Արթուր Շոպենհաուեր | Աշխարհը որպես կամք և պատկերացում | համառոտ



«Աշխարհը որպես կամք և պատկերացում» աշխատությունը երիտասարդ Արթուր Շոպենհաուերը (1788—1860) իր իսկ ձևակերպմամբ նվիրել է «ճշմարտությանը, որը չի բերում օգուտներ»:
Յուրաքանչյուր կենդանի մտածող էակի համար կա միայն մեկ ճշմարտություն. այն ամենը, որ գոյություն ունի ճանաչողության մեջ, անգամ ողջ աշխարհը, գոյություն ունի սուբյեկտի համար: «Աշխարհն իմ պատկերացումն է»: Ինքնին օբյեկտիվ գոյությունը մտածելի չէ: Այն ամենը, որ օբյեկտիվ է, իր գոյությունը ստանում է սուբյեկտի մեջ, իսկ դա նշանակում է, որ երևութացումը պայմանավորում է սուբյեկտը: Աշխարհն իր երևութացման մեջ հանդես է գալիս որպես պատկերացումների համակցություն, իսկ այդ պատկերացումները պայմանավորված են գիտակցության a priori ձևերով, որպիսիք են՝ ժամանակը, տարածությունը և պատճառականությունը:
Արդեն Կանտն էր տեսնում տարածության և ժամանակի մեջ պատկերացման a priori ձևեր: Տարածական և ժամանակային ընկալումները բանականությամբ կապակցվում են պատճառականության կատեգորիայի միջոցով:
Պատճառականությունը չորս տեսակ է, այն առաջ է գալիս չորս դրսևորումներում: Նախ 1) դա բավարար հիմունքն է, որը կապում է բնական երևույթները:  2) դա բավարար հիմունքն է, որը կարգավորում է եզրահանգումների և դատողությունների ճշմարտացիությունը: 3) Այն կարգավորում է տարածության և ժամանակի մասերի միջև հարաբերությունները՝ կառուցելով թվաբանական և երկրաչափական մեծությունների շղթաներ: 4) Բավարար հիմունքը գործում է մոտիվների և արարքների ոլորտում: Մարդը, որպես երևույթ ենթարկվում է նույն օրենքին, ինչ բոլոր երևույթները: Բայց նա չի կարող դասվել երևույթներին, քանզի կարող է ճանաչել ինքն իրեն նաև որպես ազատ էակ:
Իրականությունը և երազը քիչ են տարբերվում իրարից: Պարզապես երազները պակաս հետևողական են և պատճառականությունը դրանցում լավ չի երևում: Շոպենհաուերը բերում է օրինակներ: Այսպես, Պլատոնն ասում է, որ մարդիկ ապրում են ինչպես երազում: Սոփոկլեսը համեմատում է մարդկանց ուրվականների և ստվերների հետ: Շեքսպիրն ասում է, որ մենք այն նույն նյութից ենք, ինչ մեր երազները: Եթե Կանտի համար երևույթը միակ ճանաչելի իրականությունն է, ապա Շոպենհաուերի համար երևույթը պատրանք է, որը ծածկում է իրերի իրական էությունը: Մարդու մարմինը երևույթն է, այսինքն՝ տեսանելի դարձած էությունը, իսկ այդ տեսանելիի հիմքում կամքն է: Մարմնի միջոցով մեզնից յուրաքանչյուրը հասու է իր ֆենոմենի ներքին էությանը:  Քանի որ այդ էությունը երևութական չէ, այն ենթարկված չէ պատճառականությանը և ազատ է: Կամքը ոչ միայն ազատ է, այլև նպատակազուրկ և իռացիոնալ: Աշխարհի էությունը հենց այս անհագ կամքն է, իսկ կամքի էությունը՝ կոնֆլիկտը, ցավը և տառապանքը: Որքան ավելի հմուտ է ճանաչողությունը, այնքան ավելի ուժեղ է տառապանքը, որքան ավելի խելացի է մարդը, այնքան ավելի անդիմանալի է տառապանքը: Այս ամենը հասկանալի է դարձնում Ֆաուստի գյոթեական ըմբռնումը և այն, թե ինչու հենց Շոպենհաուերից ոգեշնչված Նիցշեի առաջին գրքում («Ողբերգության ծնունդը») առաջին անգամ դրվեց ֆաուստյան տիպի  դիագնոզը: Հանճարը տառապում է բոլորից շատ: Ընդ որում, քանի որ մարդը կամքի կատարյալ օբյեկտիվացում է, նա ամենաանհագ էակն է: Ցանկացած նպատակ պատրանքային է և իրագործված լինելով՝ կորցնում է իր հմայքը, ահա ինչու վերածնվում  է նոր ցանկության մեջ: Հետևելով Կալդերոնին՝ Շոպենհաուրերն ասում է, որ մարդու մեծագույն հանցագործությունը ծնված լինելն է: Կարիքների և ցանկությունների անվերջանալի շղթայից կարելի է ազատվել միայն արվեստի և ասկեզայի օգնությամբ: Իսկապես, էսթետիկական փորձառության մեջ մարդը մոռանում է առարկայի օգտակար կամ անօգուտ լինելը: Արվեստը ցույց է տալիս իրերի հավերժական գաղափարները, որոնց ճանաչման մեջ սուբյեկտը դառնում է իդեալական ճանաչողության հավերժական սուբյեկտ:
Երաժշտությունը բոլոր արվեստներից տարբերվում է նրանով, որ արտահայտում է հենց կամքը, ահա ինչու այն ոչ թե կամքի օբյեկտիվացումն է, այլ ինքը կամքը:
Ասկեզայի ճանապարհը ավելի բարդ է: Մարդը կարող է ճնշել իր մեջ կյանքի կամքը և այդկերպ ճնշել կամքի իռացիոնալ անհագությունը: Ամեն սեր տառապանք է: Հենց տառապանքն է ըստ Շոպենհաուերի էթիկայի հիմքը: Երբ կամքը դառնում է ան-կամություն, մարդն այլևս փրկված է:  

Արթուր Շոպենհաուեր | Աշխարհը որպես կամք և պատկերացում | համառոտ Արթուր Շոպենհաուեր | Աշխարհը որպես կամք և պատկերացում | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 04, 2015 Rating: 5
Технологии Blogger.