
Մենք պատմություններ ենք լսել
հիմնովին անհետացած աշխարհների մասին, ողջ իրենց մարդկանցով ու տեխնիկայով հանդերձ
խորտակված, իրենց աստվածներով ու օրենքներով, ակադեմիաներով և զուտ ու կիրառական գիտություններով,
իրենց քերականություններով ու բառարաններով, դասականներով, ռոմանտիկներով ու սիմվոլիստներով,
իրենց քննադատներով ու քննադատների քննադատություններով դարերի անպեղելի խորքերն իջած
տերությունների մասին: Մենք քաջ գիտեինք, որ բովանդակ տեսանելի աշխարհը ստեղծված է
մոխրից, իսկ մոխիրը նշանակում է ինչ-որ բան: Պատմության թանձր քողի միջով մենք նշմարում
ենք հարստությամբ ու ոգով ծանրաբեռ հսկայական նավերի ուրվականներ: Եվ անկարող էինք
դրանք հաշվել: Սակայն այդ խորտակումներն ըստ էության, մեզ չէին վերաբերում:
Էլամը, Նինվեն, Բաբելոնը հրաշալի,
անորոշ անուններ էին, և այդ աշխարհների լիակատար կործանումը մեզ համար ուներ նույնքան
քիչ նշանակություն, որքան դրանց գոյությունը: Ֆրանսիան, Անգլիան Ռուսաստանը… ևս կարող
են դառնալ գեղեցիկ անուններ: Լուզիտանիան՝ նույնպես: Այժմ տեսնում ենք, որ պատմության
վիհը բավականաչափ մեծ ամենքին ընդգրկելու համար: Զգում ենք, որ քաղաքակրթությունը կյանքի
նման դյուրաբեկ է: Քիթսի և Բոդլերի երկերը Մենանդրոսի գործերի ճակատագրին արժանացող
հանգամանքները բնավ էլ անհավանական չեն. դրանք կարելի է գտնել ամեն լրագրում:
***
Եվ սա ամենը չէ: Այրող դասը
է՛լ ավելի լիակատար է: Մեր սերնդին բավական չէր սեփական փորձով ճանաչել, թե դիպվածով
ինչպես են կործանվում անսահման գեղեցիկ և ամենահին, խորապես սքանչելի ու լավագույնս
կարգաբերված իրերը. նա ականատես եղավ մտքի, առողջ դատողության և զգացմունքի ոլորտում
տեղի ունեցող արտասովոր երևույթների, պարադոքսների հանկարծական դրսևորումների, ակներևության
դաժան հիասթափությունների:
Բերեմ մեկ օրինակ. գերման ժողովուրդների
մեծ հատկությունները ծնել են ավելի շատ չարիք, քան երբևէ անբանությունն է ստեղծել արատ:
Մենք տեսանք, և տեսանք սեփական աչքերով, սոսկալի նպատակների ծառայեցված բարեխիղճ աշխատանք,
ամենահիմնավոր կրթություն, լրջագույն կարգապահություն ու ջանադրություն:
Բոլոր այս սարսափները հնարավոր
չէին լինի առանց այդպիսի հատկությունների: Անտարակույս, մեծ հմտություն էր պետք չափազանց
կարճ ժամանակահատվածում անթիվ անհամար մարդկանց սպանելու, վիթխարի հարստությունների
ցրիվ տալու, բազում քաղաքներ կործանելու համար. բայց պետք էր նաև ունենալ ոչ պակաս
բարոյական որակներ: Իմացություն և Պարտք, ուրեմն ձե՞զ պետք է կասկածի տակ առնենք:
***
Այսպես հոգևոր Պերսեպոլիսը
պակաս ավերված չէ, քան իրական Սուսան: Ամեն ինչ չէ, որ մատնվել է կորստյան, բայց ամեն
ինչ ապրել է կործանման զգացումը:
Եվրոպայի ողնաշարով մեկ անցավ
արտասովոր սարսուռ: Իր մտածող բովանդակ կորիզով նա զգաց, որ այլևս չի ճանաչում ինքն
իրեն, որ դադարել է ինքն իրեն նմանվելուց և ուր որ է կկորցնի գիտակցությունը, գիտակցություն,
որ դարերի ընթացքում ձեռք էր բերել կրած տառապանքով, հազարավոր առաջնակարգ մարդկանցով,
աշխարհագրական, էթնիկական, պատմական անհամար հնարավորություններով:
Այնժամ ասես ի հուսահատ պաշտպանություն
իր ֆիզիոլոգիական լինելության և ունեցվածքի՝ նրա ողջ հիշողությունը սկսեց աղոտ կերպով
վերականգնվել: Նրա երևելի մարդիկ ու նշանավոր գրքերը հառնեցին խառնիխուռն դեպի նա:
Երբեք այդքան շատ, ոչ էլ այդքան կրքոտորեն չընթերցվեցին գրքեր, որքան պատերազմի ժամանակ.
հարցրեք գրավաճառներին: Երբեք այդքան սրտագին, ոչ էլ այդքան ներհունորեն չաղոթեցին.
հարցրեք քահանաներին: Ոգեկոչվեցին բոլոր փրկիչները, հիմնադիրները, հովանավորները, մարտիրոսները,
հերոսները, հայրենիքի հայրերը, կորովասիրտ սրբուհիները, ազգային բանաստեղծները:
Թարգմանությունը ֆրանսերենից՝ Արուս Բոյաջյան
Թարգմանությունը ֆրանսերենից՝ Արուս Բոյաջյան
Տես նաև Պաուլ Ցելան Նամակ Ռընե Շարին, Ժակ Դերիդա Նամակ Ժան Լուի Ուդմինին և Անտոնեն Արտո Նամակներ դաժանության մասին
Պոլ Վալերի | Ոգու ճգնաժամ | Նամակ առաջին
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
декабря 09, 2016
Rating:
