Կիրակոս Գանձակեցի | Հայոց պատմություն


Կիրակոս Գանձակեցու գրչին պատկանող աշխատությունների մեջ նախ նշվում է Տոնապատճառ-տոնացույցը Հայսմավուրքը): Այս աշխատությունը Կիրակոսից առաջ կազմված է եղել: Բայց Կիրակոսը քաջածանոթ լինելով հայ եկեղեցական գրականությանը, հավաքում է այն բոլոր եկեղեցական-տոնական գրվածքները, որոնք այդ Հայսմավուրքի մեջ չեն ընդգրկվել: Նա ավելացրել է Հայսմավուրքին մեկ հարյուր յոթանասուն ճառ:
Գանձակեցին հայ մատենագրության պատմության մեջ պատվավոր և ուրույն տեղ ունի «Հայոց պատմություն» մեծարժեք պատմագրական երկով։ Գրքի առաջաբանում հեղինակը գրում է. «Որպեսզի սա մեզ համար լինի մահարձան, ոչ թե Աբիսողոմի քարի նմանությամբ, այլ կենդանի»: Երկը պահպավել է տարբեր վերնագրերով։ Պատմագիրը սկսել է գրել այն 1241 թ. և ըստ վերջին եզրակացությունների, խորագրել է այսպես՝ «Համառօտ պատմութիւն ժամանակաց ի սրբոյն Գրիգորէ մինչև ցյետին աւուրս թևացեալ, արարեալ Կիւրակոսի վարդապետի ի մեծահռչակ ուխտն Գետկայ»։ Պատմությունը բաժանված է երկու հիմնական մասերի, որոնք իրենց հերթին բաժանվում են 65 (ԿԵ) գլուխների։ Երկը անավարտ է: Առաջաբանը նվիրված է Պատմության գրության հանգամանքներին, իսկ առաջին մասը սկսվում է Գրիգոր Լուսավորչի, Տրդատի և հիմնականում նրանց անունների հետ կապված քրիստոնեության՝ Հայաստանում պաշտոնական կրոն դառնալու կապակցությամբ տեղի ունեցած իրադարձությունների նկարագրությամբ։ Այստեղ հեղինակը թեև նախորդ մատենագիրներից օգտվելով է ամփոփել մինչև XII դ. վերջին տասնամյակները կատարված դեպքերը, ներառյալ նաև Կիլիկիայի հայկական պետականության տվյալ ժամանակահատվածի պատմությունը, բայց դեռ անհայտ որոշ բնագրերի և ավանդական բանավոր պատումների հիման վրա լրացուցիչ շատ օգտակար նյութ է հաղորդել։
Գանձակեցին իր նպատակն իրագործել է սույն աշխատության հատկապես երկրորդ մասում, որն ավելի ընդարձակ և ինքնուրույն է, ուստի և ավելի արժեքավոր։ Գրեթե ամբողջությամբ այն շարադրված է իրադարձություններին ականատես և ականջալուր հեղինակի գրչով, անմիջական և ստույգ է։ Հանգամանորեն ներկայացված է տասներկուերորդ դարի վերջերից մինչև 1265-1266 թվականները հասնող խիստ հետաքրքիր ժամանակաշրջանի պատմությունը։ Կիրակոսը ծրագրել էր սերունդներին թողնել մոնղոլների տիրապետության շրջանի պատմությունը: Նա հանգամանորեն պատմում է տասներկուերորդ դարավերջին Վրաստանի ռազմական ու քաղաքական հզորացման և հայ-վրացական միասնության, Զաքարյանների ժամանակ Հայաստանի՝ սելջուկների լծից ազատագրման, քաղաքական, սոցիալ-տնտեսական ու մշակութային կյանքի աշխուժացման մասին։
Բայց շուտով սելջուկ էմիրությունների դեմ մղվող շարունակական կռիվների և Խորասանի սուլթան Ջալալէդդինի հրոսակների ասպատակությունների հետևանքով իրավիճակը փոխվում է ինչպես հայերի, այնպես էլ վրացիների համար։ Այնուհետև Գանձակեցին սկսում է պատմել մոնղոլների անդրկովկասյան արշավանքների մասին` սկզբից մինչև 1260-ական թվականները, որքանով դրանք առնչվում են Հայաստանին ու հայ ժողովրդին։ Նա ընթերցողին ներկայացնում է ոչ միայն մոնղոլների հաղթական արշավանքների, ավարառության, համատարած կոտորածների պատկերը, այլև նկարագրում է նրանց ցույց տրված հերոսական դիմադրությունը, ժողովրդական ընդվզումները և շատ այլ պատմական հետաքրքրություն ներկայացնող իրադարձություններ։ Հատկապես կարևոր է այն, որ Գանձակեցին բավական լայն տեղ է հատկացրել հայ ժողովրդի՝ այդ ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական, իրավահասարակական պայմաններին և հոգևոր մշակութային երևույթներին։
Թաթար-մոնղոլական հրոսակները ռազմական հաճախադեպ գործողություններով ջլատում էին երկրի ռազմունակ ուժերը, կործանում քաղաքներն ու շեները, քայքայում շինարարական կյանքն ու տնտեսությունը։ Մոնղոլների վարած հատուկ տնտեսական քաղաքականության հետևանքով թեև առաջին հերթին քայքայվում էր Հայաստանի երկրագործական տնտեսությունը, բայց և մեծապես վնասվում էր քաղաքային կյանքը, արհեստագործության և տարանցիկ առևտրի զարգացումը։ Այսպիսի հանգամանքներում աճում էր տարագիրների թիվը: Երկիրը լքում էին հատկապես քաղաքային տարրն ու արհեստավորական խավերը։
Գանձակեցու Պատմության մեջ կարևոր տեղեկություններ կան մոնղոլների մասին՝ նրանց արտաքինի, նիստուկացի, կենցաղային և ազգագրական բնույթի առանձնահատուկ իրողությունների, հոգևոր-բարոյական խառնվածքի և լեզվի վերաբերյալ։ Գանձակեցին պատմա-ճանաչողական կարևոր տեղեկություններ է հաղորդում նաև ժողովրդի, սոցիալ-քաղաքական ելույթների, աղանդավորական շարժումների, ֆեոդալական և եկեղեցական իշխանությունների գոյավիճակի ու վարքագծի, նրանց առավել ականավոր ներկայացուցիչներից ոմանց ռազմական, քաղաքական, հոգևոր և գիտա-մշակութային գործունեության մասին։ Նա բավական հանգամանալից տեղեկություններ է հաղորդում հատկապես Հովհաննես Սարկավագի, Ներսես Շնորհալու, Գրիգոր Տղայի, Ներսես Լամբրոնացու, Լևոն Բ և Հեթում Ա թագավորների, Զաքարյան տոհմի ներկայացուցիչների, Մխիթար Գոշի, Հովհաննես Վանականի մասին։ Պատմիչր բավական ընդարձակ տեղ է հատկացնում եկեղեցուն, եկեղեցականությանը, դավաբանական խնդիրներին, որոնք շատ էին զբաղեցնում միջնադարյան Հայաստանի ոչ միայն կրոնական, այլև ազգային-հասարակական ու քաղաքական միտքը։ Հիշատակում է նաև բնական աղետները` երկրաշարժերն ու մարախը, որոնք ծանր հետք էին թողել երկրի տնտեսական կյանքում։ Նա անհրաժեշտորեն և նպատակադրված ջանում է զուգահեռաբար մատուցել Վրաստանի, Աղվանքի և Կիլիկյան հայկական պետականության պատմությունը:
Կիրակոս Գանձակեցին ճշմարտաբան պատմիչ է։ Շարադրանքի համեմատաբար ավել առարկայական բնույթի, լայն ընդգրկման և ականատեսի վկայություն լինելու շնորհիվ, նրա Պատմությունը իրավամբ համարվում է հայ պատմագրության լավագույն երկերից մեկը: Նրա պատմական աշխարհայացքը խարսխված է Աստծո ամենուր և ամենազոր լինելու հավատքի վրա, ուստի, պատմությունն էլ, ըստ այդմ, շարժվում է միայն Աստուծո գիտությամբ ու թելադրանքով, հետևաբար հարկ չկա մանրակրկիտ որոնելու պատմական եղելությունների պատճառական կապը երկրի վրա, ռազմա-քաղաքական կամ տնտեսական զանազան ոլորտներում։
Իր Պատմության գրության ընթացքում Գանձակեցին օգտագործել է բազմաթիվ աղբյուրներ։ Իր երկի առաջին մասում դիմել է գրեթե բոլոր նախորդ հայ պատմագրական աշխատություններին: Մի քանիսի ազդեցությունը ակնհայտ է նաև նրա գրելաձևի ու կիրառած լեզվաոճական ու արտահայտչական ձևերի վրա։ Նա միաժամանակ օգտվել է հայ թարգմանական գրականությունից, կրոնական, կանոնական ու եկեղեցավարչական հարցերի վերաբերյալ բազմաթիվ երկերից (որոնց մի քանիսի բնագրերը բերել է ամբողջությամբ), ինչպես նաև անցյալի հայ բանահյուսությունից ու տվյալ շրջանի ժողովրդական զրույցներից և ականատեսների վկայություններից։

Տես նաև Մովսես Խորենացի Հայոց պատմություն, Կորյուն Վարք Մաշտոցի և Փավստոս Բուզանդ Հայոց պատմություն


Կիրակոս Գանձակեցի | Հայոց պատմություն Կիրակոս Գանձակեցի | Հայոց պատմություն Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 11, 2016 Rating: 5
Технологии Blogger.