Ալեքսանդր Դյումա | Մարգո թագուհի | համառոտ



1572 թ.: Ֆրանսիա: Կաթոլիկ Մարգարիտ դե Վալուային ամուսնացնում են հուգենոտ Հենրիկ Նավարացու հետ: Մարգոն սիրային կապի մեջ է դուքս Հենրիկ դը Գիզի, իսկ Հենրիկ Նավարացին՝ Եկատերինա Մեդիչիի շքախմբի կանանցից մեկի՝ դը Սովի հետ։ Ամուսնական առաջին գիշերը Մարգոյի մոտ է դուքս դը Գիզը: Հետո թագուհուն այցելում է ամուսինը։ Հենրիկն առաջարկում է Մարգոյին իր դաշնակիցը լինել արքունի ինտրիգներում և, ստանալով Մարգոյի համաձայնությունը, հեռանում է։ Գիզը ևս հեռանում է Մարգարիտի մոտից՝ խզելով նրա հետ կապերը։ Ամուսնական առաջին գիշերը Մարգոն անցկացնում է միայնակ, քանի որ թե´ ամուսինը, թե´ սիրեկանը նրանից հեռանում են։
Բողոքական վերնախավը ժամանակն անցկացնում է կաթոլիկական արքունիքում խնջույքների մեջ։ Թագավոր Կառլոս IX-ը ծովակալ դը Կոլինյիին իրեն հայր է համարում։ Թվում է, թե կաթոլիկների և հուգենոտների միջև հաշտությունը վերականգնված է։
Փարիզ է ժամանում բողոքական ազնվական դը Լա Մոլը և իջևանում է «Ուղեցույց աստղ» հյուրանոցում։ Այնտեղ նա հանդիպում է կոմս Հաննիբալ դը Կոկոննասին և ընկերանում է նրա հետ։ Օգոստոսի 22-ին ծովակալի վրա անհաջող մահափորձ է կատարվում, և բողոքականները պահանջում են գտնել և պատժել կրակողին։ Օգոստոսի 24-ին՝ սբ. Բարդուղիմեոսի օրը, ադմիրալ Կոլինյիին այդուհանդերձ սպանում են, որն էլ սկիզբ է դնում հուգենոտների կոտորածին՝ արյունալի Բարդուղիմեոսյան գիշերին։ Արյան ծարավ Կոկոննասը հյուրանոցատիրոջ՝ մետր Լա Յուրիերի հետ փորձում է սպանել Լա Մոլին, որին հաջողվում է փախչել Լուվր։ Կոմսը հասնում է նրա հետևից և հանդիպում նրան Մարգոյի սենյակում։ Վիրավոր հուգենոտը գրկում է թագուհուն և խնդրում փրկել կյանքը։ Դը Կոկոննասը կատաղած փախչում է, իսկ Մարգոն իր մոտ է թաքցնում իրեն սիրահարված Լա Մոլին և բժշկում նրան։ Կոմսը վազում է բողոքական վաշխառուի մոտ, ում փող է պարտք և կռվի է բռնվում նրա որդու հետ։ Կռվին և Հաննիբալի հաղթանակին ականատես է լինում Հանրիետը՝ Նևըրի դքսուհին և Մարգոյի ընկերուհին։ Երբ Կոկոննասը կորցնում է գիտակցությունը, Հանրիետը իր մոտ է պահում նրան։
Որոշ ժամանակ անց ողջ արքունիքը գնում է հիանալու Կոլինյիի դիակով, որտեղ էլ հանդիպում են Կոկոննասն ու Լա Մոլը և պայմանավորվում մենամարտել։ Մենամարտի ժամանակ երկուսն էլ վիրավորվում են, սակայն ավելի ծանր վերքեր է ստանում Հաննիբալը։ Մոռանալով թշնամությունը՝ Լերակ դը Լա Մոլը բժշկից գնում է հրաշք դեղ, որը կարճ ժամանակում բուժում է Կոկոննասին։ Դառնալով թագուհու և դքսուհու սիրեկանները՝ ընկերացած թշնամիները խճճվում են արքունի ինտրիգներում, որոնք հյուսում է Եկատերինա Մեդիչին՝ թագավորի մայրը։ Երբ Լա Մոլը պարֆյումեր Ռընեին պատվիրում է պատրաստել Մարգոյի ասեղը սրտում արձանիկը (այն պիտի խորհրդանշեր Մարգոյի հավերժական սերը), Մեդիչին այնպես է անում, որ նրանց մեղադրեն թագավորի դեմ դավադրության մեջ։ Լա Մոլին և Հաննիբալին գցում են Բաստիլ։ Լա Մոլի ոտքի ոսկորները խոշտանգումներից փշրվում են: Մարգոն և Հանրիետը նրանց համար փախուստ են կազմակերպում, սակայն Լա Մոլը չկարողանալով քայլել՝ խնդրում է Կոկոննասին, որ հանուն իրեն փախչի և փրկվի։ Կոկոննասը, լինելով հավատարիմ ու նվիրված ընկեր, մնում է Լա Մոլի կողքին մինչև մահ։ Երկու ազնվականներն էլ մահապատժի են ենթարկում։ Նվիրված սիրուհիները նրանց թաղում են ինչպես կաթոլիկների։
Կառլոս թագավորի մահից հետո (նրան թունավորում է մայրը՝ Եկատերինա Մեդիչին), գահ է բարձրանում Եկատերինա Մեդիչիի սիրելի որդին՝ Անժուի դուքս Հենրիկ Երրորդը։

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Ալեքսանդր Դյումա | Մարգո թագուհի | համառոտ Ալեքսանդր Դյումա | Մարգո թագուհի | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 24, 2015 Rating: 5
Технологии Blogger.