Մովսես Կաղանկատվացի | Պատմություն Աղվանից աշխարհի | համառոտ


Պատմության առաջին երկու գրքերը աշխարհի արարումից» մինչև VII դ. առաջին կես) գրել է Մովսես Կաղանկատվացին, երրորդը՝ X դ. մատենագիր Մովսես Դասխուրանցին է։ Հետագայում աշխատությանը կցվել է Աղվանից կաթողիկոսների անվանացանկը (X դարի երկրորդ կեսից այն լրացրել է Մխիթար Գոշը) մինչև XVIII դ.։ Պատմությունը վերաբերում է հիմնականում Արցախ և Ուտիք նահանգներին։ 461 թ. Սասանյան Իրանը, քաղաքական նկատառումներից ելնելով, միացրել է Արցախն ու Ուտիքը Աղվանից մարզպանությանը: Առաջին գրքի սկզբում պատմվում են հիմնականում IV–V դդ. դեպքերը, որոնց նկարագրությունը մեծ մասամբ փոխառված է Փավստոս Բուզանդից, Մովսես Խորենացուց, Ագաթանգեղոսից, Եղիշեից, դավանաբանական ու վարքագրական թղթերից և այլ գրավոր աղբյուրներից։ Յոթերորդ և ութերորդ գլուխները վերաբերում են նահատակված քրիստոնյա սրբերին, նրանց մասունքների որոնմանն ու հայտնաբերմանը և Աղվանից աշխարհ տեղափոխելուն, ինչպես նաև Աղվանից եկեղեցու վաղ շրջանի պատմությանը։ Աղվանից եկեղեցու առաքելական ծագումն ապացուցելու նպատակով մատենագիրն առաջին գրքի վեցերորդ գլխում հաղորդում է, որ Հայաստանում քրիստոնեություն քարոզող Թադեոս առաքյալի աշակերտ Եղիշեն, Երուսաղեմում վարդապետ ձեռնադրվելուց հետո եկել է Աղվանք, Գիս ավանում եկեղեցի է շինել և քրիստոնեություն է տարածել։ Պատմվում է, որ հայրենի երկրամասի և նրա եկեղեցու հեղինակությունը բարձրացնելու համար Աղվանից իշխան Վարազ-Տրդատը Գրիգոր Ա Լուսավորչի նշխարներից բերելու նպատակով Այրարատյան նահանգ է ուղարկել Իսրայել եպիսկոպոսին։ Այրարատում երկար թախանձանքներից ու մեծ տիկնոջ՝ Հեղինեի (Աղվանից Ջևանշեր իշխանի քույրը և մարզպան Գրիգոր Մամիկոնյանի կինը) միջնորդությունից հետո Իսրայել եպիսկոպոսին զիջել են Գրիգոր Ա Լուսավորչի ծնոտի մի մասը, որը տեղադրվել է Գլխովանքում։ Լուսավորչի մասունքները արգելված էր բաժանել, հետևաբար Աղվանից եկեղեցուն այն նվիրելու փաստը բացառիկ նշանակություն է ունեցել։ Հանգամանորեն պատմվում է Գրիգոր Ա Լուսավորչի թոռ Գրիգորիսի՝ Աղվանքում քարոզչության, Աղվանից և Վրաց եպիսկոպոսապետ ձեռնադրվելու, նահատակության, նշխարների գյուտի պատմությունը։ Առաջին գրքի տասնվեցերորդ գլխում Կաղանկատվացին ներկայացնում է մոտ երեսնամյա ժամանակահատված (Առանշահիկներ՝ Վաչեից մինչև Վաչագան Գ Բարեպաշտը (480-ական թթ. վերջ)), երբ երկիրը մնացել է անթագավոր։ Նույն գլխում ներկայացնելով Պարսից Պերոզ արքայի (459–484) նվաճողական քաղաքականությունը՝ ցասումով է նկարագրել, թե ինչպես է նա քանդել եկեղեցիները, կառուցել ատրուշաններ, հալածել, աքսորել ու կոտորել քրիստոնյաներին՝ ձգտելով տարածել զրադաշտական կրոնը։ 17-րդ գլխում պատմվում է Պերոզի հաջորդ Վաղարշի (484–488) նոր քաղաքականության, Վաչագան Գ Բարեպաշտի (480-ական թթ. վերջ – 510)՝ երկրում իշխանական տները վերահաստատելու, քրիստոնեությունը վերատարածելու, աղանդները, մազդեզականությունը վերացնելու, կախարդներին, քրմերին կոտորելու, երկրամասը բարեկարգելու, մշակութային, կրթադաստիարակչական գործունեության մասին։ Առաջին գրքի քսանվեցերորդ գլուխը կանոնադրություն է՝ հաստատված Վաչագան Գ Բարեպաշտի ու Շուփհաղիշո եպիսկոպոսի կազմակերպած եկեղեցական ժողովի կողմից։ Նկարագրվում է Հայոց Արևելից Կողմանքում Մեսրոպ Մաշտոցի ծավալած կրթական ու լուսավորական գործունեությունը (նույն գրքի քսանյոթերորդ և քսանութերորդ գլուխներում)։

Երկրորդ գրքում Մովսես Կաղանկատվացին պատմում է յոթերորդ դարի առաջին կեսի դեպքերը։ Տեղեկություն է տալիս խազարների (ըստ հեղինակի՝ խազիր) արշավանքների, հյուսիսային ցեղերի, Անդրկովկասի ժողովուրդների և Պարսկաստանի ու Բյուզանդիայի փոխհարաբերությունների ընդհանուր համապատկերի մասին։ Նույն գրքի տասնչորսերորդ գլխում ներկայացվում են Շաթի՝ խազարների առաջնորդ Ջեբու խաքանի որդու Աղվանք կատարած արշավանքը (628) և Աղվանից կաթողիկոս Վիրոյի (595–629) գործունեությունն ու տառապանքները։ Մովսես Կաղանկատվացու «Պատմության» շնորհիվ է պահպանվել իր ժամանակակից բանաստեղծ Դավթակ Քերթողի  «Ողբքի մահն Ջևանշենի մեծի իշխանին» պոեմը, որը գրվել է Աղվանից աշխարհի իշխան Ջևանշերի եղերական մահվան առիթով։ Շարունակելով և ամբողջացնելով «Պատմութիւն Աղուանից աշխարհի» երկը (երրորդ գիրք, VII դ. կեսից մինչև X դ. կեսը)՝ Մովսես Դասխուրանցին հիմնականում լուսաբանել է եկեղեցու պատմությանն առնչվող խնդիրները, Հայաստանյաց և Աղվանից եկեղեցիների առընչությունները, նկարագրել է արաբական արշավանքները, Հայոց Աղվանքի, Բյուզանդիայի և Արաբական խալիֆայության հարաբերությունները, Բաբեկի հակահայկական ձեռնարկումները, Համամ Արևելցու (IX դարի երկրորդ կեսի իշխան, ապա՝ թագավոր Հայոց Արևելից Կողմանց) և Սահլ Սմբատյանի (Արցախի հյուսիսային գավառների իշխան) ազգանպաստ գործունեությունը։

Տես նաև Մովսես Խորենացի Հայոց Պատմություն, Փավստոս Բուզանդ Հայոց պատմություն և Ղազար Փարպեցի Հայոց պատմություն


Մովսես Կաղանկատվացի | Պատմություն Աղվանից աշխարհի | համառոտ Մովսես Կաղանկատվացի | Պատմություն Աղվանից աշխարհի | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 11, 2016 Rating: 5
Технологии Blogger.