
Հանճարը բնածին է, բայց իր ոգեկան սնունդն ստանում է միջավայրից:
Միջավայր ասածը այն բնությունն է և մշակույթը, որի մեջ աճում է հանճարը: Երբ մատենագրի
մասին է խոսքը՝ ուրիշ ազդեցությանց կարգին կարևոր է որոշել գրքերի ազդեցությունը հեղինակի
վրա: Ուստի գրականության պատմության մեջ աղբյուրների հետազոտությունը հիմնական աշխատանք
է որևէ հեղինակի ուսումնասիրության համար: Նպատակս է որոշել, թե Գ. Նարեկացին կարդացա՞ծ
է Ս. Մաշթոցի վարքը, որ գրած է Կորյուն, հինգերորդ դարում, 443 թ. հետո:
***
Գ. Նարեկացին մեծ ընթերցող եղած է: Այդ մասին ինքն իսկ վկայում
է Աստվածածնին նվիրված ներբողի վերջում, իր ընծայական գրության մեջ, դիմելով «լերինն
Մոկաց հզոր դիտապետին»՝ Ստեփանոս Եպիկոպոսին. «Եւ ինձ տառապելոյս օգնեա՛ աղօթիւք, որ
յարաժամ դեգերիմ յընթեռնուլն և գործոյ եւ ոչ փոքր ինչ ժամանակ սահմանեալ որոշեն»: Անհնարին
չէ, ուրեմն, որ իր հարաժամ դեգերումների ընթացքին Գ. Նարեկացին Նարեկացին կարդացած
լիներ Կորյունի գործը: Բայց մակաբերումը մեծ արժեք չունի գրականության պատմության համար.
կարևորը անհերթելի հետքերն են: Նույն Ստեփանոս Եպիսկոպոսն է, որ հատուկ գրությամբ խնդրած
է Գ. նարեկացուց գրել Ապարանից Խաչի Պատմությունը, որ և կատարած է, կցելով իր գրության
երկու ներբողյան, մեկը՝ Խաչի, մյուսն Աստվածածնի մասին:
Ապարանից Խաչի Պատմության մեջ Գ. Նարեկացին խոսում է Դավիթ
անունով մի եպիսկոպոսի մասին, որ Մոկաց աշխարհում մեռած իր սուրբի հռչակով: Այդ սուրբի
եղբոր թոռն էր հիշյալ Ստեփանոս Եպիսկոպոսը, որի մասին գրում է, թե նույն երանելի Դավիթ
եպիսկոպոսից ստացած էր իր ուսումը և նրա «աստվածամերձ» ձեռքով ձեռնադրված էր և վանականների
վերակացու կարգված: «Որ անոր (այսինքն՝ Դավթի) նմանութիւնը նկարագրեց իր անձի մեջ՝
գեղեցկապէս հետևելով իր նախնիներին»: Եվ շարունակում է. Իսկ ի դատումն ընտրութեան վարժից՝
առաքելագետ և մարգարէածանոթ և աւետարանաժառանգն գիտութեանց և այլց բազմաց սոփեստից
և վայելչապէս համբուրիւ պատահեալ: Մեր հիյն մատենագրության մեջ սոփեստ կոչվում են այն
վարդապետները, որոնք ծանոթ էին արտաքին գիտությանց և իմաստասիրական գրականության: Նարեկացին
ուզում է ասել, թե Ստեփանոս Եպիսկոպոսը ոչ միայն ծանոթ էր Ս. Գրքին (Ավետարան, Գործք
և Թուղթք Առաքելոց և Մարգարեներ), այլև պատահած էր համբուրիւ», այսինքն կարդացած էր
սիրով բազմաթիվ ուրիշ սոփեստների գործերը:
Հայոց, Վրաց և Աղվանից գրերը հորինելուց հետո Ս, Մաշթոց անցնում
է Աղվանից աշխարհ, տեսնում է երկրի Երեմիա եպիսկոպոսին և Արսվաղե թագավորին, որոնք
սիրով ընդունում են նրա առաջարկը մանուկկներ հավաքելու և նոր դպրությամբ կրթելու: Երբ
աշակերտները հավաքվում են, Երեմիա եպիսկոպոսը շտապով (վաղվաղակի) ձեռնարկում է Ս, Գրքի
թարգմանության, «որով անդեն,- գրում է Կորյուն,- յական թօթափել վայրենամիտ ևւ դատարկասուն
և անասնաբարոյ աշխարհն Աղւանից մարգարէագետք
եւ առաքելածանօթք եւ աւետարանաժառանգք լինէին եւ ամենայն աւանդելոցն Աստուծոյ ոչ
իւիք անտեղակք:
Ընդգծածս բառերը, որ Կորյունին հատուկ են և իր իսկ բարդածն
են, մենք տեսանք վերը Գ. նարեկացու գրության մեջ: Ոչ մեկ կասկած, որ Նարեկացին կարդացած
է Կորյունի գործը. ուրիշ որևէ գրության մեջ այդ բառերին այդ կարգով նա չէր կարող հանդիպել:
Բայց սրանով չի վերջանում մեր դիտողության տարողությունը:
Նարեկացին ոչ միայն լավ ծանոթ է կորյունի գործին մինչ այն
աստիճան, որ գրչի տակ են գալիս Կորյունի հատուկ բառերը, այլև հետեված է Կորյունի բառաբարդության
եղանակներին և ստաղծած է հարաբարդ բառերի մի անբավ քանակություն:
Ահավասիկ Ապարանից Խաչի Պատմության կես էջից միայն քաղածց
բառերի շարքը, որ մեծագույն մասամբ հատուկ են Նարեկացուն. «Ծառս գեղասաղարթս, շնորհաշառաւիղս,
ամբարձուղէշս, հաստատեղունս, մարդադարմանս, բազկաստածուս, աճիւնաչիւղս, վայելչատերեւս,
բարեբողբոջ բոյսս… ցցեալ ի գետինս գերապարարս, արգավանդահողս… Տունկս ծաղկընծիւղս,
պտղածինս, արմախարիսխս, մրգամատոյցս, պատուաստակիրս, պտղապարգեւս, անդս ամենունակս,
ջրահոսս և շուշանափայլս. Սահմանս վտակարբուս, ուղխապարարս, անձրեւասնունդս, ցօղամատոյցս…»
և այլն:
Այսպիսով մենք տեսնում ենք, թե Գ. Նարեկացին ազդված է Սեկունդոս
իմաստասերի ոճից, բայց այս մասին մի ուրիշ անգամ:
Նիկոլ Աղբալյան | Գրիգոր Նարեկացի և Կորյուն
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
февраля 22, 2017
Rating:
