Չինական առակներ


Չինական մի նահանգում կար մի վիշապ: Մարդիկ յուրաքանչյուր ամիս նրան տուրք էին վճարում և զոհում ամենագեղեցիկ աղջկան: Այդ ժամանակ նահանգում կային նաև քաջ երիտասարդներ, որ գնում էին վիշապի պալատը և կռվում էին նրա դեմ, բայց ամեն անգամ մունետիկը դուրս էր գալիս պալատի պատշգամբ և հայտարարում՝ «Վիշապը ո´ղջ է, հաղթե´ց վիշապը»:
Օրերից մի օր հայտնվում է մի խիզախ երիտասարդ, որը գալիս է վիշապի պալատ՝ իր սիրելի աղջկա հետևից: Սպանելով վիշապին՝ նա գնում է փնտրելու իր հարսնացուին: Պալատի պատերի ողջ երկայնքով շարված են մեծաքանակ սնդուկներ՝ լցված ոսկով և թանկարժեք քարերով: Որքան ավելի է նա հիանում այդ ահռելի հարստությամբ, որն արդեն իրեն է պատկանում, այնքան աճում են նրա պոչը, ճանկերը ժանիքները, թեփուկներըԵրիտասարդը ձեռքերը մտցնում է ոսկու սարերի մեջ և չի կարողանում զսպել իրեն: Այդ ժամանակ պատշգամբի դուռը բացվում է, իսկ ներքևում հավաքված է ժողովրդի բազմությունը:
Մունետիկը (ինչպես սովորաբար) հայտարարում է. «Վիշապը ո´ղջ է, հաղթեց վիշապը»: Երիտասարդը փորձում է համոզել, որ վիշապը սրից ընկած, հաղթված է: Մունետիկը նրան է տալիս հայելին և երիտասարդը նրա մեջ տեսնում է սոված ու կատաղի վիշապին:

***
Մի երիտասարդ ռազմիկ նետաձգություն էր սովորում վարպետի մոտ, ում փառքը թնդում էր ողջ Երկնային կայսրությամբ մեկ։ Աշակերտն ամեն բան արագ էր յուրացնում և կարճ ժամանակ հետո դարձավ երկրի լավագույն նետաձիգը։ Միայն մի մարդ էր մնում անգերազանցելի նրա համար՝ ուսուցիչը։ Եվ նախանձ մտավ աշակերտի սիրտը և նա որոշեց սպանել ուսուցչին։
Անցան օրեր և երիտասարդ ռազմիկը, նախանձից ու փառասիրությունից կուրացած, մարտահրավեր նետեց ուսուցչին։ Նրանք կանգնեցին միմյանցից հարյուր քայլ հեռավորության վրա և սկսեցին նետեր արձակել։ Սակայն դրանք օդում դիպչելով իրար՝ ցած էին թափվում։ Բայց ուսուցչի նետերը հատնեցին և նա վար դրեց աղեղը։ Աշակերտը հաղթական բղավոցով արձակեց իր նետը և ուսուցիչը գետին տապալվեց: Հուզմունքից դողացող աշակերտը մոտեցավ նրան և տեսավ, որ ուսուցիչը ցնցվում է ծիծաղից՝ նետն ատամներով բռնած։ Նա դանդաղ ոտքի կանգնեց, նետը մեկնեց աշակերտին և ասաց
- Ահա թե ինչու ես քեզ չեմ սովորեցրել ատամներով նետ որսալ ․․․

***
Վան Նին ասաց. «Մարդիկ ուտում են տնային կենդանիների միսը, եղջերուները խոտով են սնվում, քառասնոտնուկները որդերին են անուշ անում, իսկ բվերը որսում են մկներին: Այս չորսից ո՞ւմ է հայտնի սննդի ճշմարիտ համը: Կապիկներն ամուսնանում են կապիկների, եղնիկներն ընկերություն են անում որմզդեղների, օձաձկները խաղում են ձկների հետ: Մաո Ցյանը և տիրուհի Լին փայլուն գեղեցկուհիներ էին մարդկանց մեջ, սակայն ձկները տեսնելով նրանց իսկույն դեպի ջրի խորքը կլողային, իսկ թռչունները, տեսնելով նրանց կսլանային երկինք: Իսկ եթե նրանց տեսնեին եղնիկները, իսկույն  անտառը կփախչեին: Նրանցից ո՞վ գիտի, թե ինչ է ճշմարիտ գեղեցկությունը: Իմ կարծիքով բարի վարքի կանոնները, դատողությունները ճշմարտության ու ստի մասին խճողված են ու անորոշ: Ես չեմ կարող դրանցից գլուխ հանել»:

***
Նախարարներից մեկն ուներ օգնական, որը փառաբանվում էր իր ազնվության, կարգապահության և աշխատասիրության համար: Երբ նա երեք տարի արդեն ծառայել էր նախարարի մոտ, վերջինս ասում է.
- Ես գոհ չեմ քեզնից և այլևս քո ծառայությունների կարիքը չունեմ:
Օգնականը հուզված, կասկածամտորեն բացականչում է.
- Մի՞թե ես ձեր հանձնարարությունները վատ եմ կատարել: Մի՞թե երբևէ ծուլացել եմ: Մի՞թե կարգապահ չեմ եղել իմ աշխատանքում:
- Այդ բոլորը ճիշտ են,- հաստատում է նախարարը:
- Հապա ինչու՞ եք զրկում ինձ ձերդ ողորմածությունից և թույլ չեք տալիս այսուհետ ծառայել ձեզ:
- Դուք երեք տարի եղել եք իմ օգնականը,- պատասխանում է նախարարը,- բայց այդ երեք տարիների ընթացքում իմ ոչ մի թերությունը ցույց չեք տվել: Նշանակում է, դուք հոգացել եք ոչ թե այն մասին, որպեսզի ես ավելի լավ աշխատեմ, այլ այն բանի մասին, որպեսզի հաճոյանաք ինձ: Հենց այդ պատճառով էլ այլևս ձեր ծառայությունների կարիքը չունեմ:

***
Ցզինշեն անունով մի վանական ճանապարհին ընկած մահանում էր սովից։ Նրան տեսնելով՝ ավազակ Ցյուն կերակրեց նրան հացով և մի քանի կում գինի տվեց։ Ուժ հավաքելով՝ Ցզինշենը բացեց աչքերն ու հարցրեց.
- Ո՞վ ես դու։
- Իմ անունը Ցյու է։
- Ա՜խ, դու այն ավազա՞կն ես։ Ինչո՞ւ ես ինձ կերակրում։ Ես ոչինչ չեմ ուզում քեզնից։
Ցզինշենը ծնկի իջավ և փորձեց փսխել կերածը, սակայն չկարողացավ։ Նա սկսեց հազալ, խեղդվել, ջղաձգվեց և մեռավ։
Նա, ով հրաժարվում է ուտել, մտածելով, թե գողացածն ուտելով կդառնա գող, երբեք չի հասկանա Դաոն։

***
Չժուան Ցզին արթնանալուց հետո թիկնել էր գետի ափին և մտորում էր: Աշակերտներից մեկը հարցրեց նրան.
- Վարպետ, ի՞նչն է քեզ անհանգստացնում:
Չժուան Ցզին պատասխանեց.
- Երբ քնած էի, երազ տեսա, իբր փոքրիկ թիթեռնիկ եմ, ճախրում եմ երկնքում, ուրախանում եմ արևի լույսի ու գույնզգույն ծաղիկների վրա: Հետո ես արթնացա և հասկացա, որ ոչ թե թիթեռ եմ, այլ՝ մարդ: Եվ ես մտածեցի, որ հնարավոր է նաև այն, որ ես իրականում թիթեռ եմ, որը երազում տեսնում է, իբր ինքը Չժուան Ցզին է: Այնժամ ես հարցրի ինձ. ո՞վ եմ իրականում՝ թիթե՞ռ, որը երազում տեսնում է, իբր ինքը Չժուան Ցզին է, թե՞ Չժուան Ցզին, ով երազում տեսնում է, իբր ինքը թիթեռ է:
Սա կոչվում է իրերի կերպափոխություն:

***
Երիտասարդ ռազմիկը կանգնել էր աղեղն ու մի քանի նետ ձեռքին և հայացքով չափում էր իր և թիրախի միջև եղած հեռավորությունը: Կողքով անցնող ծերուկն ասաց.
- Դու չես սովորի դիպուկ նետ արձակել, եթե հույսդ դնես սխալներդ շտկելու վրա: Ճակատամարտի ժամանակ դու դա չես հասցնի անել: Սովորիր հարվածել թիրախին առաջին փորձից, միշտ հիշիր, որ դու ընդամենը մի նետ ունես: Կյանքում նույնպես ամեն բան կատարիր միանգամից, զուր մի կարծիր, թե հետո կարող ես ինչ-որ բան շտկել:

***
Երբ Չժուան Ցզին հանդիպեց Լու տերության արքային, նա ասաց.
- Իմ տերությունում բազմաթիվ կոնֆուցիականներ կան, բայց ձեր հետևորդները քիչ են:
- Այստեղ կոնֆուցիականները քիչ են, - առարկեց Չժուան Ցզին:
- Ինչպե՞ս կարող ես այդպես ասել, երբ շատերը կոնֆուցիականի զգեստ են կրում:
- Ես լսել էի, որ կոնֆուցիականները կլոր գլխանոշորեր են կրում ի նշան այն բանի, որ ճանաչել են Երկնքի ծանրությունը, - ասաց Չժուան Ցզին, - Ես լսել էի, որ նրանք քառանկյուն ոտնամաններ են կրում ի նշան այն բանի, որ ճանաչել են Երկրի ձևը, նրանք գոտուց բազմագույն փոկով կախում են նետաձգության մատնոց ի նշան այն բանի, որ միանգամից անցնում են գործի: Այն ազնվայրերը, որոնք յուրացրել են այդ ուսմունքը, դժվար թե այդպիսի հագուստ կրեն, իսկ նրանք, ովքեր չեն կրում են, հազիվ թե յուրացրած լինեն ուսմունքը: Դուք, տիրակալ, երևի այլ կերպ եք մտածում: Այդ դեպքում ինչու չհայտարարեք ողջ տերությամբ մեկ. «Նրանք, ովքեր կոնֆուցիականի հագուստ են կրում, առանց այդ ուսմունքն իմանալու, կդատապարտվեն մահվան»:
Այնժամ արքան հրամայեց հայտարարել որոշման մասին և Լու տերության հպատակները այլևս չէին համարձակվում կոնֆուցիականների զգեստ կրել:
Միայն մի մարդ, կոնֆուցիականի հագուստով, կանգնեց արքայական դարպասի առջև: Արքան իսկույն հրամայեց նրան իր մոտ բերել, հարցեց տվեց նրան, իսկ նա անդրդվելի էր` հազար պատասխան ուներ հարցերին և բազում տարբերակներ:
- Մի՞թե ողջ Լու տերության հպատակներից միայն մեկն է կոնֆուցիական, - զարմացած բացականչեց արքան:
- Այ, սա է բազմաթիվը, նա իսկապես կոնֆուցիական է, - ասաց Չժուան Ցզին:

***
 Երբ վախճանվեց Լաո Ցզին, Ցին Յին եկավ վերջին հրաժեշտը տալու, երեք անգամ խոնարհվեց և դուրս եկավ:
- Մի՞թե Դուք մեր ուսուցչի բարեկամը չէիք, - հարցրեց աշակերտը:
- Բարեկամն էի, - պատասխանեց Ցին Յին:
- Բայց Դուք այնքան քիչ ողբացիք:
- Այո: Սկզբում ես կարծում էի, թե այստեղ նրա աշակերտներն են, սակայն հիմա հասկացա, որ այդպես չէ: Երբ ես մտա հրաժեշտ տալու, այտեղ կային ծերունիներ, որոնք ողբում էին, ասես սեփական զավակին կորցրած լինեին, կային երիտասարդներ, որոնք արտասվում էին, ասես հարազատ մորը կորցրած լինեին: Նրանք բոլորը հավաքվել էին, որպեսզի խոսեին այնտեղ, ուր բառեր պետք չէին, արտասվեին այնտեղ, ուր արցունքներ պետք չէին: Դա նշանակում է փախուստ բնությունից, բռնություն զգացմունքների վրա, մոռացումն այն ամենի, ինչ ստացվել է բնությունից: Հնում դա անվանում էին պատիժ բնությունից հրաժարվելու համար:
Երբ եկել էր ժամանակը, Ուսուցիչը ծնվեց, անցավ ժամանակը և ենթարկվեց: Նա, ով հանգիստ հետևում է ժամանակին և հանգամանքներին, չի տեսնում ոչ տխրություն, ոչ ուրախություն: Հնում դա անվանում էին անկախություն բնությունից:
Ցախ հավաքող ձեռքերը մոտեցան սահմանին: Սակայն կրակը շարունակում է բոցավառվել, իսկ դրա սահմանը դեռ չի երևում:

***
Մի անգամ Լաո Ցզին աշակերտների անցնում էր լեռան ստորոտով: Ինչ-որ կին աղիողորմ արտասվում էր գերեզմանի վրա: Հարգալից խոնարհվելով` Լաո Ցզին լսում էր, թե ինչպես է կինն արտասվում: Հետո նա այդ կնոջ մոտ ուղարկեց աշակերտներից մեկին, որը հարցրեց նրան.
- Դու այնպես ես տառապում, ըստ երևութին՝ սա քո առաջին կորուստը չէ:
- Այո, - պատասխանեց կինը, - Մի քանի տարի առաջ վագրը հոշոտեց իմ սկեսրայրին: Դրանից հետո մահացավ ամուսինս` կրկին վագրի ճիրաններում: Հիմա էլ վագրը որդուս հոշոտեց:
- Ինչո՞ւ չես հեռանում այստեղից, - հարցրեց Լաո Ցզին:
- Այստեղ դաժան իշխանավորներ չկան, - պատասխանեց կինը:
- Հիշեք սա, աշակերտներ, - ասաց Լաո Ցզին, - դաժան իշխանավորները վագրերից սարսափելի են:

***
Անատամը հարցրեց Եղեգնյա Թիկնոցով Ուսուցչին.
- Ուսուցիչ, ի՞նչ է Դաոն:
Եղեգնյա Թիկնոցով Ուսուցիչն ասաց.
- Եթե ուղղես քո մարմինը և սևեռես քո հայացքը մեկին, ապա դու կներդաշնակվես բնության հետ: Եթե հավաքես քո գիտելիքները և սևեռվես մի բանի վրա, ապա իմաստությունը մուտք կգործի քո կացարան, հատկությունները կդառնան քո կատարելությունը և Դաոն կլինի քեզ հետ: Դու կսկսես ուղղակի նայել, նորածին հորթի նման և ամեն ինչի պատճառը չես փնտրի:

***
Աղավնին հանդիպում է բվին և հարցնում.
- Որտեղի՞ց ես գալիս, բու:
Բուն պատասխանում է.
-  Ես ապրում էի արևելքում, իսկ հիմա թռչում եմ արևմուտք:
Այսպես ասելով` բուն սկսում է չարամտորեն ճչալ ու ծիծաղել:
Աղավնին հարցնում է.
- Ինչու՞ ես լքել հայրենի տունդ և թռչում ես օտար երկրներ:
- Որովհետև արևելքում ինձ չեն սիրում, և ասում են, որ զզվելի ձայն ունեմ:
Եվ բուն նորից ճչում է:
- Իզուր ես թողել հայրենի երկիրդ,- ասում է աղավնին:
- Ինչպե՞ս թե,- վրդովվում է բուն,- չէ՞ որ ես քեզ բացատրեցի` արևելքում ինձ ոչ ոք չի սիրում: Ինչո՞ւ ես պետք է մնամ այնտեղ:
- Բու մորաքույր, պետք է փոխես ոչ թե երկիրդ, այլ ձայնդ: Իմացիր, որ ինչպես արևելքում, այնպես էլ արևմուտքում մարդիկ չեն կարող տանել քո չարամիտ ճիչն ու վայրի քրքիջը: Իսկ եթե չես կարող փոխել բնավորությունդ, ապա մինչև վերջ ապրիր սեփական տանդ մեջ:

Տես նաև Վարդան Այգեկցի Առակներ, Մխիթար Գոշ Առակներ և Կարել Չապեկ Առակներ 

Չինական առակներ Չինական առակներ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:35:00 Rating: 5
Технологии Blogger.