Ֆրանսուա Ռաբլե | Գարգանտյուա և Պանտագրյուել | համառոտ



«Գարգանտյուա և Պանտագրյուել» վեպի համար ազդակ է հանդիսանում 1532 թ. Լիոնում անանուն լույս տեսած «Մեծն հսկա Գարգանտյուայի մասին քրոնիկները»: Այս գրքի հաջողությունը դրդում է Ֆրանսուա Ռաբլեին (1494-1553) օգտագործել միջնադարյան ասպետական վեպերը ծաղրող այս երկի արտաքին ձևը՝ առավել խորը բովանդակություն արտահայտելու համար: Նույն տարում նա որպես հիշյալ վեպի շարունակություն լույս է ընծայում «Մեծն հսկա Գարգանտյուայի որդի փառավոր Պանտագրյուելի՝ դիփսոդների թագավորի սարսռազդու և ահավոր սխրագործությունները»: Գիրքը լույս է տեսնում Ալկոֆրիբաս Նազյո կեղծանվամբ: Գլխավոր հերոս Պանտագրյուելի կողքին հայտնվում է նրա անբաժան ընկերը՝ Պանուրգը: Ծաղրական տարրը գրքում տիրապետող է: Սակայն միաժամանակ նկատելի են նաև հումանիստական միտումները՝ Սորբոնի համալսարանի դոկտորների սխոլաստիկական ուսյալության պարոդիան, ինչպես նաև գրքի տասներեքերորդ գլխում Գարգանտյուայի որդուն ուղղված նամակը, որը գիտությունների ջատագովություն է:
Իր մտահղացման հաջողությամբ ոգեշնչված՝ Ռաբլեն 1534 թ. լույս է ընծայում նաև պատմության սկիզբը, որը կոչված էր փոխարինելու ժողովորդական գրքի նյութը: Այն պատմում է Գարգանտյուայի մասին: Այստեղ Ռաբլեն պահպանել է սկզբնաղբյուրի միայն մի քանի մոտիվներ՝ Գարգանտյուայի և նրա հայր Գրանգուզյոյի հսկայական չափերը, Գարգանտյուայի ուղևորությունը հսկա ձիու վրա և Նոտր Դամի զանգերի առևանգումը: Գարգանտյուայի դաստիարակությունը բացահայտում է հին սխոլաստիկական և նոր հումանիստական մեթոդների միջև առկա տարբերությունը: Մագիստրոս Յոնատուս Բրագմարդոյի ճառը, որը նա արտասանում է՝ խնդրելով Գարգանտյուային վերադարձնել զանգերը, սորբոնականների դատարկաբան ճարտասանության հրաշալի պարոդիա է:
«Բարի Պանտագրյուելի գործերի և ասույթների» երրորդ գիրքը լույս է տեսնում մեծ ընդմիջումից հետո 1546 թ.: Այն էականորեն տարբերվում է նախորդ երկու գրքերից: Այստեղ նկարագրվում է Պանտագրյուելի կողմից դիփսոդների (ծարավների) երկրի խաղաղ գաղութացումը: Դրանց հետևում է Պանուրգի ցոփության դրվագը, երբ նա երկու շաբաթում կարողանում է ծախսել առաջիկա երեք տարիների իր եկամուտը: Գործողություններն այսքանով սահմանափակվում են և դրանց հաջորդում են ամեն տեսակ զրույցներ և դատողություններ, որտեղ Ռաբլեն դրսևորում է իր ուսյալությունը: Հարցերի հարցն է Պանուրգի հետևյալ անորոշությունը. նա չգիտի՝ արժե՞ արդյոք ամուսնանալ, թե՞ ոչ: Բանն այն է, որ նա շատ է վախենում եղջյուրներից: Նրան չեն կարողանում օգնել ոչ փիլիսոփաները, ոչ դատավոր Բրիդուան, որը բոլոր հարցերը լուծում է խաղաքարի նետման օգնությամբ: Պանտագրյուելիզմը, որով «լեցուն է» գիրքը, գլխավոր հերոսի կյանքի նկատմամբ հավասարակշռված, անգամ անտարբեր վերաբերմունքն է:   
1548 թ. Ռաբլեն լույս է ընծայում «Պանտագրյուելի» չորրորդ գիրքը: Այստեղ պատմվում է Պանուրգի և իր ընկերների ծովային ուղևորության մասին դեպի Չինաստան, որտեղ ապրում է Աստվածային շշի պատգամախոսը: Միայն սա կարող է վերջնական լուծում տալ Պանուրգին հուզող հարցին: Այս գրքում իրականը և ֆանտաստիկականը միախառնված են: Ռաբլեն մեծ տեղ է տալիս այլաբանությանը: Ճանապարհորդները հերթով այցելում են նախ Պրոկուրացիայի կղզին, որտեղ բնակվում են ամբաստանողներն ու դատասերները, Կարեմպրենան կղզին, որտեղ պահվում է կաթոլիկական ծոմը և դրա հարևան-թշնամի՝ երշիկների կղզին: Այցելում են կալվինականների կղզին և պապամոլների կղզին, որտեղ թագավորում է մեսիր Գաստերը (պարոն Ստամոքսը):
Ռաբլեի մահից տաս տարի անց նրա անվան տակ լույս է տեսնում «Հնչեղ կղզի» վերնագրով գիրքը, իսկ ևս երկու տարի անց՝ «Հինգերորդ գիրքը», որի սկիզբն  է «Հնչեղ կղզին»: Պատմվում է Պանուրգի ճանապարհորդության վերջավորության մասին: Ամենից ուշագրավն է հնչեղ կղզու այցելությունը. այստեղ ճանապարհորդները հանդիպում են վանդակներում պահվող բազմաթիվ թռչունների, որոնք խժռում են աշխարհը՝ կղեարականների, եպիսկոպոսների, աբբաների և այլն: Լինում են թավշամորթ կատուների կղզում. այստեղ ապրում են դատավորները, որոնք սնվում են փոքրիկ երեխաներով: Լինում են Կվինտեսենցիայի թագավորությունում, որտեղ սխոլաստիկայի հետևորդները սնվում են կատեգորիաներով, հասկացություններով, եզրահանգումներով և դատարկախոսությամբ: Վերջապես հասնում են Կախարդական շշի պատգամախոսի մոտ, որը պատասխանի փոխարեն ասում է Պանուրգին «տրինկ», այսինքն՝ «խմիր»: Սա կարելի է հասկանալ տարբեր կերպ, չէ՞ որ պատգամախոսի խոսքը պիտի մեկնաբանվի: Պանուրգի նման բնավորությունները կարող են հասկանալ սա որպես հարբերցողության կոչ, սակայն այլաբանությունը սովորեցնում է, որ հարկ է խմել «իմաստնության աղբյուրից»:

Ռաբլեի գրքի հիմնական ակունքն է ժողովրդական բանահյուսությունը, ինչպես նաև միջնադարյան ֆաբլիոները, «Վարդի վեպը» և Ֆրանսուա Վիյոնի քնարերգությունը: Անցյալի մեծ այրերից Ռաբլեն ամենից շատ գնահատում է Դեմոսթենեսին, Արիստոփանեսին և Էպիկտետոսին: Նրա ազդեցությունը նկատվում է Մոլիերի, Լաֆոնտենի, Լըսաժի, Վոլտերի և Սվիֆթի վրա:    

Ֆրանսուա Ռաբլե | Գարգանտյուա և Պանտագրյուել | համառոտ Ֆրանսուա Ռաբլե | Գարգանտյուա և Պանտագրյուել | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 6:57:00 Rating: 5
Технологии Blogger.