
Իր հարյուրամյակին առթիվ
Երբ Ուիլյամ Բլեյքն արտասանեց 19-րդ դարու ամենակարևոր խոսքը,
մարդ չեղավ նրան լսելու համար: Հազվագյուտ բարեկամներն էլ չհասկացան: Իր մահից 36 տարի
հետո միայն նրա մեծության առաջին գյուտը արին, և մի շարք բանաստեղծներ – Ռոսետտին,
Սվինբուրնը, Յեյթսը, Սայմոնսը մոտեցան նրա երկերին սրտադող երկրպագությամբ և հուզմունքով:
Ու ահա Բլեյքի համբավը քանի գնում՝ մեծանում է: Նա այլևս
խրթին այն տեսլապաշտը չէ, որի երգերի առջև իմաստակ փարիսեցիները ներողամտությամբ ժպտում
էին և «մութ» իր նախադասությունների խորության մեջ կծկվում, այլ մեծ բանաստեղծ, որի
պայծառ, հուժկու և մեծաթռիչք միտքը այլևս պատկանում է համաշխարհային մշակույթի ամենաթանկագին
գանձին, և որի ազդեցությունը նույնքան մեծ է, գուցե ավելի, քան մի Նիցշեի փիլիսոփայությունը:
Ասացի՝ մի Նիցշեի: Բլեյքի «Երկնքի և դժոխքի ամուսնությունը» Նիցշեից շատ առաջ և, ըստ
իս, շատ ավելի խոր կերպով, կանխում է այն փիլիսոփայությունը, որու զորությունը, ներկա
դեպքում՝ հոգեկանը, նախամեծար է համարվում, քան բանականությունը, որովհետև իր արտահայտության
կերպը որոնում է չարից և բարիի դուրս: «Չարիք և բարիք, առաքինություն և մոլորություն
խոսքերի տակ ոչինչ չկա,- ասում է նա: - Այն, ինչ մոլորություն ենք անվանում բնական
աշխարհում, վսեմ մեծություն է հոգեկան աշխարհում»:
Ու բանաստեղծը իր քրիստոնեությունը հիմնում է դեռ ոչ մի աստվածաբանության
մեջ չտեսնված բացարձակ ազատության վրա: Բացարձակ ազատություն՝ իբրև նախապայման արվեստի,
և նաև, իբրև նախապայման կրոնի: Քրիստոնեությունը բարոյականության կաշկանդիչ օրինագիրք
չէ, անհատական և ընկերային կյանքի պարտադրիչ բարոյագիտություն կամ կարգապահություն
չէ, այլ հոգեկան աշխարհի՝ ինչ որ ինքը անվանում է՝ երևակայություն, ազատ ճախրում դեպի
տիեզերական ամբողջական գիտակցությունը:
«Մեղքից ազատագրված քրիստոնյայի հոգին մեծ մասամբ փչացած
է այն ատելությունով, որ նա տածում է դեպի մեղքը: Նայեցեք մեծ քրիստոնյաների դիմանկարները.
դրանք դիմանկարներ են մարդկանց, որոնք սաստիկ ատում են»:
Քրիստոնյան ոչ մի դեպքում չպիտի ատի:
Փոխադարձ ներում ամեն մոլության-
Ահա դուռը արքայության
Նիցշեի համար ներողամտությունը, գթությունը, խղճահարությունը
աններելի թուլություններ են, որոնք չեն փարատում, այլ, ընդհակառակը, սաստկացնում են
կյանքի մեջ տիրող տառապանքը: Բլեյքը ոչ ոքի չի ուզում կաշկանդել և ամեն ինչ ներում
է: Այդ ներողամտությունը, բացատրում է Յեյտսը, աստվածաբանի՝ վերից ստացած հրամանի արդյունք
չէ, այլ բանաստեղծի և արվեստագետի բնական համոզում, որը իր միստիք տեսիլքների բերմամբ
գտնում է, որ «երևակայությունը մարդն իսկ է» և իր արվեստի գործնական որոնումները չի
կարողանում առաջ տանել առանց կատարյալ համակրության, որովհետև առանց դրան՝ չկա կատարյալ
երևակայություն և ուստի՝ կատարյալ կյանք:
Բլեյքը ընդունում է մարդը իր ամբողջությամբ, թերի և լավ կողմերով,
ազատ և անզուսպ: Անկաշկանդ:
Ժուժկալությունը սերմ է նետում ավազի վրա,
Վարդագույն մարմինների և բոցավառ վարսերի վրա,
Բայց ցանկությունը գոհացնում է՝
Կենսարար և գեղեցիկ պտուղներ է զետեղում:
«Ես չեմ ճանաչում ոչ մի քրիստոնեություն, ոչ մի ավետարան,
բացի ազատությունից»: Ազատություն մարմնի և ոգու, կրքերի և մտքի համար, սակայն, պայմանով,
որ մարդկային, ինքն իր մեջ ամփոփված ամբողջ կարողությունը ձգտի երևակայության, այսինքն՝
հոգեկան աշխարհի դրսևորման,- միակ իրական և հավիտենական աշխարհը, որի առջև այդ «բուսական
տիեզերքը» դժգույն մի ստվեր է:
Ու Բլեյքի ամբողջ արվեստը՝ նկարչություն կամ բանաստեղծություն՝
բխում է իր այս հիմնական տրամադրությունից: Ամբողջ իր կյանքը նվիրված է Արվեստին: Անդրերկրյա
աշխարհի հետ խոսելու համար – ինչ-որ իրեն համար միանգամայն իրական և տեսանելի է,- նա
ուրիշ լեզու չունի, քան բանաստեղծությունը, նկարչությունը և երաժշտությունը: Մահվանից
մի քանի բայրկյան առաջ, հոգևարքի մեջ, նա երգում է բոցավառ տողեր՝ նվիրված իր աստվածության
և պարզ խոսքերով նկարագրում է սիրած կնոջ համար անծայրում տեղի ունեցող հանդիպումները:
Իր ժամանակակից լրագրողների համար, որոնք պատահմամբ հիշած
էին իր անունը, Բլեյքը «խեղճ մի խենթ» էր: Իր առաջին հրատարակիչը պարտք էր համարել
հայտարարել «հարգելի ընթերցողներին», որ «պետք է ընդունել, որ նրա խելքը ամբողջովին
բնականոն չէ», և այսօր իսկ գտնվում են մարդիկ, որոնք ճանաչելով հանդերձ նրա հանճարը,
պատրաստ են նրա մտքի հավասարակշռության մասին որոշ վերապահումներ անել:
Արդ, չկա ավելի հստակ, ավելի պայծառ միտք, քան Բլեյքի միտքը:
Ինչպես ամեն մի իսկական տեսանող, նա վերին աստիճան նրբորեն, տարբերում է «բուսական
տիեզերքի» սահմանները, ուր մենք ապրում ենք մարմնապես, և այն աշխարհը, ուր իր հուժկու
երևակայությունը տեսնում է նոր և հարուստ մի իրականություն:
Մինչ Նիցշեի փիլիսոփայությունը իր ջղերի և մարմնական տառապանքների
արդյունքն է, Բլեյքի փիլիսոփայությունը ընթանում է արևի լույսի նման, ներշնչման և տեսողության
բնական ճանապարհով: «Թո՛ղ Աստված մեզ ազատի այն ճշմարտությունից,- ասում է նա,- որը
ապացուցանելու համար հարկ է թվաբանական գործողության դիմել: Նա, որ առաջին տեսքով ճշմարտությունը
չի կարողանում ըմբռնբել, արժանի չէ երբեք նրան ըմբռնելու»:
***
Բլեյքի կյանքը աղքատիկ է, գրեթե թշվառ և զուրկ արտաքին դեպքերից:
Ծնվել է Լոնդոնում 1757-ին: Մանուկ հասակից հաճախում է նկարչական դպրոցը, մասնագիտանում
է փորագրության մեջ ու այլևս մինչև մահ իր հացը վաստակում է դրանով: Իբրև նկարիչ-փորագրող
թողել է բազմաթիվ գործեր, նուրբ, աննյութական գծավորումներ, որոնց մեջ իրար խառնված
երևակայությունը և իրականությունը՝ բախտավոր թռիչքի բնույթ են տալիս:
1780-ից մինչև 90 գրում է իր բանաստեղծությունների լավագույն
մասը՝ «Poetical sketches», «Songs of Innocence» և «Songs of Expierience»: Լուսավոր
և քաղցր բանաստեղծություններ, դյուրըմբռնելի և երաժշտական: Երիտասարդ մի աղջկա լուսավոր
ձայնն է, որ երգում է բնության երփներանգ ճառագայթումի մեջ, իր սերը և հույզը թաթախելով
եղանակների, կանաչ երկրների, հանդարտ և խոր կապույտ լճերի մեջ: Նուրբ և անմիջական բանաստեղծությունների
հատորներ են, ուր տեսիլքը, բախտավոր տեսիլքը, գալիս խառնվում է բնության հմայքին և
անմիջական, բյուրեղյա տողերի մեջ միացնում երկինք և երկիր:
Ու ահա, ավելի ուշ «Մարգարեական գրքերը»: Տասներկու հսկա
պոեմներ, «Երկնքի և դժոխքի ամնուսնությունից» մինչև «Միլտոնը»: Այստեղ Բլեյքը, այլևս
ամբողջովին իր հանճարի տերը, ճախրում է իր երևակայության բոցավառ աշխարհում, բրոնզե
բռունցքներով անծայրի մեջ ճամփա է բաց անում, պատկերների բուրգեր դարսում, նորանոր
աշխարհներ քանդակում, տակն ու վրա անում բոլոր փիլիսոփայությունները, կրոնքը և արվեստը,
ու, բերդերի նման, ամեն կողմ, զետեղում հուժկու խորհրդանշաններ, որոնց պոլիֆոնիկ կառուցվածքի
մեջ մտքի մեծ վարպետները միայն կարող են նավարկել:
«Prophetic Books»-ը պետք է զետեղել համաշխարհային գրականության
գլուխգործոցների շարքը: Այստեղ տարօրինակ կերպով միացած են Հոմերոս, Դանտե, Միլտոն,
Հայտնության գիրքը, Սվեդենբորգ և Միքել Անջելո: Տեսանողի հստակ աչքը մեծ մի քաոսի մեջ
կարողանում է պոկել բարդ պատկերների մի շարան, կանգնել դեմ առ դեմ և խորհրդավոր վերլուծումի
ենթարկել կյանքը և մահը, իրականը և երևակայականը, երկրագունդը և անծայրը: Եվ այդ՝ ի՜նչ
հուժկու թափով, լեզվի ինչպիսի՜ գեղեցկություններով, խորը և ընդհանուր ինչպիսի՜ երաժշտությունով…
Փոթորիկ, ուրագան, հսկաներ, հրեշտակներ, շղթայված օձեր, աստղերի անձրև, լույսերի մրրիկ՝
զգայախաբ, տենդոտ, մոլեռանդորեն հավատացյալ խառնվածքի միջից ծնած և գերմարդկային գիտակցության
ենթարկված:
«Դուք ինձ ասում եք, որ ես խենթ եմ,- գրում էր նա իր հակառակորդներից
մեկին,- իսկ ես ասում եմ, որ դուք տխմար եք»: Իր մահվանից հարյուր տարի հետո այսօր
Անգլիան տոնում էր իր մեծ բանաստեղծի հիշատակը: Բայց նա, որ իր ամբողջ կյանքի ընթացքին
միայն ծաղր և չարություն տեսած էր, այդ տոներին այլևս պետք չունի:
«Մեռնելուց մի քանի վայրկյան առաջ»,- պատմում են ականատեսները,-
նա հայտնեց, որ գնում է վերջապես այն աշխարհը, որին ամբողջ իր կյանքը բաղձած էր և որ
իրեն զգում է բախտավոր: Վերջին շունչը տալուց առաջ նրա դեմքը գեղեցկացավ, աչքերը փայլեցին,
և նա սկսեց երգել այն բաները, որ տեսնում էր երկնքում: Հետո իր շնչառությունը թուլացավ
ու երեկոյան ժամը 6-ին, տարօրինակորեն հանգիստ,
նա մեռավ»:
Կոստան Զարյան | Ուիլյամ Բլեյք
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
февраля 03, 2017
Rating:
