
Պետական բարձր նպատակների իրագործման
համար տիրակալն իրավունք ունի օգտագործել ցանկացած միջոց, անգամ նրանք, որ համարվում
են անբարո: Այսպիսի դիրքորոշմամբ Նիկոլո Մաքիավելին (1469-1527) իր «Տիրակալը» տրակատատում
արդարացնում է «փառահեղ վրեժը», «առաքինի դավաճանությունը», ամեն տեսակ դաժանություններ
և բռնություն, եթե դրանք կատարվում են ի շահ պետության:
Մաքիավելիի տեսության մեջ քաղաքական
միտքը առաջին անգամ բացահայտում է իր զարգացման ինքնուրույն հեռանկարները և բաժանում
է իրեն հումանիստական կորպուսի առաջատար գիտակարգերից, ամենից առաջ, իհարկե, էթիկայից
և կրոնից:
Այս կտրուկ շրջադարձը բացատրվում
է մասամբ Ֆլորենցիայում և ընդհանուր առմամբ Իտալիայում ստեղծված նոր քաղաքական իրավիճակով:
Մաքիավելիի մտքի հիմնական կետերը սրանք են. 1. Քաղաքական ռեալիզմ, 2. Տիրակալի առաքինության
նոր ըմբռնում, 3. Վերադարձ սկզբունքներին, որպես պայման քաղաքական կյանքի վերականգնման
և վերանորոգման համար:
Քաղաքական ռեալիզմը ելնում
է «ինչ կա» սկզբունքի արժևորումից: Հեգնելով ուտոպիական տեսությունների հեղինակների
հասցեին, Մաքիավելին գրում է. «Տիրակալը, եթե ցանկանում է պահպանել իշխանությունը,
պիտի ձեռք բերի բարուց ետ կանգնելու կարողություն և ըստ անհրաժեշտության օգտվի այդ
ունակությունից»:
Միապետը կարող է հայտնվել այնպիսի
պայմաններում, որոնք ուղղակի կստիպեն նրան գործել անմարդկային քայլեր: Ընդ որում, ծայրահեղ
չարիքը պահանջում է պայքարի ծայրահեղ միջոցներ և չի հանդուրժում կիսատություն:
Մաքիավելիի դառը դատողությունները
կապված են մարդու հոռետեսական գնահատականի հետ: Ինքնին մարդը ոչ բարի է, ոչ էլ չար,
սակայն հակված է լինել չար: Հետևաբար քաղաքական գործիչը չի կարող հույսը դնել մարդու
լավ կողմերի վրա, ահա ինչու հարկ է պահել ժողովրդին ահի մեջ: Տիրակալը պիտի լինի պաշտամունքի,
բայց միաժամանակ նաև ահի աղբյուր:
Տիրակալի առաքինությունը չի
համընկնում քրիստոնեական առաքինության հետ, կամ այն հասկացության, որը կիրառում էին
Սոկրատեսը, Պլատոնը և Արիստոտելը: Այն ավելի մոտ է սոփեստների առաքինության հասկացությանը:
Դա ուժ, առողջություն, խորամանկություն և էներգիա է:
Այդ առաքինությունը գիտի, թե
ինչպես կարելի է դիմակայել ճակատագրին: Հումանիստների համար ազատության և ճակատագրի
հակադրությունը ուներ կարևոր նշանակություն: Շատերը կարծում են, թե ճակատագիրն է շարժում իրադարձությունները, ահա ինչու անիմաստ է լարվել, հակադրվել դրան: Մաքիավելին փորձում
է հարմարվել այս կարծիքին: Նա լուծում է հարցն այսպես: Մարդկության մի մասը կախված
է ճակատագրից, իսկ մյուս մասը՝ ազատությունից: «Ֆորտունան փոփոխական է, իսկ մարդը համառ
է իր գործողություններում, ահա ինչու, քանի դեռ նրանց միջև համաձայնություն է, մարդը
բարօրության մեջ է, իսկ երբ սկսվում է գժտություն, բարօրությունն ավարտվում է: Ֆորտունան
կին է, և նա, ով ուզում է նրանից գլուխ հանել, պիտի ծեծի և բոթի նրան: Այդպիսիններին
Ֆորտունան հեշտ է տրվում…»:
Եվ այդուհանդերձ Նիկոլո Մաքիավելիի
քաղաքական իդեալը նրա նկարագրած սկզբունքը չէր, քանզի սա ավելի շուտ ժամանակի թելադրանքով
ստեղծված տեսություն էր: Հոգու խորքում նա հանրապետության կողմնակից է: Նկարագրելով
այն՝ Մաքիավելին նորովի է մեկնաբանում առաքինության կոնցեպցիան: Հռոմը երբեք չի դրել
հույսը Ֆորտունայի վրա, քանզի «առաքինությունը կայսրություն կառուցելու գործում ավելի
կարևոր է ճակատագրից»:
Տես նաև Պլատոն Պետություն, Թոմաս Մոր Ուտոպիա և Շառլ Լուի Մոնտեսքյո Պարսկական նամակներ
Նիկոլո Մաքիավելի | Տիրակալը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 25, 2015
Rating:
