունը թուլացնելու համար, վճռեց Գագիկ թագավորին որևէ կերպ կանչել Կոստանդնուպոլիս և այլևս բաց չթողնել։ Գագիկը գնում է և այնուհետև հայրենիք չի վերադառնում։ Հայ պատմիչները, հատկապես Մատթեոս Ուռհայեցին, նկարագրում են այն փառքը, որով շրջապատված էր Կոստանդնուպոլսում հայոց արքան։ Գագիկը մնում է պատվավոր աքսորում, ստանում մագիստրոսի տիտղոս` հողեր Կապադովկիայում, Խարսիանում և Լիկանդում, իսկ բյուզանդական զորքերը մտնում են Անի, որն, ինչպես և Վասպուրականը, վերածվում է թեմի։ Այն պահին, երբ բյուզանդական զորքերը կանգնած էին պարիսպների մոտ, հայ նշանավոր ազնվականներից մեկը՝ Գրիգոր Պահլավունի Մագիստրոսը, նույնպես զիջում է իր հողերը և տեղափոխվում «Միջագետք» թեմը։
Առաջին անգամ թուրքական ջոկատները մուտք են գործում Հայաստան 1016 թ., բայց բուն արշավանքն սկսվում է XI դ. 40-ական թվականների վերջերին։ 1047 թ. թուրքերը Վասպուրականի վրայով մտնում են Կարինի շրջակայքը՝ Բասեն գավառը։ 1048 թ. թուրքերը կրկին հասնում են մինչև Բասեն, Կարին։ Մանանաղի գավառի Սմբատաբերդ կոչված վայրում կուտակվում են բազմաթիվ փախստականներ։ Արիստակեսը մանրամասն նկարագրում է թշնամու կատարած ավերածություններն ու ջարդը, Արծն քաղաքի առումը, խոսում է այն պարտության մասին, որը Բասենի կողմերում 1048 թ. կրեցին բյուզանդացիք։ 1053 թ. թուրքերը պաշարում են Կարսը, գրավում քաղաքը և հրկիզում, փրկվում են միայն նրանք, ովքեր թաքնվում են միջնաբերդում։
Մանրամասն նկարագրվում է 1054 թ. արշավանքը (16-րդ գլուխ), որը անձամբ գլխավորում է սուլթան Տուղրիլ-բեկը։ Թուրքերը մոտենում են Մանազկերտին, բայց չկարողանալով գրավել, ի վերջո ստիպված են լինու ետ դառնալ: Այդ արշավանքի մասին խոսելիս Արիստակես Լաստիվերցին պատմում է մի մարտի մասին, որը տեղի ունեցավ բյուզանդական զորքի մեջ մտնող վարյագ-ռուսական ջոկատի և թուրքերի միջև։ Պատմության հնագույն ձեռագիրը մնում է առայժմ այն միակ աղբյուրը, որը պահպանել է վայրագ տերմինի հայկական ձևը` վռանգ։
Լաստիվերցին պատմում է դեպի Հաշտեանք, Հանձեթ, Խորձեան, Մանանաղի կատարված ասպատակությունների մասին, մանրամասն նկարագրում է Մելիտինե քաղաքի առումը։ Վերջին գլուխը նվիրված է Մանազկերտի ճակատամարտին, որում բյուզանդական կայսր Ռոմանոս Դիոդենը պարտություն կրեց և գերի ընկավ սուլթան Ալփ-Արսլանի ձեռքը (1071 թ.)։
Սելջուկներին նվիրված գլուխներն ունեն ճանաչողական մեծ արժեք։ Հեղինակը կարևոր տվյալներ է հաղորդում սելջուկների երթուղիների, մարտավարության, ռազմական տեխնիկայի մասին։ Նրա շարադրանքից պարզվում է, որ սկզբնապես թուրքերը ձգտում էին միայն ավարի և փորձ չէին անում հաստատել իրենց քաղաքական վարչությունը։ Նկարագրելով քաղաքների պաշարումը, նա միաժամանակ արժեքավոր տեղեկություններ է հայտնում Անիի, Արծնի, Կարինի՝ ժամանակի խոշոր առևտրա-արհեստագործական կենտրոնների ներքին կյանքի մասին։
Պատմության երրորդ խնդիրը, որ շատ կարևոր է այդ երկի գաղափարական նպատակամիտվածությունը հասկանալու համար, կապված է թոնդրակյան աղանդի հետ։ Դա մի հուժկու շարժում էր, որն ընդգրկել էր բազմաթիվ վայրեր ինչպես Հայաստանի արևելքում, այնպես էլ, հատկապես, արևմուտքում, և որին հարում էին նաև հոգևորականներ ու աշխարհիկ ազնվականության ներկայացուցիչներ։
Թոնդրակեցիներին են նվիրված Պատմության 22-րդ և 23-րդ գլուխները. Արիստակեսը շարադրում է Հարքում և Մանանաղիում տեղի ունեցած դեպքերը։ Ժամանակագրական առումով այդ իրողությունները կատարվել են Սարգիս Սևանցի կաթողիկոսի օրոք (992-1019)։ 22-րդ գլխում Արիստակեսը պատմում է, թե ինչպես Հարքի եպիսկոպոս Հակոբը ձևանում էր առաքինի և բարի համբավ էր վայելում, բայց վարակված էր «պիղծ ուսմունքով» և ձգտում էր աղանդի մեջ ներգրավել իրեն ենթակա քահանաներին։ Եկեղեցական ժողովը երկու անգամ փորձում է կասեցնել նրա գործունեությունը, «բայց որովհետև գավառի բոլոր իշխանները նրա երեսպաշտ ձևացումներից ասես շղթաներով կապված լինեին, սպառնում էին ավելի շուտ պատերազմելով մեռնել, քան նրան հավաքվածների ձեռքը տալ»։ Հակոբին կարողացան բռնել միայն մատնությամբ, բայց աղանդավոր եպիսկոպոսը փախավ Կոստանդնուպոլիս։ Նա փորձում է հունադավան դառնալ, բայց մերժվում է և վերադառնում Թոնդրակ գյուղը (որտեղ սկզբնավորվել էր այդ աղանդը) ու ապաստանում այնտեղ։ Շուտով, սակայն, նրան այստեղից էլ վռնդում են, և նա վախճանվում է Մուհարկին քաղաքում։
23-րդ գլխում պատմվում է Կունծիկ աբեղայի մասին, որը տարվել էր թոնդրակեցիների ուսմունքով և հաղորդակից դարձրել նաև Հրանույշ անունով մի կնոջ, վերջինս «նշանավոր և պատվական ազգից էր»։ Հրանույշը իր հերթին ներգրավել էր երկու կանանց՝ քույրեր Ախնիին և Կամարային, երկուսն էլ գյուղատեր։ Նրանց է հարում Վրվեռ իշխանը, որը թոնդրակեցիների ուսմունքը սկսում է տարածել քույրերին պատկանող գյուղերում։ Գյուղացիները մտնում են Բազմաղբյուր ավանը և կոտրում այնտեղի հռչակավոր խաչի թագը։ Ի վերջո սարսափելի պատիժների են ենթարկվում Վրվեռն ու մյուսները։
Ինչպես ասվեց, Արիստակես Լաստիվերցու աշխատությունը նվիրված է Հայաստանի վրայով անցած արհավիրքների նկարագրությանը։ Չափածո նախաբանում հեղինակը բնութագրում է իր դարաշրջանը որպես չարչարանքի ժամանակ.
Չար շարանք ի օրեր մեզ հասան
Մեզ նեղություններ գտան անպատում...
Շունչ իսկ չմնաց մեր մեջ, և կորանք հուսալքումից
Զորացավ մահը, լափեց անհագուրդ,
Գերեզմաններն էլ «բավական» ասել չուզեցին երբեք։
Օրավուր մեր դեմ բոլոր կողմերից
Հառնեցին անդուլ նոր պատերազմներ.
Արևելքից սուր, արևմուտքից մահ
Հյուսիսից սպանդ և հարավից հուր։
Լաստիվերցու տեսակետից, այդ բոլոր պատուհասները անխուսափելի պատիժ են մարդու մեղքերի համար.
Որովհետև մեր մեղքեր ի չափը լցվելով` թափվեց
Եվ վեր բարձրացավ աղաղակը մեր Աստծո առաջ։
Բայց Լաստիցերտցին չի բավարարվում մեղքերի հատուցման այդպիսի բացատրությամբ, որն այս կամ այն չափով հատուկ է ողջ քրիստոնեական գրականությանը։ Ինչպես նկատել է Մանուկ Աբեղյանը, Հայաստանի չարիքները Պատմության մեջ կապվում են ոչ թե մարդու բուն հանցավորությանը, այլ այն մեղքերի հետ, որոնք գործել է ժողովուրդը որպես ամբողջություն.
Ամեն մարդ եղծեց իր ճանապարհը
Ու լցվեց երկիրն անօրինությամբ,
Արդարությունը սաստիկ նվազեց,
Անառակությունն աճեց-բազմացավ,
Ժողովուրդը և քահանան դրժեցին Աստծուն։
Ահա թե ինչու, եզրակացնում է Արիստակեսը, մեզ օտարացրին մեր բնաշխարհից։ Սելջուկյան արշավանքը սարսափելի պատիժ էր. «Քանի որ չծառայեցինք տիրոջը, պիտի ծառայենք այլազգիներին, քամահրեցինք տիրոջ երկյուղը, օրըստօրե պիտի տագնապենք սրանց երկյուղով... Եվ նա (Աստված) դեռ ըստ մեր հանցանքի չպատժեց մեզ, այլ գթությամբ ու ողորմածությամբ գցեց խրատի բովի մեջ՝ մեզ սթափեցնելու և պիտանի դարձնելու համար»։ Համաձայն այդ գաղափարների, իր երկի վերջին տողերում նա բացատրում է Պատմության նպատակը՝ «Իսկ այս ամենը ներկայացրինք նրա համար, որպեսզի ընթերցելով դուք իմանաք, որ մեզ պատահած բոլոր փորձությունների պատճառը մեղքերը եղան, որ նայելով մեզ՝ զարհուրեք ու վախենաք Տիրոջից, դողաք նրա զորության ահից, նախօրոք խոստովանությամբ ու ապաշխարությամբ կանխեք պատուհասները և ոչ թե գալուց հետո դիմակայեք նրանց»։ 

Տես նաև Եզնիկ Կողբացի Եղծ ԱղանդոցԹովմա Արծրունի Պատմություն Արծրունյաց տան և Կաղանկատվացի Պատմություն Աղվանից աշխարհի

Արիստակես Լաստիվերտցի | Հայոց պատմություն Արիստակես Լաստիվերտցի | Հայոց պատմություն Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 22:23:00 Rating: 5
Технологии Blogger.