
Առաքել Դավրիժեցի (մոտ
1590, Թավրիզ – 1670, Վաղարշապատ), հայ պատմագիր և եկեղեցական գործիչ է։ Ուսանել է Սուրբ Էջմիածնի հոգևոր վարժարանում, եղել է կաթողիկոս Փիլիպոս Ա Աղբակեցու աշակերտը։ Ձեռնադրվել է վարդապետ, զբաղվել ուսուցչությամբ:
1636–37 թթ. եղել է Հովհաննավանքի առաջնորդը։
1645–46 թթ. այցելել է Պարսկաստան, Թուրքիա, Սիրիա, Պաղեստին, Հունաստան, եղել է Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներում, հանգանակել գումարներ Մայր աթոռի համար:
1651–62
թթ. ընթացքում Փիլիպոս Ա կաթողիկոսի հանձնարարությամբ գրել է «Պատմութիւն»
(«Գիրք պատմութեանց»,
«Պատմագիրք»)
աշխատությունը:
Իր Պատմության մասին Դավրիժեցին իր առաջաբանում գրում է այսպես. «Պատմություն է այն
անցքերի, որոնք վերջին ժամանակներս Շահ-Աբաս կոչված թագավորի և նրա ազգի կողմից, որ
պարսիկներ են կոչվում, թափվեցին մեր Հայոց աշխարհի վրա: Նաև Էջմիածնի Սուրբ աթոռի,
նրա կաթողիկոսների անշքանալու և քրիստոնեական կրոնի աղավաղված կարգերի մասին է:»
Գիրքը բաղկացած է 57 համարակալված
գլուխներից: Իր աշխարհքաղաքական ընդգրկմամբ այն շատ լայն է: Այստեղ պատմվում է օսմանցիների
թագավորների, Հրեից ազգի, Աղվանից աշխարհի, ինչպես նաև Վրաց աշխարհի մասին (Ա-ԾԶ):
Բացվում են վրացիների վերաբերմամբ Շահ-Աբասի ներգ քաղաքականության ծալքերը:
ԺԸ, ԺԹ, Ի, ԻԱ գլուխներում
պատմվում է Էջմիածնի անկյալ վիճակի, Մելքիսեթ կաթողիկոսի արկածների, շահամոլության,
կաշառակերության մասին, որի արդյունքում վանքն ընկնում է ծանր պարտքի տակ և հոգևորականությունը
պառակտվում է: Հոյոց եկեղեցին կորցնում է նախքին փառքը: Սրանք զուգահեռ Դավրիժեցին
պատմում է այն հոգևորականների մասին, որոնք կրթական գործունեություն են ծավալում և
իրենց աշակերտներին ուսուցանում են նաև փիլիսոփայական գրքեր՝ Արիստոտել, Պլատոն, Պորփյուր
և այլն: Այս առումով ուշագրավ են ԻԱ, ԻԳ, ԻԵ, ԻԶ, ԻԹ գլուխները:
ԻԵ գլխում է պատմվում է Անդրեաս
երեցի նահատակության մասին: Նա կնդում է պատանի աշակերտներին, որ տգեղ երևան և շահի
առևանգման ու պղծության զոհ չդառնան: Եվ շահը, այս բանն իմանալով, Անդրեասին սրախողխող
անել է տալիս:
Շահ-Աբասի բռնագաղթից և հատկապես
1639 թ. Իրանա-թուրքական հաշտությունից հետո սկսվում է խաղաղ շինարարական, ստեղծագործական
և մտավոր զարգացման աշխուժացում: Հիմնվում և վերականգնվում են վանքեր, որոնց կից բացվում
են դպրոցներ: Հատկապես Դավրիժեցին շատ է պատմում Սյունիքի Մեծ անապատի և Բաղեշի դպրոցների
մասին: Խաչատուր Կեչառեցին և Սիմեոն Ջուղայեցին դպրոցներ են բացում նաև Նոր Ջուղայում:
Դավրիժեցին նաև պատմում է լեհահայոց
կյանքից, վերլուծում է Նիկոլ Թորոսովիչի գործունեությունը:
Դավրիժեցին ժամանակագիր պատմիչ
է, այսինքն՝ նկարագրում է իր ապրած ժամանակի անցքերն ու եղելությունները: Նրա աղբյուրները
եղել են հիմնականում ականատես մարդիկ: Նա ոգևորությամբ պատմում է, թե ինչպես Կիրակոս
ու Սարգիս եպիսկոպոսները Սյունիքում նոր անապատ են հիմնում, որի դպրոցից դուրս են գալիս
Պողոս Վարդապետ Մոկացին, Մովսես վարդապետ Սյունեցին, որ բացում է Լիմի անապատն ու դպրոցը,
տեր Արիստակեսը, որ հիմնում է Տանձափարախի անապատը:
Հիշատակում է, թե ինչ գրքեր
են գրվել ու թարգմանվել 17-րդ դարում, տալիս է Սիմեոն Ջուղայեցու և Ստեփանոս Լեհացու
ստեղծագործական աշխատանքի պատկերը:
Առաքել Դավրիժեցու գիրքը կարևոր
աղբյուր է Ջալալինների շարժման ու գործունեության և Վրաստանի 17-րդ դարի պատմության
համար:
Տես նաև Արիստակես Լաստիվերտցի Հայոց պատմություն, Թովմա Արծրունի Պատմություն Արծրունյաց տան և Կիրակոս Գանձակեցի Հայոց պատմություն
Առաքել Դավրիժեցի | Պատմություն | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
декабря 10, 2016
Rating:
