.jpg)
1830 թ. գարնանը մի գիտնական (հավանաբար ինքը Մերիմեն) Կորդովայում
վարձում է ուղևար և մեկնում է որոնելու հին Մունդան, որտեղ տեղի է ունեցել Կեսարի վերջին
հաջող ճակատամարտն Իսպանիայում:
Շոգից պատսպարվում է քարայրում: Նրան է մոտենում գեղեցիկ
երիտասարդ: Միասին ճաշում են և ճանապարհ ընկնում: Գիշերում են գյուղակում: Գիտնականի
քունը չի տանում, նա դուրս է գալիս տնից և տեսնում է ուղևարին, որը պատրաստվում է զգուշացնել
կայազորի պահակին, որ իրենց մոտ է ավազակ Խոսե Նավարրոն: Նրա համար խոստացված է քսան
դուկատ: Գիտնականը զգուշացնում է իր ուղեկցին վտանգի մասին: Նրանք ընկերանում են: Գիտնականը
շարունակում է իր ուսումնասիրությունները Կորդովայի գրադարանում: Երեկոները զբոսնում
է Գվադալկիվիրի ափին:
Մի երեկո նրան մոտենում է մի կին, որի մազերը զարդարված են
հասմիկի ծաղիկներով: Գեղեցիկ է, վայրենի և դյութիչ: Անունը Կարմեն է, գնչուհի է, գիտի
գուշակել: Գիտնականն այցելում է նրա տուն, սակայն գուշակությունն ընդհատվում
է, որովհետև տուն է մտնում թիկնոցով ծածկված մի տղամարդ: Խոսեն է: Գնչուհու հետ անծանոթ
լեզվով հայհոյանքներ փոխանակելուց հետո Խոսեն դուրս է ուղեկցում գիտնականին և ցույց
է տալիս հյուրանոցի ճանապարհը: Գիտնականը հայտաբերում է, որ կորցրել է իր ոսկե ժամացույցը:
Լքում է քաղաքը:
Մի քանի ամիս անց վերադառնում է Կորդովա և իմանում է, որ
ավազակ Խոսե Նավարրոն բանտում է և սպասում է մահապատժի: Հետաքրքրությունը ստիպում է
գիտնականին լսել Խոսեի պատմությունը: Սա պատմում է, որ բասկ է: Ծնվել է Էլիսոնդոյում
և պատկանում է հին ազնվական տոհմի: Արնոտ կռվից հետո հեռանում է հարազատ գյուղից և
ծառայության է անցնում հեծելազորում: Դառնում է բրիգադիր, բայց մի օր նրան պահակ են
նշանակում Սևիլիայի ծխախոտի ֆաբրիկայում: Այդ ուրբաթ նա առաջին անգամ տեսնում է Կարմենին:
Մյուս աղջիկների հետ սա գնում է աշխատանքի: Երկու ժամ հետո զինվորականներին կանչում
են ֆաբրիկայում արնոտ կռիվը կասեցնելու համար: Խոսեն պիտի բանտ ուղեկցի Կարմենին, որը
դանակով այլանդակել է աշխատակցուհիներից մեկի դեմքը: Ճանապարհին Կարմենը Խոսեին պատմում
է, որ ինքը նույնպես բասկերի երկրից է: Սևիլիայում մենակ է, և նրան հալածում են որպես
օտարի, ահա ինչու ձեռքն է վերցրել դանակը: Ստում է, ինչպես որ ստել է ամբողջ կյանքում,
բայց Խոսեն հավատում է նրան և օգնում է փախչել: Նրան բանտարկում են: Խցում նա ստանում
է Կարմենի նվերը՝ հացի մեջ դրված սղոց և մեկ ոսկեդրամ: Բայց Խոսեն չի ուզում փախչել. զինվորական պատիվը պահում է նրան: Շարունակում է ծառայել որպես
շարքային:
Մի օր ժամապահ է
իր գնդապետի տան մոտ: Մոտենում է գնչուների կառքը: Նրանց թվում է Կարմենը: Հանդիպում
է նշանակում Խոսեին, և նրանք անցկացնում են հրաշալի օր և գիշեր: Բաժանվելիս Կարմենն
ասում է. «Մենք միմյանց նկատմամբ պարտք չունենք: Ես կարծես թե սիրահարվել եմ քեզ, բայց
գայլը չի կարող յոլա գնալ շան հետ»:
Խոսեն զուր է փորձում
գտնել Կարմենին: Գնչուհին հայտնվում է միայն այն ժամանակ, երբ հարկավոր է լինում մաքսանենգներին
անցկացնել պատի փլվածքի միջով, որը հսկում է Խոսեն: Այսպես Խոսեն ևս մեկ անգամ խախտում
է զինվորական երդումը: Այնուհետև նա սպանում է լեյտենանտին, որին իր մոտ էր բերել Կարմենը:
Դառնում է մաքսանենգ: Որոշ ժամանակ գրեթե երջանիկ է, մինչև որ իրենց ջոկատում է հայտնվում
միաչքանի Գարսիան: Սա Կարմենի ամուսինն է, որին վերջապես հաջողվել է ազատվել բանտից:
Հազվադեպ հանդիպումները պատճառում են Խոսեին ցավ և երջանկություն: Մի օր Կարմենն ասում
է, որ հերթական գործի ժամանակ կարող են ազատվել իր ամուսնուց: Խոսեն նախընտրում է սպանել
մրցակցին ազնիվ մենամարտում և դառնում է Կարմենի ամուսինը, բայց Կարմենը ճնշվում է
նրա կպչուն զգացմունքից: Խոսեն առաջարկում է Կարմենին հեռանալ Ամերիկա, սակայն Կարմենը
ծիծաղում է. «Մենք ստեղծված չենք կաղամբ բուծելու համար»: Որոշ ժամանակ հետ Խոսեն իմանում
է, որ Կարմենը տարված է մատադոր Լուկասով: Նորից առաջարկում է Կարմենին մեկնել Ամերիկա:
Կարմենը պատասխանում է, որ մտադիր է մնալ Իսպանիայում: Ասում է, որ չի սիրում Խոսեին
և չի ուզում նրա հետ ապրել: Հանում է մատից Խոսեի նվիրած մատանին: Ցասման մեջ Խոսեն
երկու անգամ հարվածում է Կարմենին դաշույնով: Թաղում է նրան անտառում և գերեզմանի մեջ
է դնում մատանին և փոքրիկ խաչը:
Նովելի չորրորդ և ամփոփիչ մասում պատմողը կիսվում է իսպանական
գնչուների բարքերից և լեզվից ստացած տպավորություններով: Վերջում բերում է գնչուական թևավոր արտահայտությունը. «Ճանճը
մտնում է խուփ բերանի մեջ»:
Տես նաև Բալզակ Երեսնամյա կինը, Դյումա Սև կակաչ և Հյուգո Իննսուներեքը
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Տես նաև Բալզակ Երեսնամյա կինը, Դյումա Սև կակաչ և Հյուգո Իննսուներեքը
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Պրոսպեր Մերիմե | Կարմեն | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
марта 29, 2015
Rating:
.jpg)