Ֆրիկ | Տաղեր



Ֆրիկի տաղերը, որոնցից պահպանվել է մոտ հինգ տասնյակ, բաժանվում են երկու խմբի՝ աշխարհիկ և կրոնականխրատական։ Առաջին խմբի տաղերից են բանաստեղծի հռչակավոր «Գանգատը» («Բան ի Ֆրիկ գրքոյն»), ոչ պակաս նշանավոր «Ընդդէմ ֆալաքին», «Վասն թալեհի և բրջի», «Վասն Արղուն Ղանին և Բուղային» և մի քանի այլ տաղեր։ Աշխարհիկ տաղերի հիմնական թեմաներից է հայ ժողովրդի ճակատագիրը։ Որպես քաղաքացի-բանաստեղծ, Ֆրիկը ցավով ու սրտի կսկիծով ողբում է նրանց ծանր վիճակը «անօրենների» ձեռքին.

Որքա՞ն քակեն եկեղեցի,
Քանի՞ շինեն պիղծ մզկիթնի.
Որքա՞ն տանջեն զմեզ յաշխարհի,
Եւ կեղեքեն զկեանս մեր յայտնի...

Ֆրիկի տաղերի մեջ արձագանք է գտնում ընչազուրկ բնակչության անմխիթար վիճակը թաթար բռնապետների իշխանության տակ.

Հիմիկ դըժարեց բաներս,
Որ թաթարն եղաւ թագաւոր,
Զըրկեց զամենայն աշխարհս,
Ու գողերն եդիր մեծավոր։

Ֆրիկն իր աշխարհիկ տաղերում տալիս է ճակատագրի քվեով կառուցված բևեռացված աշխարհի պատկերները:

Մէկին հազար ձի և ջորի,
Մէկին ոչ ուլ մի, ոչ մաքի.
Մէկին հազար դեկան ոսկի,
Մէկին ոչ փող մի պըղնձի.
Մէկին բեհեզ և ծիրանի,
Մէկին բրդէ շալ մի չանկնի.
Մէկին հարամըն յաջողի,
Մէկին հալալն կորուսի.
Մէկն ի զըրկանացն հարստի,
Մէկն յիւրայնոցն աղքատասցի...

Անհավասարության հողի վրա երկու ճամբարների են բաժանվում ոչ միայն մարդկանց խմբերը, այլև առանձին մարդը, քանի որ բախտը և թալեհը կիսում են նրան նաև իր ճակատագրի ներսում։
Ֆրիկի կրոնական-խրատական տաղերից են նրա «Բան ոգեշահ», «Բան պիտանի», «Վասն հոգոյն», «Յիշէ զբան Աւետարանիս», «Վասն ողորմութեան», «Ի վերայ մեծատանն և աղքատ Ղազարին», «Այս է համասփիւռ ծաղիկն» և այլ տաղեր։ Այստեղ Ֆրիկը կրոնական դիտանկյունից քննում է հոգու և մարմնի հակամարտության, իրական և հանդերձյալ աշխարհների, երկնավոր և երկրավոր կյանքի, մահվան և ունայնության, մեղքի և քավության խնդիրները, որտեղ մարդու համար քվեի, բախտի և ճակատագրի աշխարհից վեր խոյանալու հնարավորություն է բացվում ընտրության մեջ:  Չէ՞ որ հոգին գերադասելի է մարմնից, հանդերձյալ կյանքը՝ անցավորից: Հարկ է ուրանալ երկրային կյանքը, պահքով, աղոթքով ու արտասուքով ճնշել մարմինը, օգնել կարիքավորին, հետևել ավետարանական խրատներին

Մէկն ի պապանց պարոնորդի,
Մէկն ի հարանց մուրող լինի.
Մէկին հազար ձի և ջորի,
Մէկին ոչ ուլ մի, ոչ մաքի.
Մէկին հազար դեկան ոսկի,
Մէկին ոչ փող մի պղնձի.
Մէկին հազար հատ մարգարտի,
Մէկին ոչ ուլնիկ մի ապիկի...

Այս տողերը, թեպետ ընդհանուր շատ բան ունեն ժողովրդական այնպիսի առածների հետ, ինչպիսիք են՝ «Որն ունի Նախչվան, որը չունի չարխի չվան», «Որն ունի Շաքի-Շիրվան, որը չունի խեղդվելու չվան», «Որուն կուտա բերդ ու դիվան, որուն չի տար չարուխին չվանն», «Վուրին՝ ավար, վուրին՝ խավար», «Որին կուտաս սելով փետ, որին չես տա ցախ, Աստված», սակայն Ֆրիկի դեպքում բերվող համեմատություններն անցնում են ներքին դրամատիկ մտորման, քնարականացման ճանապարհ:
Ֆրիկը թողել է դրամատիկ սյուժե ունեցող ժողովրդական մի ավանդության չափածո մշակում ևս։ Դա նրա «Տաղ Ֆրկան ասացեալ ի վերայ եղբայրասպանին» բանաստեղծությունն է։ Սրա մի տարբերակը կա ձեռագրերից մեկում և անվանված է «Առակ լաւ և պիտան ի». այստեղ բանաստեղծը խրատում է մարդկանց հեռու մնալ ագահությունից՝ իբրև մեծ չարիքից: Ավանդության բովանդակությունը հետևյալն է։ Երկու ունևոր եղբայրներ են ապրելիս եղել Մսրում։ Մեծ եղբայրը որոշում է մորթել փոքրին, որպեսզի եղած ունեցվածքը մնա իրեն։ Պատի մեջ շարված աղյուսներից մեկը պատմում է իր գլխով անցածները և հորդորում է մեծ եղբորը հեռու մնալ եղբայրասպանությունից։ Պարզվում է, որ խոսող աղյուսը նախկինում եղել է մի մեծ պարոնի մարմինը, որը զանազան արկածների հանդիպելուց հետո դարձել է աղյուսի ատաղձ։
 Ֆրիկը նախընտրություն է տվել հայրեններին (յոթ և ութ վանկանի նույնահանգ, կամ մեջընդմեջ նույնահանգ տողերով):  

Տես նաև Վարդան Այգեկցի Աղվեսագիրք, Մխիթար Գոշ Առակներ և Ներսես Շնորհալի Առակներ

Ֆրիկ | Տաղեր Ֆրիկ | Տաղեր Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 15, 2015 Rating: 5
Технологии Blogger.