
«Հորիզոնի» անցյալ օրվա և երեկվա համարներում լույս տեսած
թղթակցությունները Փոքր – Ղարաքիլիսա և Փոքր – Կարնի գյուղերից գալիս են մի անգամ ևս
հիշեցնելու մեր ժողովրդի մեջ վերջերս ծայր առած մի չարիքի մասին, որ հետզհետե սպառնալից
չափեր է ընդունում. Դա հայ գյուղացիության արտագաղթն է դեպի Ամերիկա:
Արտագաղթը նոր երևույթ չէ մեր անդրկովկասյան գյուղացիության
համար: Նրա նշանները մենք տեսնում ենք դեռ անցյալ դարու 70-ական թվականներին, իսկ
80-ական թվականներից սկսած, երբ Բագվում, Թիֆլիզում և անդրկովկասյան այլ կենտրոններում
սկսվում է տնտեսական կյանքի շարժում՝ նա խիստ լայն չափեր է ընդունում: Ներկայումս,
կարելի է ասել, մեր գյուղերում ընտանիք չկա, որ մի կամ մի քանի ներկայացուցիչ չունենա
որևէ քաղաքում, էլ չենք խոսում ամբողջ ընտանիքներով գաղթածների մասին:
Գաղթականական այս հոսանքի ամենագլխավոր պատճառները անկասկած
տնտեսական են:
Այն հողը, որ տասնյակ տարիներ առաջ հատկացված է եղել մեր
գյուղացիությանը՝ ներկայումս ի նկատի ունենալով ժողովրդի աճումը, չափազանց անբավարար
է նրա կարիքներին բավարարություն տալու համար: Հողի պակասությունը ավելի ևս զգալի է
դառնում, երբ ի նկատի ենք ունենում, որ մեր գյուղացու հողագործությունը ներկայումս
գրեթե նույն նահապետական ձևով է առաջ տարվում, ինչ-որ տասնյակ և մինչև անգամ հարյուրավոր
տարիներ առաջ:
Սակայն և այնպես պետք է նկատենք, որ մեր գյուղացու տրամարդրության
տակ գտնված հողն այնքան քիչ է, որ ինտենսիվ երկրագործությունը կարող է միայն որոշ չափով
մեղմել սակավահողության չարիքը, բայց վերացնել չի կարող: Այսպիսի պայմաններում հասկանալի
է, իհարկե, որ հայ գյուղացին պետք է ստիպված լինի թողնել իր օջախը և դիմել այնտեղ,
ուր նրա աշխատանքը գործադրություն է գտնում և արժեքավորվում:
Տնտեսական պատճառի հետ միասին, թեև նրանից ավելի պակաս ուժով,
գաղթականության դրդում են հայ գյուղացիներին և քաղաքական ու սոցիալական պատճառները:
Տգետ պաշտոնյաների կամայականություններն ու կոպտությունները մի կողմից, զանազան բեկերի
ոտնձգությունները երկրորդ կողմից և գյուղական կուլակների դավերը երրորդ կողմից ստեղծում
են գյուղում մի անտանելի մթնոլորտ, որի մեջ իր իրավունքները պաշտպանելու անկարող, բայց
և սողալու սովորություն չունեցող մարդը դժվարությամբ կարող է ապրել: Իսկ այստեղից հասկանալի
է, որ նա առաջին իսկ հնարավորության դեպքում պետք է թողնի այդ մթնոլորտը և օտարության
մեջ հանգիստ կյանք փնտրի:
Վերոհիշյալ տնտեսական-սոցիալական-քաղաքական պատճառներից առաջացած
գաղթականության առաջն առնելու համար դիմել քարոզների և հորդորների՝ անմտություն կլիներ,
իհարկե: Այսպիսի գաղթականության դեմ կռվելու համար պետք է չեզոքացնել նրա իրական պատճառները,
այսինքն պետք է աշխատել մի կողմից՝ ընդլայնել գյուղացու հողը, ինտենսիվ դարձնել նրա
տնտեսությունը, ինքնօգնության ընկերակցությունների միջոցով ազատել նրա վաշխառուների
և զանազան գյուղական տզրուկների ճիրաններից և մյուս կողմից՝ զարգացնել նրա իրավազգացողությունը,
որպեսզի նա կարողանա դիմագրավել վարչական ապօրինություններին, բեգական ոտնձգություններին
և գյուղական կուլակների մեքենայություններին:
Սակայն այն գաղթականությունը, որ դեպի Ամերիկա է ծայր տալիս,
արդյունք է ոչ միայն վերոհիշյալ տնտեսական և սոցիալ քաղաքական պատճառների, այլև այն
տգիտության, որ ունի մեր գյուղացին Ամերիկայի կենսական և հասարակական պայմանների մասին:
Ամերիկայում, շնորհիվ մեքենական արդյունաբերության զարգացման,
աշխատանքը այնքան պարզ մասերի է բաժանվել, որ վարժված բանվորների կարիքն այստեղ գրեթե
այլևս չէ զգացվում: Շնորհիվ այդ աշխատանքի բաժանման և կազմակերպության, կիսապուշ ներգրերն
էլ այնտեղ կարողանում են ամենաբարդ և ամենանուրբ ապրանքներն արտադրել:
Այսպիսի հանգամանքներում ամերիկացի արդյունաբերողի համար
խիստ ձեռնտու է փոխանակ տեղական կրթված բանվորների՝ բանացնել ներգրեր, չինացիներ, հնդկացիներ,
թյուրքեր, հայեր և այլն, որովհետև վերջիններս չունենալով այն կուլտուրական պահանջները,
ինչ որ ունեն առաջինները՝ նրանցից շատ ավելի աժան գնով են աշխատում: Բայց այդ աժան
գինն էլ մեր տեղական աշխատավարձի համեմատությամբ շատ մեծ է երևում. հայ գեղջուկը, որ
իր գյուղում օրական 30-50 կոպ. աշխատավարձից ավելին չի տեսել, հանկարծ հրավեր է ստանում
օրական 2, 3 մինչև անգամ չորս րուբլիով աշխատելու: Հասկանալի չէ՞, որ այդ գների անունը
լսելիս նրա ախորժակը բացվում է և նա հափշտակվում է Ամերիկա գաղթելու մտքով:
Այս հափշտակությունը չէր լինի, եթե, ինչպես ասացինք, գաղթելու
պատրաստակամ մեր գյուղացիները տեղյակ լինեին այն աշխատանքի պայմաններին, որոնց տակ
նրանք ստիպված են լինելու ճկել իրենց մեջքը խոստացած հրապուրիչ վարձի փոխարեն:
Այն մեքենական արդյունաբերությունը, որ աշխատանքը այնքան
պարզ մասերի է վերածել, միաժամանակ այնպիսի լարման է հասցրել մարդկային մկանների գործունեությունը,
որ ամերիկացի բանվորը օրական ութ ժամից պակաս չաշխատելով հանդերձ՝ 35 տարեկան հասակից
դենը արդեն աշխատանքի համար անպետք է նկատվում: Դանդաղ աշխատանքի սովոր հայ գյուղացին
այդպիսի լարված աշխատանքի հազիվ 4-5 տարի կարող է դիմանալ, որից հետո նա իբրև անդամալույծ
պետք է վտարվի գործարաններից:
Սակայն չարիքը դրանով չի սահմանափակվում: Օտար բանվորներին
սովորաբար աշխատանք են տալիս այնպիսի վայրերում և այնպիսի գործերի մեջ, որոնք սպանիչ
ներգործություն ունին մարդկային օրգանիզմի համար: Այդպիսի տեղերում Ամերիկայի բանվոր
աշխատեցնելը ձեռնտու չէ ոչ միայն նրա պահանջած բարձր աշխատավարձի, այլև այն պատճառով,
որ ամերիկական մահացությունը թանկ է նստում արդյունաբերողի վրա, որովհետև նա ստիպված
է որոշ հատուցումն տալ մեռնողի մերձավորներին: Մինչդեռ օտար բանվորի մահը այդպիսի դժվարություններ
չէ պատճառում նրան. ո՞վ է օտար որբերի, նրա վշտակարոտ ծնողների մասին մտածողը:
Վերջապես ի՞նչ է ներկայացնում Ամերիկայում այն աշխատավարձը,
որով այնքան հրապուրվում է մեր գյուղացին: Կյանքն Ամերիկայում այնքան թանկ է, որ աշխատավարձի
կեսը, իսկ շատ դեպքերում երեք քառորդը, հազիվ բավականացնի նրա ապրուստի համար: Այնպես
որ, վերջին հաշվով, մեր գյուղացուն առաջարկվող աշխատավարձը այն չէ լինելու, ինչ որ
թվում է նրան այստեղ:
Այս հարևանցի դիտողություններն էլ բավական են համոզելու,
որ Ամերիկան այն դրախտը չէ, ինչ որ երևակայում է հայ գյուղացին, իսկ եթե սրա վրա ավելացնենք
լեզվի անգիտությունը, երկրի օտարությունը, զանազան խաբեբաներից պաշտպանվելու անկարողությունը
և այլն, կտեսնենք, որ այդ երևակայական դրախտը մի իսկական դժոխք է լինելու նրա համար:
Մենք կարծում ենք, որ մեր գյուղական ազգաբնակչությանը պարզելով
այս հանգամանքները, կարելի կլինի հակազդել ամերիկական հրապույրներին և այս տնաքանդ
գաղթականության առաջն որոշ չափով գոնե առնել: Եվ մեր գյուղական ինտելիգենցիան չպետք
է թերանա իր պարտքը կատարելու: Հրապարակական դասախոսությունների, մասնավոր զրույցների
և համապատասխան ընթերցանության միջոցով նա պետք է ցրե այս «ամերիկական դրախտի» իլյուզիան
մինչ այն աստիճան, որ մեր գյուղացին գերադասեր իր «ծանոթ հավերին» հանդուրժել նորից,
քան թռչել դեպ նոր և անհայտ ցավեր:
1913 թ.
Տես նաև Ալբերտ Կոստանյան Առաջին հանրապետության դասերը և
Գարեգին Նժդեհ Մտքեր
Նիկոլ Աղբալյան | Արտագաղթը դեպի Ամերիկա
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
февраля 04, 2017
Rating:
