Մատիսին հարցեր է տալիս Ապոլիները



Ահա երկյուղած մի էսսե նկարչի մասին, որի մեջ, ինձ թվում է, զուգորդված են Ֆրանսիայի ամենանքուշ հատկությունները. Նրա պարզության ուժը և նրա լույսերի մեղմությունը:

Գեղանկարչությունը կապ չունի գրականության հետ, և ես աշխատել եմ այդ ուղղությամբ որևէ խառնաշփոթություն չմտցնել: Եթե մատիսի համար պլաստիկ արտահայությունը նպատակ է, բանաստեղծի համար քնարական արտահայտությունն է նպատակ:
Երբ մոտենում էի Ձեզ, Մատիս, և ամբոխը ծիծաղում էր Ձեր կտավների առաջ, Դուք ժպտում էիք:
Մարդիկ հրեշ էին տեսնում, մինչդեռ հրաշք էր իրենց առջև:
Ես Ձեզ հարցեր էի տալիս, և Ձեր պատասխանները բացատրում էին Ձեր բանական արվեստի հավասարակշռության պատճառները:
«Ես աշխատել եմ, ասացիք, որպեսզի հարստացնեմ ուղեղս, բավարարելով նրա զանազան հետաքրքրությունները, չգնելով հասու լինել կերպարվեստի հին ու նոր վարպետների տարբեր մտածելակերպին: Այդ աշխատանքը շոշափելի եղավ, որովհետև ես փորձում էի միաժամանակ հասկանալ նրանց տեխնիկան:»
Այնուհետև բաժակս ռանսիո լցնելով, որ բերել էիք Կոլլիուրից, պատմեցիք անհատականության որոնման Ձեր վտանգավոր ճամփորդության հանկարծական փոփոխությունների մասին: Այդ ճամփորդությունը գիտելիքից դեպի գիտակցություն է տանում, այսինքն՝ կատարյալ մոռացության այն ամենի, ինչը լի է եղել Ձեր մեջ: Ինչպիսի՜ դժվարություն: Չափի զգացումն ու ճաշակը այստեղ միակ ուղեկիցներն էին, որոնք կարող էին ճամփից մեկընդմիշտ վերացնել այն ամենը, ինչ այլևս պետք չէր: Բնազդն այլևս չէր օգնում, մոլորվել էր, հարկավոր էր գտնել:
«Այնուհետև, ասացիք, ես ինձ վերագտա՝ դիտելով իմ առաջին ստեղծագործությունները: Նրանք հազվադեպ են խաբում: Իմ այդ ստեղծագործություններում ես տեսա միանման ինչ-որ բան. սկզբում դա համարեցի կրկնություն, որ միապաղաղություն է մտցնում կտավներիս մեջ: Բայց դա իմ անհատականության դրսևորումն էր, միշտ միևնույնը, ինչպես էլ լինեին իմ ապրած տարբեր հոգեվիճակները:»
Բնազդը նորից գտնվել էր: Վերջապես Ձեր մարդկային գիտակցությունը ենթարկում էիք բնության անգիտակցականությանը: Եվ դա եղավ ճիշտ ժամանակին:
Ինչպիսի՜ պատկեր նկարչի համար. աստվածները ամենազոր, ամենագետ, և ենթակա ճակատագրին:
Դուք ինձ ասել եք. «Աշխատել եմ զարգացնել իմ անհատականությունը՝ հույս դնելով հատկապես բնազդիս վրա, հաճախ վերադառնալով նախահիմքերին: Երբ աշխատանքիս ընթացքում դժվարությունների եմ հանդիպում, ինձ ասում եմ՝ ես ունեմ ներկեր, կտավ և պետք է արտահայտվեմ հստակ, թեկուզ հակիրճ՝ դնելով, օրինակ, չորս-հինգ գունաշերտ և քաշելով չորս-հինգ պլաստիկ գիծ»:
Ձեզ, իմ սիրելի Մատիս, շատ են քննադատել այդ հակիրճ արտահայտության համար, առանց մտածելու, որ դուք այդպիսով կատարել եք ամենադժվար աշխատանքներից մեկը, Ձեր նկարներին տալով պլաստիկական կյանք՝ առանց առարկայի կամ առարկան օգտագործելով զգացողություններ արթնացնելու համար:
Ձեր աշխատանքների արտահայտչականությունը նախ և առաջ բխում է գույների ու գծերի համադրությունից: Գեղանկարչի արվեստը հենց այդ է, ոչ թե առարկայի պարզ վերարտադրություն, ինչպես դեռևս կարծում են որոշ մակերեսահայաց մարդիկ:
Անրի Մատիսը զարգացնում է իր սկզբունքները, նկարները կառուցում է գույների ու գծերի միջոցով, մինչև որ իր համադրություններին կյանք հաղորդողի, մինչև որ դրանք դառնան տրամաբանական և կազմեն կուռ կոմպոզիցիա, որից հնարավոր չլինի հանել ոչ մի գույն ու գիծ, այլապես կխախտվի ամբողջությունը՝ վերածվելով մի քանի պլաստիկ գծերի ու գույների:
Կարգավորել քաոսը,- ահա՛ ստեղծագործության դերը: Եվ եթե նկարչի նպատակը ստեղծագործելն է, հարկավոր է կարգուկանոն, որի չափանիշը կլինի բնազդը:
Ու այդպես է աշխատում, նրան չի կարող վնասել ուրիշ անհատականության ազդեցությունը: Նրա համոզմունքները խորն են և բխում են անկեղծությունից, իսկ եթե կասկածներ ունենա, ավելի կսրվի նրա հետաքրքրությունը:
«Երբեք չեմ խուսափել ուրիշների ազդեցությունից,- ասաց Մատիսը,- ես դա կհամարեի վախկոտություն և ինքս իմ նկատմամբ անկեղծ չէի լինի: Կարծում եմ, որ նկարչի անհատականությունը զարգանում, հաստատվում է շնորհիվ այն պայքարի, որ նա պիտի տանի ուրիշ անհատականությունների դեմ: Եթե գոտեմարտը ճակատագրական լինի և ինքը պարտվի, ուրեմն այդպիսին է իր բախտը»:
Հետևաբար բոլոր պլաստիկ ոճերը, եգիպտացիների մեհենական գրությունները, նրբագեղ հույներ, հեշտասեր կամբոջացիների, հին պերուացիների ստեղծագործությունները, աֆրիկյան ներգրերի արձանիկները, ըստ իրենց ներշնչած կրքերի, կարող են նկարչին օգնել զարգացնելու սեփական անհատականությունը: Անդադար իր արվեստը հակադրելով նկարչական այլ սկզբունքների և իր միտքը չփակելով կերպարվեստին մոտիկ արվեստների դեմ՝ Մատիսն այդպիսիով (թեև նրա անհատականությունն այնքան հարուստ էր, որ կարող էր զարգանալ նաև մեկուսի) ձեռք բերեց այն մեծությունն ու հպարտ ինքնավստահությունը, որով և աչքի է ընկնում:
Բայց ձգտելով ծանոթանալ մարդկային բոլոր ցեղերի նկարչական ժառանգությանը՝ Մատիսը ամենից առաջ մնում է եվրոպական գեղեցկությա  երկրպագու:
Մեր եվրոպական հայրենիքը ձգվում է Միջերկրականի ջրերով ողողվող այգիներից մինչև հյուսիսային ծովեր: Այստեղ գտնում ենք մեր սիրած սնունդը, իսկ աշխարհի այլ մասերի բուրմունքները կարող են մեզ ծառայել միայն իբրև համեմունք: Ահա, Անրի Մատիսն ուսումնասիրել է Ջոտտոյին, Պիեռո դելլա Ֆրանչեսկային, Սիենայի պրիմիտիվներին, Դուչչոյին, որն այնքան հզոր չէ ծավալների մեջ, որքան հզոր է մտքի խորությամբ: Այնուհետև նա խորհրդածել է Ռեմբրանդտի մասին: Եվ տեղավորվելով գեղանկարչության այս խաչմերուկում՝ դիտել է ինքն իրեն, որպեսզի որոշի այն ճանապարհը, որով պիտի վստահորեն ընթանար իր հաղթական բնազդը: Մենք ականատեսն ենք ոչ ծայրահեղության հասցված մի փորձի, Մատիսի արվեստին հատուկ է ողջախոհությունը: Այդ ողջամտությունը կարող է փոխնիփոխ կրքոտ լինել կամ նուրբ, միևնույն է, արտահայտվում է բավական հստակությամբ: Այս նկարչի բանականությունն արդյունք է նկարչական այլ մտքերի շփումից բխող ճանաչման: Իր արվեստի թարմության համար նա պարտական է բնազդին կամ ինքնաճանաչմանը:
Երբ խոսում ենք բնության մասին, չպետք է մոռանանք, որ մենք նրա մասնիկն ենք և պետք է ինքներս մեզ վերաբերվենք նույնքան հետաքրքրասիրությամբ ու անկեղծությամբ, որքան ծառ, երկինք կամ որևէ գաղափար ուսումնասիրելիս: Քանզի մեր և նմացյալ տիեզերքի միջև գոյություն ունի փոխհարաբերություն, մենք կարող ենք հայտնաբերել այդ և հետո այլևս սահմանն անցնելու փորձ չանել:

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Սոֆի Ավագյան

Տես նաև Ապոլիներ Բանաստեղծություններ

Մատիսին հարցեր է տալիս Ապոլիները Մատիսին հարցեր է տալիս Ապոլիները Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 8:33:00 Rating: 5
Технологии Blogger.